50 տարեկան Արամ Առաքելյանը կյանքի մեծ մասն անց է կացրել
ազատազրկման վայրում, ինչի ընթացքում առողջական բազմաթիվ խնդիրներ
է ձեռք բերել: Փետրվարի 20-ի գիշերը ցմահ դատապարտյալը ուղեղի կաթված
է ստացել, որից հետո պարզ է դարձել` նրա առաողջական վիճակն այլեւս
անհամատեղելի է բանտային պայմանների հետ:
ՀՀ կառավարության 2006 թվականին ընդունված եւ 2019 թվականին էլ
փոփոխված N 825-Ն որոշմամբ՝ «ուղեղի արյան շրջանառության հեմոռագիկ,
իշեմիկ, կամ խառը սուր խանգարումները» ընդգծված են կալանքի հետ
անհամատեղելի հիվանդությունների ցանկում, սակայն Առաքելյանին չեն
ցանկանում ազատել:
Արամ Առաքելյանը, սակայն, անգամ չի կարողացել ներկայանալ իրեն
պայմանական վաղաժամկետ ազատելու հարցով դատական նիստերին: Երկու
նիստ արդեն բաց է թողել: Երրորդը հունիսի 15-ին է նշանակված, բայց հույս
չունի, որ գոնե այդ նիստին կկարողանա ներկայանալ: «Աստղիկ» ԲԿ-ում
Արամ Առաքելյանին գլխուղեղի վիրահատության են ենթարկել, որը հաջող է
անցել, սակայն կաթվածն անհետեւանք չի անցել: Դեմքի մի հատվածը
քարացել է:
Արդյոք հնարավոր կլինի 30 տարի անց դուրս գալ պատժիչ հաստատության
պատերից, հայտնի չէ, սակայն Առաքելյանը վստահ է` ինքը առանց
դժվարությունների կընտելանա հանրային կյանքին. «Ես չեմ կարող անցյալը
մոռանալ, թե ինչերի միջով եմ, ինչ եմ անցել այս տարիներին: Այնպես չի, որ
ես դրսի կյանքից կտրված եմ, ամեն ինչից տեղյակ եմ: Իսկ այն գիշեր, երբ ես
կաթված ստացա, դրանից ուղիղ մեկ ամիս հետո պետք է այս դեպքի քսանութ
տարին լրանալ: Ես այդ երեկո ինձ այնքան հարցեր էի տալիս, այնքան էի
ամաչում ու տանջվում, որ չգիտեի, թե ուր պախկվել, որ ամոթից չմեռնեմ: Այս
ինչ կատարվել է այն ժամանակ, ես ոչ մի ձեւ չեմ կարողանում դրա
պատասխանները գտնել: Երեսուն տարի անց էլ չեմ գտնում պատասխանը, թե
ինչու պետք է այդ ամենը ինձ հետ տեղի ունենար: Այդ պատճառով էլ իմ
կաթվածը եղավ» :
Ցմահ դատապարտյալը վերջին տարիների ընթացքում սկսել է տարբեր
միջոցառումների մասնակցել, ինչը իրեն հոգեկան որոշ հանգստություն եւ
բավարարվածություն է բերում: «Ստեղծագործական միավորման անդամ եմ
դարձել, ինքնագործ մշակութային միավորման անդամ եմ դարձել,
ցուցահանդեսների եմ մասնակցում, թեեւ վերջին ցուցհանդեսին ես այստեղ
չեմ եղել, հիվանդանոցում եմ եղել, բայց իմ աշխատանքները ցուցադրված են եղել» ,- ասում է Առաքելյանը եւ նշում, որ նաեւ զբաղվում է բարեգործությամբ:
Ամեն ամիս նա գումար է հանգանակում «Հայ» ասոցիացիայի «Հայ Մանուկ» ծրագրին, բացի այդ՝ քարե երկու մեծ արձան է պատրաստել, որը նվիրել է
հիմնադրամին, որպեսզի դրանք հանվեն աճուրդ- վաճառքի եւ ամբողջ
հասույթը փոխանցվի որպես հանգանակություն:
Արամ Առաքելյանը զղջում է խոսում 1993-ին իր հետ տեղի ունեցածի համար և բոլոր 20-ամյա երիտասարդներին խորհուրդ է տալիս
ցանկացած քայլ անելուց առաջ մի լավ մտածել:
«Այդ պահին, եթե ես ինչ-որ մեկի հետ կիսված լինեի, ու ինչ-որ մեկը իմ ձեռքը բռներ, ասեր` Արամ, մի րոպե կանգնի, ապագայի համար մտածի…ոչ թե իմ համար, որ ես սաղ կյանքս այստեղ չանցկացնեի, այլ նրա համար, ինչը որ անվերադարձ է ու չէի
կարողանալու հետ բերել: Եթե այդպես ես մտածեի այն ժամանակ, այս ամենը
չէր լինի»,- ասում է ցմահ ազատազրկման դատապարտված տղամարդը:
Անի Գեւորգյան
Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։