Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 1 155,205.8 հազար դրամ հատկացնել՝ ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման և բնակավայրերին աջակցություն տրամադրելու նպատակով: Գումարը կտրամադրվի Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի, և Տավուշի մարզերի 23 սահմանամերձ համայնքների 81 բնակավայրերի բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի և անշարժ գույքի հարկի փոխհատուցման համար:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Խոսքը սահմանամերձ և սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչներին կոմունալ ծախսերի և անշարժ գույքի հարկի գծով որոշակի փոխհատուցում տալու մասին է։ Սանդղակները նախկինում գործել են, հիմա հանգամանքների բերումով շահառուների թիվն ընդլայնվել է, և մենք ուղղակի լրացնում ենք, որպեսզի սահմանամերձ գյուղերում բնակվող մեր հայրենակիցներին աջակցենք կոմունալ ծախսերի գծով, ինչը կարևոր է նաև ընդհանուր այս գնաճային ֆոնի վրա»:
Մարզպետարաններին կհատկացվի 1 մլրդ 435 մլն դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Գործադիրի որոշմամբ ՀՀ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին կհատկացվի 1,435,428.6 հազար դրամ՝ համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացն ապահովելու համար:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ գումարը հատկացվելու է 13 համայնքներում շուրջ 15 սուբվեցիոն ծրագրեր իրականացնելու նպատակով: «Բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզում` 4 մլն, Արարատի մարզում` 42.5, Արմավիրում` 28 մլն, Գեղարքունիքում` 145, Լոռու մարզում` 38, Շիրակում` 23 և Սյունիքի մարզում 1 ծրագիր է, բայց 1 մլրդ 181 մլն դրամ արժողությամբ: Վերջինս վերաբերում է Քաջարանի բազմաբնակարան 25 շենքերի էներգախնայողության բարձրացմանը: Այս խոշոր ծրագրին կառավարությունը մասնակցում է 70 տոկոսով, մնացած 25 տոկոսը հատկացվում է ՄԱԿ–ի զարգացման ծրագրերով, և միայն 5 տոկոսը կտամադրի համայնքը, որի կեսը` 2.5 տոկոսը տրամադրելու է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը` որպես համայնքի հովանավոր»,-ասել է նախարարը:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ծրագրերին, նշել է, կառավարությունն այս որոշմամբ սուբվենցիոն ծրագրերի հերթական ֆինանսավորումն է իրականացնում: Այդ համատեքստում վարչապետն ընդգծել է աշխատանքները որակով կատարելու անհրաժեշտությունը. «Իհարկե, մենք տարբեր մարզպետարանների, տեսչական մարմինների միջոցով որակի վերահսկողություն իրականացնում ենք, բայց, այնուամենայնիվ, երբ մենք կոնկրետ ծրագրերի մասին բարձրաձայնում ենք, դրանով նաև հանրության ուշադրությունն ենք հրավիրում դրանց վրա և հանրային վերահսկողության որոշակի մեխանիզմ ենք գործարկում»:
Մասնավորապես, Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում իրականացվել է փողոցների արտաքին լուսավորության ծրագիր, Արարատի մարզի Վարդաշեն համայնքում ոռոգման ներտնտեսային ցանցը կբարելավվի, Արտաշատում Օգոստոսի 23-ի փողոցի մի շարք շենքերի տանիքներ են հիմնանորոգվել: Մասիս քաղաքում ճանապարհի և մայթերի կառուցման ծրագիր է իրականացվել՝ 42 միլիոն դրամանոց, Գեղարքունիքի մարզում՝ Ծովինար համայնքում, խմելու ջրագծի կառուցում՝ 149 միլիոն դրամի, շինարարությունն ընթացքի մեջ, Գեղարքունիք համայնքում խմելու ջրագծի հիմնանորոգում: Իրականացվել են Ճամբարակ համայնքի Իսահակյան, Վերին Ճամբարակ թաղամասերի, ինչպես նաև Այգուտ բնակավայրի ջրագծերի ներքին և արտաքին ցանցերի կառուցման աշխատանքներ: 90 տոկոսով ավարտվել են Ճամբարակի երկու բազմաբնակարան շենքերի տանիքների և Լոռու մարզի Ախթալա համայնքի Շամլուղ բնակավայրի զբոսայգու վերանորոգման աշխատանքները: Ջրաշեն համայնքում կառուցվել է 20 կիլովատ հզորությամբ եռաֆազ ֆոտոլարային արևային կայան, համայնքի ճանապարհային էներգաարդյունավետ լուսավորության համակարգ, Սարամեջ համայնքում գազիֆիկացման ծրագիր է իրականացվել: Հիմնանորոգվել են Շիրակի մարզի Լուսակերտ համայնքի 6-րդ և 7-րդ փողոցները, Ափի համայնքի Աղվորիք, Բերդաշեն, Զարիշատ, Զորակերտ գյուղական բնակավայրերում կառուցվել է ջրագիծ:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Քաջարան համայնքում՝ էներգաարդյունավետության բարելավմանն ուղղված աշխատանքներին, նշել է, որ այն չափազանց կարևոր ծրագիր է՝ նաև մարդկանց սոցիալական վիճակի բարելավման առումով. «Մենք օգնում ենք, որ քաղաքացին կոմունալ վարձերի գծով խնայողություն ունենա: Մենք պայմանավորվել ենք, որ էներգաարդյունավետության ծրագրերը պետք է մեր ուշադրության կենտրոնում լինեն և որտեղ հնարավոր է, պետք է այդպիսի ծրագրեր իրականացվեն»:
Գնել Սանոյանը տեղեկացրել է նաև, 2022 թվականին երկու-երեք թիրախ է ընտրվել ու վերլուծությունը ցույց է տվել, որ դրանք արդարացված են: Խոսքը մանկապարտեզների կառուցման, խմելու ու ոռոգման համակարգերի, ճանապարհների մասին է. «Ամենաշատը այս երեք ուղղությունների վերաբերյալ են հայտեր ստացվել: Ընդհանուր առմամբ 457 հայտ է՝ 78,2 մլրդ դրամի: Իհարկե, այս թիվը վերջնական չէ»: ՏԿԵ նախարարը նշել է, որ մանկապարտեզների մասով առկա է 173 հայտ, որից 38-ը կառուցման, մնացածը՝ հիմնանորոգման, վերանորոգման և բարեկարգման:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը խնդիր է դրել մինչև 2026 թ.-ը 500 մանկապարտեզ կառուցել. «Հաշվի առնելով այս ծրագիրը, պետական բյուջեով և հիմնադրամներով նորոգվող մանկապարտեզները՝ մինչև 2026 թվականն ակնհայտորեն 500-ից ավելի մանկապարտեզ կկառուցենք: Այսինքն՝ մանկապարտեզների կառուցման նախընտրական խոստումի իրականացումն արդեն դրվում է ռելսերի վրա»: Վարչապետը նշել է նաև, որ հիմնանորոգված դպրոցներում և մանկապարտեզներում պետք է բացառվի օգտագործված գույքերի առկայությունը: «Ծրագրերը քննարկելիս այս բոլոր նրբությունները պետք է հաշվի առնենք: Մենք չպետք է ունենանք հիմնանորոգված դպրոց, մանկապարտեզ, երեխաների հետ կապված որևէ շինություն, որտեղ կլինի օգտագործված որևէ բան: Սա ուղղակի դպրոց չէ, սա ուղղակի մանկապարտեզ չէ, սա պետական ռազմավարական ծրագիր է և այդ ռազմավարական մոտեցումը պետք է ամեն անկյունում երևա: Կարելի է մեկ-երկու միլիոն դրամ ավելի ծախսել և ստանալ լիարժեք, ամբողջական պատկեր»,-ասել է կառավարության ղեկավարը:
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հավելել է, որ այս պահի դրությամբ առկա է շինարարական մրցույթում գտվող 25 դպրոցների և 9 մանկապարտեզների հայտ, նախագծման փուլում՝ 28 դպրոցների և 14 մանկապարտեզների հայտ:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2022 թվականի արդյունքներով պետք է ունենանք 100 նոր դպրոց, այդ թվում՝ այն դպրոցները, որոնց շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին. «Մենք արձանագրում ենք, որ 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրն իրատեսական է և չպիտի որևէ բան խանգարի դրանց լիարժեք իրականացմանը»:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշել է նաև, որ համայնքների խոշորացումը նպաստում է սուբվենցիոն ծրագրերի արդյունավետ իրականացմանը: Օրինակ՝ Նաիրի խոշորացված համայնքում միայն 600 մլն դոլարի ասֆալտապատման ծրագիր է իրականացնում, Հրազդան համայքի մի շարք բնակավայրերում՝ 700 մլն դրամի:
Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրել է, որ խոշորացված համայնքներին առաջիկայում միջինում 300 մլն դրամի լրացուցիչ ֆինանսավորում կհատկացվի՝ քաղաքների համար անհրաժեշտ, հիմնականում տեխնիկայի, գնումներ իրականացնելու համար:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: