Ազգությամբ ասորի ժամկետային զինծառայող Արսեն Դանիելովը մոր միակ զավակն էր: Ընդամենը երեք ամիս անց նա տուն պետք է վերադառնար, սակայն սկսվեց 44-օրյա պատերազմը:
Մայրը` Գալինա Դանիելովան պատմում է. «Մի քիչ նեղն էինք ապրում: Դպրոցից դուրս եկավ, ես էլ աշխատում էի թռչնաֆաբրիկայում: Ասեցի` Արսեն, չեմ ուզում, որ փողոցներում լինես, հազար ու մի փորձանք կա, արի հետս աշխատելու: Տարա հետս աշխատելու: Քանի տարի այնտեղ աշխատեց, հետո նրան տարան բանակ: Հանգիստ էի, երբ իմացա, որ Իջեւանում է ծառայելու, ոչ թե Արցախում: Բայց չգիտեի, որ այսպես կլինի… երեք ամիս էր մնում, որ տուն գար»:
Պատերազմի օրերին Արսենը զանգահարել է մորը, ասել, թե լավ է, ամեն ինչ կարգին է, շատ չի կարողանում զանգել, քանի որ պատերազմով պայմանավորված իրենց մոտ հոսանքի մատակարարում միշտ չէ, որ կա:
Հոկտեմբերի 18-ին հնչել է նրա վերջին հեռախոսազանգը:
«Միշտ հարցնում էի, ասում էի` Արսեն, լսել ենք, որ բոլոր զինվորներին պետք է պատերազմ տանեն, ասում էր` չէ, մամ ջան, չտխրես, մամ ջան, սիրտդ թող չնեղվի: Պարզվում է` այդ ժամանակ արդեն տանում էին ու ինքը ոչ մի բան չէր ասում: Ինքն էլ հետախույզ է եղել: Էդ էլ չեն ասել ինձ», — պատմում է մայրը:
Մի քանի օր որդուց լուր չստանալուց հետո տիկին Գալինան աշխատավայրում ազատ օր է խնդրել ու բարեկամների հետ մեկնել Իջեւան. «Գնացինք Իջեւանի չաստ: Ասեցին` չորս հարյուր հոգու տարել ենք Արցախ, բոլորը անհայտ կորած են: Ասեցի` ո՞նց կլինի էդպես, ոնց թե կորան, զինվորներին տարել եք պատերազմ, ասեցին` հա, տարել ենք: Երեք ամիս շարունակ ես իմ էրեխուց ոչ մի լուր չեմ ստանում, ոչ մի բան չեն ասում: Ամեն տեղ գնացել եմ, լուր չկար: Անգամ լուսանկարն էի ամեն տեղ տանում, որ ճանաչող գտնեմ, որ գոնե իմանամ տեսել են, ողջ ա, թե զոհված: Հետո խաբար եղավ, ասեցին` քո տղան զոհվել է… ասեցին` ոսկի ատամներ ունի մի քանի հատ, ասեցի` չէ, էրեխես ոսկի ատամ չունի»:
Հետագայում նման թյուրիմացություններից խուսափելու համար ԴՆԹ հետզոտություն է նշանակվել, ու արդեն մեկ ամիս անց դրա միջոցով Արսենի աճյունը գտնվել է:
Մայրը, սակայն, շարունակում է հույս ունենալ, որ կարող է այս անգամ էլ որեւէ սխալմունք եղած լինի եւ մի օր պարզվի, որ Արսենը ողջ է. «Էրեխուս էրեսը փակած են բերել, չեմ հավատում…» :
Ըստ պաշտոնական տվյալների, ասորի զինվորը զոհվել է հոկտեմբերի 19-ին` Մեխակավանում, գլխին ստացած հրազենային վնասվածքի հետեւանքով:
Արսեն Դանիելովի հուղարկավորությանը նրա մի քանի ծառայակիցներ են մասնակցել, ովքեր պատմել են, որ նա զոհվել է` շրջափակման մեջ ընկած ընկերներին օգնության շտապելիս:
Անի Գևորգյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: