Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը գործունեության սկզբից՝ 2017 թվականի հունվարից, առ այսօր հավաքագրել է 68 մլրդ դրամ: Տեղեկությունը forrights.am-ի հետ զրույցում հայտնում է հիմնադրամի տնօրենի պարտականությունները կատարող Տաթևիկ Յաղջյանը:
Նրա փոխանցմամբ՝ այս գումարը ներառում է Հայաստանի ու Արցախի քաղաքացիների պարտադիր վճարներներն ու նվիրաբերությունները: Նվիրատվությունները կազմում են շուրջ 11 մլրդ դրամ:
«Վերջին պատերազմը փոխեց հիմնադրամի պարտավորությունները մեծ ծավալով: Հիմնադրամի շահառուները տասնապատկվեցին: Հիմնադրամի գործունեության օրվանից առ այսօր՝ ներառյալ 44-օրյա պատերազմը, հատուցել ենք 57 մլրդ դրամ»,- ասաց Տաթևիկ Յաղջյանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի օրենսդրական փոփոխություն իրականացվեց, որի համաձայն պարտադիր վճարները 1000 դրամից դարձավ 1500-15,000 հազար դրամ՝ կախված քաղաքացու աշխատավարձի չափից: «Եթե այս մուտքերի աճը չլիներ հիմնադրամը չէր կարող սպասարկել վերջին պատերազմի հետևանքերը»,- շեշտեց տնօրենի պաշտոնակատարը:
Նվիրատվություններն, ըստ Տաթևիկ Յաղջյանի, հիմնականում կատարվում են Հայաստանից և Արցախից՝ մոտ 70 տոկոսը: Իսկ ահա այլ պետություններից մեծ է փոխանցումների հոսքն ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից և Գերմանիայից: Ընդհանուր նվիրատվություններ հիմնադրամը ստանում է մոտ 70 երկրից:
Տաթևիկ Յաղջյանի խոսքով՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո զգալի կրճատվել են Ռուսաստանից իրականացվող փոխանցումները: «Կարող եմ ասել, որ ռադիկալ ձևով են ազդել: Մարդկանց ցանկությունը չի նվազել հանգանակություններ անելու հարցում, բայց կան տեխնիկական հանգամանքներ որոնք թույլ չեն տալիս: Սկսած փոխանցումների համակարգերը, որոնք չեն աշխատում: Ռուբիլով և Ռուսաստանից վճարումները մեզ մոտ գրեթե զրոի են հասել»,- ասաց նա՝ շեշտելով, որ կորուստները մեծ են լինելու:
Անդրադառնալով հարցին Տաթևիկ Յաղջյանը նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո 4319-ով ավելացել է շահառուների թիվը հասնելով 4736-ի: «4319 շահառուները և՛ զոհերի ընտանիքներ են, և՛ անհետ կորած զինծառայողների ընտանիքներ են, ինչպես նաև հաշմանդամության առաջին և երկրորդ կարգ ստացած տղաներն են»,- ասում է հիմնադրամի ղեկավարը:
Տաթևիկ Յաղջյանն ասում է, որ միայն այն ընտանիքները չեն ստացել փոխահատուցումներ, որոնք դիերի նույնականացումից հետո չեն ընդունել ԴՆԹ-ի արդյունքերը և չի իրականացվել հուղարկավորություն, ինչպես նաև այն ընտանիքները, որոնք ֆիզիկապես չեն գտնվում ՀՀ-ում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: