Հունվարի 20-ին ԱԱԾ հատուկ ջոկատայինները մուտք գործեցին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ և բերման ենթարկեցին հիմնարկի պետ Արտակ Սարգսյանին և մի քանի աշխատակիցների:

Տեսանյութը, որում  երևում է, թե ինչպես են սև դիմակավորները դուրս բերում իր աշխատասենյակից Արտակ Սարգսյանին, տարածվեց համացանցով մեկ:

Հիշեցնենք, որ «Դատապարտյալների հիվանդանոցի» պետ Արտակ Սարգսյանը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի մորաքրոջ որդին է:

Թերևս սա է պատճառը, որ իրավապահները չեն ցանկանում որևէ տեղեկություն տրամադրել դեպքի կապակցությամբ:

Անցել է մեկ շաբաթից ավելի, սակայն արդարադատության նախարարությունը և քրեակատարողական ծառայությունը չեն հայտնում, թե ինչ հիմքով Սարգսյանն ու նրա աշխատողները բերման ենթարկվեցին և ինչ եղավ հետո:

«Ինֆորմացիա չունենք, դիմեք վարույթն իրականացնող մարմնին», — ոչ համոզիչ պատասխան տվեց մեզ արդարադատության նախարարի խոսնակ Մարիամ Մելքումյանը: Քիչ հետո նա փոխեց խոսքն ասելով, որ պահպանում է  նախաքննության գաղտնիությունը:

«Օրենքի պահանջ է, նախաքննական գաղտնիք է և որևէ պետական մարմին, բացի վարույթն իրականցնող մարմնից իրավունք չունի արձագանքել նման դեպքերում: Ե´վ այս, և´ մնացած  բոլոր դեպքերում` նախաքննությունների ժամանակ նախարարությունն ինտենսիվորեն աջակցում է քննության հետ կապված, բայց մենք որևէ ինֆորմացիա, տեղեկատվություն տրամադրելու իրավունք չունենք», — ասաց նա:

Քրեակատարողական ծառայությունից ևս հայտնեցին, որ տեղեկություն չունեն: Իսկ դատապարտյալների շրջանում երեք հիմնական վարկած է շրջանառվում՝ թմրանյութերի՝ «դեղի» շրջանառություն, կաշառք, խոշտանգում:

ԱԱԾ մոտ աղբյուրը Forrights.am-ին հայտնեց. «ՑԲ-ում դատապարտյալի են խոշտանգել: Կալանավորված է երկու անձ»:

Դիմեցինք նաև գլխավոր դատախազություն, որտեղից վերջապես պաշտոնական  մանրամասներ հաղորդեցին: Պարզվեց, տվյալներ կան, որ հիվանդանոցի պետի գիտությամբ նրա աշխատողները դատապարտյալի են խոշտանգել:

«Առերևույթ կոռուպցիոն չարաշահումների և խոշտանգման դեպքերի կապակցությամբ ՀՀ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում «Դատապարտյալների հիվանանոց»  ՔԿՀ պետը, ևս երկու աշխատակից ներգրավված են որպես մեղադրյալ: Դատախազությունն է քրեական գործով նախաքննությունը հանձնարարել ՀՀ ԱԱԾ-ին:

Ըստ նախաքննության տվյալների՝ նրա գիտությամբ քրեակատարողական հիմնարկի երկու  աշխատակիցներ խոշտանգման են ենթարկել մեկ անձի: Այս մասով երեքի նկատմամբ էլ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, աշխատակիցների մասով դրանք բավարարվել են, ՔԿՀ պետի մասով՝ դատարանը չի բավարարել միջնոդրությունը, այդ դատական ակտի դեմ Դատախազության կողմից տարվել է վերաքննիչ բողոք», — հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Փաստորեն, Արտակ Սարգսյանի  գիտությամբ, գուցե, նրա հրահանգով մարդ են խոշտանգել,  սակայն կալանավորել են նրա աշխատողներին, իսկ ինքը ազատության  մեջ է և շարունակում է պաշտոնավարել:

Սասուն  Խաչատրյանի եղբորը կալանավորելը հեշտ չի: Համակարգը դիմադրում է:

Արտակ Սարգսյանը քրեակատարողական համակարգի հնաբնակներից է, սակայն  երբեք ղեկավար պաշտոններ չէր զբաղեցրել: ՔԿՀ-ում նրա նշանակումը բացատրում էին հեղինակավոր մորեղբայր ունենալու հանգամանքով:

Արտակ Սարգսյանի դեմ բողոքներ էինք ստանում դատապարտյալներից, որոնք վստահեցնում էին, որ հիմնարկի պետը դաժան վերաբերմունք ունի կալանավորների նկատմամբ:

Հիշեցնենք՝ մայիսի 5-ին հիվանդանոցի խցերից մեկում ինքնասպանության փորձ էր կատարել, ապա նաև հացադուլ էր հայտարարել սրտի երկու ստենտավորում անցած, հոգեբույժի հսկողության տակ գտնվող դատապարտյալ Հայկ Գալստյանը: Նա բողոքում էր Արտակ Սարգսյանի՝ իր հանդեպ դրսևորած դաժան վերաբերմունքից:

Ավելի ուշ Հայկ Գալստյանը ի նշան բողոքի կարել էր աչքերը:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest