«Եղբայրս ծնող դարձավ, բայց իր որդու բերանից էդպես էլ «հայրիկ» բառը չլսեց, չհասկացավ՝ հայր լինելն ինչ ա․ որդին մեկ տարեկան չորս ամսեկան էր, որ գնաց պատերազմ»։
Գարիկ Բարսեղյան
Եղբայրս նվիրված էր, չխոսկան։ Ծառայել ա Մատաղիսի Եղնիկներում 2001-2003 թվականներին։ Պատերազմի հենց առաջին օրվանից թողնելով իր միակ ժառանգին՝ նվիրվեց հայրենիքի պաշտպանությանը, բայց էսօր ոչ մեկ չի ուզում հիշի դա։
Պատերազմն սկսվեց
Սեպտեմբերի 27-ին ես ու եղբայրս ծանուցագիր ստացանք, մեկնեցինք հավաքակայան։ Եղբորս միանգամից տարան, իսկ ինձ թողեցին «ռեզերվում», մի քանի օր ուսումնական վարժանքներ անցան, որից հետո տարան Ջաբրայիլ։ Էնտեղ մնացին 15 օր, հետո իրանց իջացրին հանգստանալու։ Ասում էին՝ «մենք էստեղից գնացել ենք ինքնաձիգներով, իսկ Ադրբեջանը պատերազմ մղել ա անօդաչու սարքերով․ ոչ մի ադրբեջանական զորք չենք տեսել», բայց ունեցել են բազմաթիվ կորուստներ ԱԹՍ-ի հարվածներից։
Իրանց առանց «կասկի» ու «բռոնի ժիլետի» էին տարել Ջաբրայիլ ու մինչև վերջ էլ էդպես պահել էին, բայց մարտական գործողություն կատարելու ընթացքում դա պարտադիր ա։
Նոյեմբերի 26-ին
Երկրորդ անգամ տարան նոյեմբերի 26-ին՝ ասելով, որ տանում են Լաչին՝ ռուս խաղաղապահների մոտ ծառայություն կատարելու համար։ Հասնում են Լաչին, հաջորդ օրը լուսաբացին տեղափոխում են, բայց մինչ դա ինձ զանգում ա, ասում, որ կարող ա տեղափոխեն․ թե ո՞ւր, չգիտեն։ «Եթե կապ չտամ, չանհանգստանաք»։ Մի քանի օր հետո զանգում ա, իմանում ենք՝ Հադրութում են։
-Ո՞նց Հադրութում եք։ Ախր Հադրութը տված ա, ինչի՞ են տարել էնտեղ։
— Երկու գյուղ կա, որ հայկական պաշտպանության տակ ա, պիտի պահենք։
Հին Թաղեր, Խծաբերդի մասին էր խոսքը, բայց ինքն անգամ անունները չէր հիշում, տեղեկացված էլ չէր, որ հաստատ իմանար՝ ուր ա։ Դրանից հետո մի քանի օր կապ չունեցանք, հետո զանգեց, ասեց՝ «խախանդ» ա, նորմալ ծառայություն ա, հենակետով, հերթափոխով, ու այդպես էլ ես կապ չեմ ունեցել հետը։ Կապի խնդիր կար, ասում էր, որ ամեն րոպե չի կարա զանգի, բայց չգիտեմ, գուցե ծառայությունը դժվար էր, ու խնդիրներ կային, դրա համար էր էդպես ասում։
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 12-ին, զանգեց, ասեց՝ «նորմալ ծառայություն ա ընթանում՝ հակառակորդի դեմ դիմաց կանգնած»։ Ասեց՝ մի քանի օրից կզանգի, բայց երեկոյան լսում ենք, որ հարձակում ա Հին Թաղերի վրա․ ունենք երեք վիրավոր ու այլ տուժածներ։ Մի քանի օր հետո նոր իմացանք, որ «վիշկա» պոստում տղաները զոհվել են, կա երկու գերեվարված։ Ու էլ ոչ մի նորություն չեղավ։ Զորամասի հրամանատրի հետ էլ եմ խոսել, բայց ոչինչ չասեց, ասեց տվյալներ չկան։ Մի բան էր հստակ․ 110 տղա պոստերից իջնում էր՝ բացի 9 հոգուց, որոնք պահեցին 110 հոգու թիկունքը։
Ինչի՞ համար
Չհասկացանք՝ ինչի՞ եղավ ու ո՞նց եղավ։ Եթե ստորագրվել էր հրադադարի պայմանագիրը, մի ամիս հետո ինչի՞ զոհվեցին տղաները։ Ինչո՞ւմն էր կռվի պատճառը։ Եթե կար նահանջ հրամանը, ինչի՞ էր գումարտակի հրամանատարը իր տեղակալի հետ 110 հոգուն իջացնում, իսկ տղաներին թողնում։ Ւ՞նչն էր խնդիրը, որ «վիշկա» պոստի տղաները պիտի մնային և կռվեին հակառակորդի հատուկ նշանառության «յաշմա» խմբավորման հետ, որ լեռնային պայմաններին, ցրտին ու սառնամանիքին սովոր էին, իսկ մեր տղաները, որ ընդամենը զինվորական ծառայություն էին անցել, պիտի կատարեին այդ դաժան մարտական ծառայությունը։
Մի կտոր հողի համար արյուն թափեցին տղերքը, բայց ոչ մեկ չի ուզում էսօր հերոսին հերոսի անունով կոչի։ Գերիներին ասում են՝ հերոս գերիներ ունենք, բայց հերոսները հողի տակ են պառկած, իրենց արյունն էլ Ղարաբաղում ա թողած։
Իրենց ոչ մեկ չօգնեց, մենակ օգնեց այն թուրք գեներալը, որ զոհված հերոսների մարմինները հանձնեց, որ հերոսի նման հուղարկավորենք։ Ու խոշտանգված մարմինները հանձնեցին, ոչ լիարժեք, բայց սրա մասին մեր կառավարությունը ոչ մի բան չի ասում։ Շատ դռներ ենք թակել, բայց նենց են պահում իրանց, ոնց-որ իրենց հայրենիքի պաշտպանի մասին չենք խոսում։
Մեկ անգամ խորհրդարանի շենքում հանդիպել ենք Անդրանիկ Քոչարյանին, ու ծնողներով լոկ խնդրել ենք այն, որ տղաների անունները գոնե հեռուստատեսությամբ բարձրաձայնվեն։ Բայց նրանք դա էլ չարեցին, միայն մեկ անգամ վազով տողով ցույց տվեցին 150 զոհված զինծառայողների հետ։ Դա էլ մեր ջանք թափելուց հետո։ Նրանցից մեզ ոչ մի բան պետք չէր, միայն որ հերոսներին հերոսի պես հարգեին։
Լավրովը 15-ի առավոտը հայտարարում ա, որ Հին Թաղեր-Խծաբերդը պաշտոնապես տվել են Ադրբեջանին, պատերազմով վերցրել ա։ Գուցե լոկ պատրվակ էր, որ պիտի ցույց տային՝ պատերազմով են տվել այդ տարածքները։
Քրեական գործ
Քրեական գործ է հարուցված, բայց ոչ մի ընթացք չունի։ Իրանց գումարտակի հրամանատարը՝ Ջիվան Մկրտչյանը, ասում ա, որ իրանց տվել են շրջանաձև պաշտպանության հրաման, ինքն էլ հրաման ա կատարել։ Մի անգամ իր փաստաբանը հեռուստատեսությամբ հայտարարեց, որ 7-8 անգամ ավել զորք ա հարձակվել իրանց վրա, իրանք էլ նահանջի հրաման են տվել ։
Անգամ իրենց զոհվելու օրն են խաբում․ մահվան վկայականներում գրված ա, որ 11-ին են զոհվել, բայց իրանք մինչև 12-ի կեսօր կռվել են․ ապացույցներ կան ։
Քրեական գործից ոչ մի բան չեմ ակնկալում։ Ոչ թե մի հոգու, այլ սաղին պիտի դատեն։ Թեկուզ Ջիվանը մի քանի տարի էլ նստի, դուրս գա, ոչ մի բան չի փոխվելու․ էլ իմ եղբայրը հետ չի գալու, իրա տղեն էլ առանց հայր չի մեծանալու, ոչ մի տղայի իր ծնողին ու կնոջը չեն տալու, իսկ նրա կրած տույժերը մեր համար ի՞նչ։
ԱՆի Թորոսյան
Լուսանկարներ՝ Աստղիկ Գաուդյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: