Անցած շաբաթ իրավական լրահոսի կենտրոնում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 36-ամյա դատավոր Բորիս Բախշիյանն էր: Երկուշաբթի՝ հունվարի 31-ին հայտնի դարձավ, որ դատախազությունը դիմել է ԲԴԽ՝ Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդություններով, որոնք բավարարվեցին: Բախշիյանի լիազորությունները կասեցվեցին մինչև քննության ավարտը: Իսկ վաղը՝ փետրվարի 7-ին, ժամը 11-ին դատավոր Դավիթ Արղամանյանը, որը 2018 թվականին, Փաշինյանի քայլարշավի թմբուկահարն էր, կհրապարակի դատարանի որոշումը Բորիս Բախշիյանին կալանավորելու վերաբերյալ:
Դատավոր Բախշիյանի փաստաբան Արսեն Սարդարյանը լավատեսորեն է տրամադրված նիստի առումով: «Իրականում սա այն դեպքն է, որ վտանգի տակ է դրվել մեր սահմանադրության հիմնաքարերից մեկը: Ոչ միայն որովհետև արդարամիտ, օբյեկտիվ դատավորի տանում են կալանքի: Բայց եթե այս գործը շարունակվի, մենք Հյուսիսային Կորեային տալիս, անցնում ենք անարդարության առումով: Մենք ուզում ենք լավատես լինել, որ Հյուսիսային Կորեա չենք դառնալու: Առավել ևս, որ դատավորի հարցադրումները, նիստը վարելու ոճը ինձ մոտ հույս է առաջացրել, որ անձը իրականում իր տեղում է: Մյուս կողմից, հաշվի առնելով ԲԴԽ ապօրինությունները, որոնք նախորդել են այս փուլին, չենք կարող լիահույս լինել, որ արդարությունը կհաղթի»:
Ինչո՞ւմ է մեղադրվում դատավոր Բախշիյանը:
Ըստ գլխավոր դատախազության, Բախշիյանը ոմն Ն.Մ-ին ապօրինաբար կալանավորելու որոշում է ընդունել: Խոսքը Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի գործով անցնող ամբաստանյալ Նվեր Մկրտչյանի մասին է, որը մեղադրվում է այն բանի համար, որ, ըստ դատախազության, օժանդակել է մի խումբ անձանց կողմից <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքը խարդախությամբ հափշտակելուն, ինչպես նաև Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն: Նվեր Մկրտչյանին կալանավորելու որոշումը դատարանը կայացրել է երկու ամիս առաջ՝ դեկտեմբերի սկզբին:
Այդ օրը դատավոր Բախշիյանը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի և մյուսների գործով դատական նիստ էր նշանակել: Ամբաստանյալ Նվեր Մկրտչյանը, որը Փարամազյանի դեմ վկայություն էր տվել, նիստին չէր ներկայացել, ինչը դատարանը անհարգելի է համարել, փոխելով Մկրտչյանի խափանման միջոց ստորագրությունը կալանքի: Դատավորի փաստաբանները համարում են, որ ծանր հանցանքի համար մեղադրվող ամբաստանյալի դատական նիստին չներկայանալու համար նրան կալանավորելը միանգամայն օրինական է:
«Դատավորը հնարավորություն չունեն՞ա խափանման միջոցը փոխելու, պատշաճ վարքագիծն ապահովելու: Ոչ միայն սա օրինական է, այլ լայնորեն կիրառվող պրակտիկա է: Դե թող մի ծանր, կամ առանձնապես ծանր հանցանքի մեջ մեղադրվող անձ մի որևէ քննիչի մոտ չներկայանա, միանգամից կալանքի միջնորդություն կտանեն դատարան: Առանց նման խնդրի են տանում: Էդ ո՞նց կլինի, որ դատավորը, տեսնելով, որ անձը նիստի չի ներկայանում, առերևույթ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում դատարանի նկատմամբ, ու որ կան ապացույցներ՝ փաստաբանը գրել է, որ վստահորդը չի գալու, չի կարող կալանք կիրառել: Չ՞է որ սա դատավորի վարույթն է»,- ասում է փաստաբան Արսեն Սարդարյանը:
Նվեր Մկրտչյանի փաստաբանին՝ Յուրա Ավայանին էլ փորձեցինք հարցեր ուղղել, որ նա իր պաշտպանյալի դիրքորոշումը ներկայացնի, սակայն նա հրաժարվեց հարցերի պատասխանել, ասելով, որ դրա ժամանակը չէ: Ի դեպ, երբ Բախշիյանը կալանավայր ուղարկեց Նվեր Մկրտչյանին, վերջինս հրաժարվեց Քաջարանի քաղաքապետի դեմ իր գրած ցուցմունքներից։
Բորիս Բախշիյանն այն դատավորն էր, որը վերջերս կալանքից ազատ է արձակել մի շարք ընդդիմադիր գործիչների, որոնց թվում են խարդախության համար մեղադրվող Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարմազյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը, որին խուլիգանության մեղադրանք է առաջադրված և «Սիսական» ջոկատի հրամանատար, վառ ընդդիմադիր գործիչ, վարչապետի դեմ մահափորձ նախապատրաստելու համար մեղադրվող Աշոտ Մինասյանը, որի խափանման միջոցը փոխարինվեց գրավով հունվարի 26-ին:
Ահա ինչու իրավաբանական հանրույթը, քաղաքական և հանրային տարբեր շրջանակներ համոզված են, որ դատավորի հետապնդումը քաղաքական ենթատեքստ ունի և որ այսկերպ իշխանությունները նրան պատժում են:
Բորիս Բախշիյանը դատավոր է նշանակվել Փաշինյանի իշխանության օրոք՝ 2019 թվականին: Մինչ այդ նա դատախազության 3-րդ կայազորի զինդատախազի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում:
3-րդ կայազորային քննչական վարչությունը սպասարկում է Մարտակերտի զորամասերը։ 2019 թվականին այդ կայազորի կողմից մի շարք աղմկահարույց գործեր են քննվել, որոնց Forrights.am-ը նախկինում անդրադարձել է: Դրանց թվում է երեւանցի զինծառայող Կ․-ի գործը, որին բանակ զորակոչվելու հենց առաջին օրերին սպան ծեծել էր եւ սեռական բռնության ենթարկել: Գործը հարուցվելուց հետո շատ արագ այն շրջեց տուժողի դեմ։ Երրորդ կայազորում է քննվել նաև եզդի զինծառայող Յուրիկ Բրոյանի գործը, որը հոգեկան խնդիրներ ուներ և որին Մարտակերտի զորամասում «կամբատը» դաժան ծեծի է ենթարկել: Քրեական գործ հարուցվեց, որը ձեւական եւ երկարուձիգ քննությունից հետո փակվեց:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: