Ազգային-ժողովրդավարական բևեռը տեղեկացնում է, որ ձերբակալվել է խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը, ինչպես նաև «Սասնա ծռեր» խմբի անդամներ Մխիթար Ավետիսյանը, Էդվարդ Գրիգորյանը, Սեդրակ Նազարյանը, Արեգ Կյուրեղյանը։ Ըստ Բևեռի հայտարարության՝ ձերբակալություններն իրականացվել են միաժամանակ՝ առավոտյան ժամը 6-ից։
Փաստաբան Արայիկ Պապիկյանը, որը զբաղվում է Վարուժան Ավետիսյանի պաշտպանությամբ փոխանցեց, որ հավանաբար դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ և այն կատարում են։
Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավճիռը հրապարակվել է 2021 թվականի փետրվարին:
Ըստ այդմ՝ դատարանի դատավճռով Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ մահվան հիմքով: Դատական ակտով Պավել Մանուկյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքում եւ դատապարտեց 10 տարի ժամկետով ազատազրկման՝ առանց գույքի բռնագանձման, նշանակված պատիժը հաշվակցելով՝ նրա նկատմամբ պատիժ նշանակվեց 7,8 տարվա ազատազրկումը:
Վարուժան Ավետիսյանը նույնպես մեղավոր ճանաչվեց մեղադրանքներում եւ դատապարտվեց 9 տարի ազատազրկման, վերջնական պատիժը՝ 7,4 տարի:
Դատական ակտով Գագիկ Եղիազարյանի նկատմամբ պատիժ նշանակվեց 9 տարվա ազատազրկումը, սակայն վերջնական պատիժ նշանակվեց 7,5 տարի ազատազրկումը:
Սեդրակ Նազարյանը նույնպես մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքներում եւ դատապարտվեց 10 տարվա ազատազրկման, սակայն պատիժը հաշվակցելով՝ դատարանը վերջնական պատիժ նշանակեց 8,2 տարին:
Արայիայիկ Պապիկյանը, սակայն, նշում է` պաշտպանական կողմը դեռևս վճռաբեկի որոշման մասին տեղեկություն չունի, սակայն ենթադրում է, որ իրենց բողոքները վարույթ չեն ընդունել։ Ըստ նրա` այլապես չէին ձերբակալի խմբի անդամներին։
Արայիկ Պապիկյանը նշեց, որ բողոքարկել են վերաքննիչի` խմբի անդամներին կալանավորելու որոշումը, սակայն, վճռաբեկ դատարանն այն` առայժմ անհասկանալի պատճառներով վարույթ չի ընդունել և այդ մասին պաշտպանական կողմին տեղյակ չի պահել։
Փաստաբանի խոսքով` ԱԺԲ֊ի անդամների գտնվելու վայրն այս պահի անհայտ է։
ԱԺԲ֊ի անդամներին ազատազրկելուն անդրադառնալով Ժիրայր Սեֆլյանը նշում է.
“Սույն գործողության՝ մայիսի 28-ին իրականացնելը ամենեւին պատահականության արդյունք չէ. Սա Հայաստանի գործող վարչախմբի հստակ կրեմլահաճո ուղերձն է իր՝ պատերազմական հանցագործ համարվող մոսկովյան տերերին, առ այն , որ Հայաստանում նույնպես սկսված է «դենացիֆիկացման» գործողությունը, այսինքն իրապես ազգային, ինքնիշխան ուժերի չեզոքացումը:
Ազգային-ժողովրդավարական բեւեռը հավաստիացնում է մեր հայրենակիցներին, որ նման քայլերը նախկինում էլ չեն ազդել, առավել եւս հիմա էլ ( երբ ակնհայտ է կայսերական ֆանտոմային ցավերով ապրող ռուսական գաղութատեր ռեժիմի մոտալուտ վախճանը) չեն ազդելու անկասելի պատմական օբյեկտիվ օրինաչափություն հանդիսացող Հայաստանի ապագաղութացման գործընթացի վերջնական արդյունքի վրա: Այն է՝ Հայաստանի առաջին հանրապետության իրական ինքնիշխանության վերականգնումը”,֊հայտնել է նա։
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: