Հարցազրույց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ
Պարոն Ղուկասյան, Հայաստանում կալանավորվել են Ադրբեջանից վերադարձած գերիներ, արդյո՞ք այս շրջանում նման գործընթաց սկսելը տեղին է:
-Ես չունեմ բավարար տեղեկություն ասել՝ շինծու է այդ մեղադրանքը կամ քաղաքական դրդապատճառներով է առաջադրվել զինծառայողներին, որովհետև ծանոթ չեմ գործի հանգամանքերին: Բայց կա հետևյալ հանգամանքը՝ մարդիկ հանձնվում են գերի որոշակի պայմաններում, երբ դիմադրության հնարավորություններ սպառված են և նահանջելու հնարավորություն չկա, կամ, երբ հանկարծակի են հայտնվում այդ վիճակում: Օրինակ թշնամու հատուկ գործողությունների պատճառով և ուղղակի անակնկալ վիճակի են գալիս զինծառայողները: Կա, իհարկե, դեպք, երբ զինվորները հանձնվում են հակառակորդին, որպեսզի չկռվեն, որովհետև չունեն շառժառիթ հրամանատարների հրամանները կատարելու…Երբ, գաղափարը, ինչի համար են կռվում իրենց համար հարազատ չի կամ այլ պատճառով:
Պատերազմի ընթացքը բազմաթիվ գործոններից է կախված: Պետք է հասկանալ նրանք ինչ վիճակում են հայտնվել, ինչու են այդպիսի վիճակում հայտնվել, հայտնվել են, քանի որ ի սկզբանե այդպես է կազմակերպվել իրենց ծառայությունը կամ իրենք ստացել են սխալ հրահանգ, որը ի վիճակի չեն եղել կատարել: Մեր դիրսկուրը հիմա շատ պրիմիտիվ է, գերիների հարցը քաղաքականացվեց վարչապետի հայտնի հայտարարությունից եւ ԱԺ նախագահի վերջերս հրապարակված տեսանյութից հետո:
Հիմա ասել՝ ճի՞շտ է, թե՞՝ սխալ կալանավորումը: Այս հարցին պատասխանելու համար պետք է պարզ լինի, թե ինչ է տեղի ունեցել նոյեմբերի 14-16-ին, պետք է ցույց տային քարտեզներով, որպեսզի հանրությունը ունենար պատկերացում, թե ինչ է տեղի ունեցել: Այսօր նման պատկերացում չկա, կա Նիկոլ Փաշինյանի կարծիքը, որին ես չեմ վստահում:
Ինչու՞ չեք վստահում:
Բազմաթիվ առիթներ եմ ունեցել համոզվելու, որ Նիկոլ Փաշինյանը սուտ է խոսում՝ իրեն հարմար վիճակներում: Օրինակ, Ամուլսարի հարցում: Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ «Էլարդ» ընկերությունը դրական եզրակացություն է տվել հանքը շահագործելու համար, մենք հրապարակեցինք զեկույցը, որտեղ երևում էր, որ եզրակացությունը բացասական է: Սա խաբեությու՞ն է, իհարկե, խաբեություն է: Արցախյան պատերազմի հարցում ևս գտնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ չի ներկայացնում իրողությունները: Նիկոլ Փաշինյանի և մեր զինվորական վերնախավի նկատմամբ ունեմ անվստահություն՝ տեսնելով իրենց գործողությունները, թե ինչպես են իրենք այս մեկ տարվա ընթացքում կազմակերպել շփման գծի աշխատաքները: Դիրքերը խոցելի են, հակառակորդի հատուկ ջոկատայինները երբ ուզեն կարող են հատուկ օպերացիա անել եւ մեր առաջնային դիրքերում գտնվող զորքերն այդ առումով շատ խոցելի են, կարող են եւ շրջապատվել, անակնկալի բերվել:
Ճիշտ դատողություններ անել այդ զինվորների նկատմամբ, որ հայտնվեցին թշնամու գերության մեջ, հնարավոր կլինի անկողմնակալ մարմնի կողմից տրված գհատականի դեպքում: Այսօր ո՛չ դատախազությունն է այդպիսին, ո՛չ քննրական մարմիններն են այդպիսին, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանն է այդպիսին:
Արդյունքում ստացվում է, որ գերեվարվածները Բաքվի բանտերից հայտնվում են Երեւանի բանտերում:
Հետևյալ տեսակետից կարող ենք նայել. կան շինծու մեղադրանքեր և կան իրավաչափ մեղադրանքեր: Հիամ ո՞րն է այս դեպքում. ես չեմ վստահում այս գործողություններին, որովհետև ոչ մեկ չի ուզում պատասխանատվություն կրել ոչ մի հարցի համար: Ես չեմ բացառում՝ քաղաքական դրդապատճառով մի քանի հոգու որոշեն ցուցադրաբար պատժեն, որ մյուս զինվորների համար լինի օրինակ:
Իսկ գուցե նաև նրա համար են այս գործերը, որ Ալեն Սիմոնյանը հանրության մոտ ամոթով չմնա, քանի որ նա էր «զենքը դնելու եւ փախչելու» մասին հայտարարել:
Ալեն Սիմոնյանը կյանքում զենք ձեռքը չի բռնել, ես նկատի ունեմ մարտական զենք՝ մարտական դիրքերում: Ալեն Սիմոնյանի կարծիքը, թե ով էր ռազմական գործողությունների ժամանակ զենքը վայր դրել, ինչու էր վայր դրել, շատ պրիմիտիվ է: Այս իրավիճակում, երբ իշխանությունը խնդիր ունի արդարանալու 44-օրյա պատերազմում մեր պարտության համար, երբ խնդիր ունի արդարանալ մեկ տարվա ընթացքում առաջնագծի վատ կահավորման համար, օբյեկտիվություն իշխող ուժի կողմից ես չեմ ակնկալում:
Պատերազմից մեկ տարի անց առաջնագիծը կահավորվա՞ծ է այնքանով, որ զինծառայողը կարողանա դիմակայել թշնամուն, պոստը չհանձնել, չզոհվել կամ գերի չընկնել:
Այն շփման գիծը, որը ստեղծված է հիմա՝ հանցագործություն է: Այդ եղանակով պաշտպանել շփման գիծը ոնց որ ՀՀ Զինված ուժերը կազմակերպել են այդ պաշտպանությունը, դա հանցագործություն է: Յուրաքանչյուր միջադեպով կլինեն գերիներ, զոհեր և վիրավորներ: Իշխանությունները չցանկացան ծախսել լրացուցիչ գումարներ՝ տեխնիկական միջոցներով հսկողություն իրականացնել առաջնագծում, դրա փոխարեն զինվորներին լցրել են առաջնագծում՝ ադրբեջանական դիրքերից 200-300 մետր հեռավորության վրա: Սա ամենամեծ հանցագործությունն է: Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, հրամանատրությունը հայ զինվորի նկատմամբ ցուցաբերում են մեծագույն անպատասխանատու վերաբերմունք, իրենք թքած ունեն զինվորների եւ մեր պաշտպանության վրա: Երբ պարզվում է, որ զինվորները նման պայմաններում ի վիճակի չեն կատարել իրենց մարտական առաջադրանքը, հայտնվում են գերության մեջ, իսկ հետո իրենց դատում են: Սա ցինիզմ է: Հրաձիգին չեն նստեցնում թշնամուց 200-300 մետր հեռավորության վրա, այդպես չեն անում 44-օրյա պատերազմից հետո, 4000 հազար զոհից հետո էլի նույն բանն են անում, սա ծայրահեղ անպատասխանատվություն է:
Այդ սխալներն անողներն ինչու՞ պատասխանատվության չեն ենթարկվում:
Որովհետև մեր երկրում առհասարակ պատասխանատվություն չկա, երեսուն տարի չի եղել, իսկ հիմա բացարձակապես չկա: Մարդիկ զոհվում են պատերազմում, պատասխանատվություն չկա, առաջնագծում զոհվում են՝ պատասխանատվություն չկա: Դրա համար ՀՀ-ից արդեն մեկ մլն մարդ է հեռացել, իշխանական մարմինները ոչ մի բանի համար պատասխանատու չեն:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: