2015թ. հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտում`առանձնակի դաժանությամբ սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մահվան 4-րդ տարին շուտով կլրանա, դատական նիստերի 3-րդ տարին էլ արդեն իսկ լրացել է, այնինչ նիստերը շարունակում են երկարել։
Այսօր նոր միջնորդությամբ հանդես եկավ պաշտպանական կողմը։ Մասնավորապես, պաշտպան Արմեն Նադիրյանը դատարանին միջնորդեց հետազոտել ինստիտուտի անձերի տեղաշարժերի մասին գրանցումների մատյանը՝ 2015թ․ հունվարի 28-30-ն ընկած ժամանակահատվածի կտրվածքով։
«Դեպքի օրը և դրան հաջորդած 2 օրերին հերթապահները պարտաճանաչ կերպով գրանցել են մատյանում այն կուրսանտների անուն ազգանունները, որոնք թեկուզ մեկ րոպեով դուրս են եկել ննջասենյակից։ Նկատենք, որ դեպքի օրը գրանցամատյանում չկա Գնելի, Վաչեի, Նորիկի և Մովսեսի անունները, բացակայում է նաև Հայկազ Բարսեղյանը, ինչը ցույց է տալիս, որ այդ օրը նրանք ելումուտ չեն արել տարածքում»,- միջնորդության հիմքում նշեց Նադիրյանը։
Դատավարական կողմերը դեռ դիրքորոշում չէին հայտնել միջնորդության վերաբերյալ, երբ պաշտպանը ևս մեկը միջնորդեց։ Արմեն Նադիրյանը դատարանին միջնորդեց լրացուցիչ հարցաքննության կանչել այդ օրերին հերթապահող և գրանցամատյանում նշումներ կատարող 3 կուրսանտներին՝ Թելման Մխիթարյանին, Խաչիկ Մինասյանին և Հարություն Մեսրոպյանին։ Բացի դրանից, անհրաժեշտություն համարեց հետազոտել նաև ինստիտուտւ 2-րդ հարկի գրանցամատյանը։
Պաշտպանական կողմը միացավ ներկայացված միջնորդություններին, մեղադրանքի կողմը՝ առարկեց մասնակի։ Մասնավորապես, մեղադրող դատախազները ժամանակավրեպ համարեցին գրանցամատյանների ստուգումը, նշելով՝ ավելորդ ժամանակի կորուստ է, սակայն չառարկեցին լրացուցիչ հարցաքննության ենթարկել 3 հերթապահներին։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Թորոսյանը միացավ դատախազի դիրքորոշմանը։
Դատավոր Դավիթ Հարությունյանը որոշում կայացրեց բավարարել ներկայացված միջնորդությունները։ Վերջինս հավելեց, որ դատարան կներկայացվեն գրանցամատյանների օրիգինալ տարբերակները, այլ ոչ թե պատճենահանված, իսկ հերթապահներին ծանուցագրեր կուղարկվեն՝ նիստերին ներկայանալու համար։
Դատական նիստը հետաձգվեց։ Քրեական գործի քննությունը կշարունակվի դեկտեմբերի 24-ին։
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանը սպանվել է 2015-ի հունվարի 29-ին՝ Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտում: Այդ օրն առավոտյան նրա մարմինը հայտնաբերվել է ֆիզհրապարակի պտտաձողից կախված: Սպանության համար քննություն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Ըստ մեղադրանքի` ամբաստանյալները Հայկազին սպանել են, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար նրան տարել ու կախել են պտտաձողից:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: