Արդեն 2 օր է, ինչ համացանցում ակտիվ շրջանառվում է Կապանի զորամասերից մեկում տեղի ունեցած սկանդալային դեպքը:
Ըստ մամուլում տարածված լուրերի՝ եզդի նորակոչիկին ստիպել են մաքրել զուգարանը, դաժան ծեծի ենթարկել և զրկել հացից, և նա, գտնվելով այդ ճնշումների տակ, փախուստի է դիմել զորամասից։
Նորակոչիկի տատիկը՝ Ռոզա Ֆերոյանի լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ մի քանի ժամ առաջ իր թոռը կապի է դուրս եկել ընտանիքի անդամների հետ և հայտնել, թե որտեղ է գտնվում և նշել, որ շուտով կգա Երևան՝ հանձնվելու:
« Վլեն միայն մեկ բան ասաց, որ այդ զորամասում ոչ մի դեպքում զինծառայությունը չի շարունակի, յուրաքանչյուր զորամաս կգնա, բացի Կապանի զորամասից»,- մանրամասնել է նորակոչիկի տատը։
«Կարանտինի կամբատն է եղել՝ Արմեն Ավագյանը։ Իրա զորամասի հրամանատարը՝ Ցոլակ Խաչատրյանն էլ է իրան կանչել, ասել է, քեզի հրաման են տվել դու պիտի կատարես, եթե չկատարես, ես ինքս ամբողջ զորքին ոտքի կհանեմ ու դու պիտի ամբողջ զորքի դեմը ավել անես, զուգարանը մաքրես»,- երեկ լրատվամիջոցների հետ զրույցում պատմել են զինծառայողների հարազատները։
Հիշեցնենք, որ երեկ ժամկետային զինծառայող Վլե Ֆերոյանի հարազատները ահազանգել են լրատվամիջոցներին և հայտնել, որ բանակ զորակոչված իրենց ազգականին դաժան ծեծի են ենթարկել, ստիպել մաքրել զուգարանները։
Մասնավորապես հունվարի 31-ին բանակ զորակոչված Վլե Ֆերոյանին (ազգությամբ եզդի) զորամասի հրամանատական կազմը նսեմացրել և ծեծի է ենթարկել, որից հետո զինվորը դիմել է փախուստի։
Այսօր՝ փետրվարի 3-ին, այս դեպքին անդրադարձ էր կատարել նաև ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ նշելով, որ զորամասն ինքնակամ լքած զինվորի դեպքի մասով սկսվել է քննություն, որի շրջանակներում գնահատական կտրվի նաև այն հանգամանքին, թե ինչն է պատճառ հանդիսացել զորամասն ինքնակամ թողնելու:
Դեպքին անդրադարձել էր նաև ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ Նա նշել է, որ նման դեպքերը բանակում անթույլատրելի են և պետք է իսպառ վերացվեն:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: