Մեր դիրքորոշումը այն է, որ մեզ փոխանցված ադրբեջանական առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ-ին ներկայացված 5 առաջարկություններին, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Այլ բան է, որ այդ հարցերը ամբողջապես չեն հասցեագրում ՀՀ–Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգը։ Մեր պատասխաններում սկզբունքային ենք համարում ԼՂ հայության իրավունքները և ԼՂ կարգավիճակի հասցեագրումը»,- ասաց Միրզոյանը։
Արարատ Միրզոյանը նշեց, որ այս հենքի վրա պատրաստ են սկսել բանակցությունները Ադրբեջանի հետ։
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր՝ Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։
Իր հերթին Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել էր ՀՀ-ին փոխանցված 5 առաջարկությունները։ Դրանք են՝
- ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,
- պետությունների միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում,
- զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնացող, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիք և ուժ կիրառելուց,ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ գործողություններից,
- սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում
- տրանսպորտի և այլ հաղորդակցությունների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: