Ազգային ժողովը քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյաը նշեց, որ ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքի նպատակը բնակչության առողջության պահպանումն է։ Նախարարի տեղակալն ընդգծեց, որ ծխելու հետևանքով տարեկան 5500 մահ ենք ունենում:
Հելսինկյան Ասոցացիայի նախագահ Նինա Կարապետյանցը կարծում է, որ առաջարկվող լուծումները չեն կարող իրենց նպատակին ծառայել, որովհետև այս իշխանությունները չեն կարող հետևողական լինել իրենց որոշումների մեջ․
«Սա հարցի լուծում չէ․ ինչու՞ փողոցում, բաց վայրերում չի կարելի ծխել։ Սա խնդիր է առաջացնելու նաև տնտեսվարողների համար, որովհետև մարդիկ մեկ բաժակ սուրճ խմելու համար գնում էին բացօթյա տարածքներ, հիմա այլևս նման հնարավորություն չեն ունենալու»,-մեզ հետ զրույցում ասաց նա։
Փաստաբանի կարծիքով միջազգային փորձը ևս չի կարող արդարացնել նման որոշման ընդունմանը, քանի որ կան հատուկ մասնագիտացված սրճարաններ փակ տարածքում ծխողների համար, իսկ բացօթյա տարածքներում արգելված չէ ծխելը․
«Ես չգիտեմ՝ որտեղից այս չարացած, արհամարհական վերաբերունքը ծխողների նկատմամբ։ Ինչքան էլ ընդունելի չի և լավ սովորություն չի, բայց, միևնույն է, ոչ ողջամիտ որոշումների արդյունքում մարդկանց առանձնացնելու, թիրախավորելու նման մի գործողություն է սա»,-ավելացրեց Կարապետանցը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը քննարկման ընթացքում ընդգծեց, որ բացօթյա տարածքներում ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների սահմանափակումը ողջամտության և համաչափության տեսանկյունից խնդիր ունի, նաև միջազգային փորձի տեսանկյունից։
«Մեզանից յուրաքանչյուրը դեմ է ծխելուն, անհրաժեշտ է հակածխախոտային քաղաքականություն, բայց ինչպես ցանկացած միջոցառում, այն իր մեջ պետք է պարունակի որոշակի համաչափություն և ողջամտություն,-ասաց պատգամավորը։
Քնարիկ Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: