Օրեր առաջ Առողջապահության նախարար Անահաիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ բացասական թեստի արդյունքում կամ պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացրած լինելու դեպքում։
Բացի այդ երեկ նախարարի նոր հրամանով սահմանվեց, որ դեկտեմբերի 2-ից չպատվաստված աշխատողները յուրաքանչյուր 7 օրը մեկ պետք է աշխատավայր ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։
Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի, պատվաստման գործընթացի և հնարավոր սահմանափակումների մասին Forrights.am-ը զրուցել է հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ։
Վերջինս իր խոսքում նշեց, որ այս պահին համաճարակային իրավիճակը կայուն է, չորրորդ ալիքը արդեն գնում է դեպի մարում։ Դրա մասին մի քանի ցուցանիշ են վկայում՝ վարակի վերարտադրության ցուցանիշը, որը 0,65 տոկոս է, եթե 1-ից ցածր է նշանակում է, որ հիվանդությունը նահանջում է։ Մելիք- Նուբարյանի խոսքով նվազել է ակտիվ բուժման մեջ գտնվող պացիենտների թիվը, այն 2 անգամ ավելի քիչ է, քան մեկ ամիս առաջ։ Դեռ կա մահացության բարձր ցուցանիշ, քանի որ հիվանդացության թվերի նվազումից մոտ երկու շաբաթ հետո նոր սկսում է նվազել մահացության ցուցանիշը։
Խոսելով պատվաստումների գործընթացի մասին՝ մասնագետը նկատեց․
«Պատվաստումների գործընթացի վերաբերյալ կարող եմ ասել, որ որոշակի դրական դինամիկա ունենք, արդեն մոտավորապես 1միլիոն 200 հազար քաղաքացի է պատվաստվել։ Չորս շաբաթ շարունակ ունենում ենք շաբաթական 10․000-ից ավել պատվաստում։ Անցյալ շաբաթ պատվաստվել է 15․000 մարդ։ Այստեղ մի փոքր մտահոգիչ դինամիկա կա, որ առաջին անգամ պատվաստվածների թիվը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 27%- ով։ Այդ պատճառով մենք պետք է մեր ջանքերը չթուլացնենք, որպեսզի կարողանանք այդ բարձր տեմպը պահպանենք, հատկապես առաջին դեղաչափ ստացողների»։
Մելիք- Նուբարյանը մեր հարցին ի պատասխան ընդգծեց, որ սահմանափակումների նպատակը խթանելն է պատվաստումների գործընթացը։ Նման մոտեցում գործում է շատ երկրներում, սակայն կան երկրներ, որոնք չեն կարողացել իրական կյանքում այդ գաղափարները իրականացնել։
«Իմ կարծիքով պետք է շատ խորը վերլուծություն անել, ներգրավվել նաև վերահսկողություն իրականացնող մարմիններին, հասկանալ, արդյոք ստացվելու է իրական կյանքում, ամբողջ Հայաստանում իրականացնել նախագիծը, ոչ թե միայն սահմանափակումները կիրառել Երևան քաղաքի կենտրոնում գործող սրճարանների համար, այլ նաև կիրառել մարզերում։ Եթե հնարավոր չի լինելու գործնականում իրականացնել վերահսկողություն, միգուցե անհրաժեշտ է վերանայել այդ մոտեցումը»,- ասաց Մելիք- Նուբարյանը։
Հարցին, թե ինչ ազդեցություն ունեցավ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած նախագիծը, ըստ որի աշխատող քաղաքացիները պետք է 15 օրը մեկ ներկայացնեն ՊՇՌ թեստի պատասխան կամ պատվաստված լինելը հաստատող փաստաթուղթ, մասնագետը շեշտեց, որ որոշումը միանշանակ շատ ուժեղ խթան հանդիսացավ պատվաստումների գործընթացի համար։ Ըստ վիճակագրության սեպտեմբերի 31-ից մինչև հոկտեմբերի առաջին շաբաթն ընկած ժամանակահատվածում աննախադեպ թվով պատվաստումներ են իրականացվել՝ 140․000 պատվաստում, որից 90․000-ը ստացել են առաջին դեղաչափը։
«Սկզբից մարդկանց մի գերակշիռ մասը նախընտրում էր ՊՇՌ պատասխան ներկայացնել աշխատավայր, բայց սոցիալական ազդակների արդյունքում, երբ մարդիկ տեսան, որ իրենց շրջապատի մեծ մասը պատվաստված է, և նրանց հետ որևէ արտասովոր բան չի լինում, այլ ապրում են իրենց բնականոն կյանքով, ուղղակի ավելի պաշտպանված։ Շատ մարդիկ փոխեցին իրենց կարծիքը և իրենք էլ գնացին պատվաստվեցին։ Հիմա, երբ ընդունվեց որոշում ՊՇՌ թեստի արդյունքներ ներկայացնել շաբաթը մեկ անգամ, հույս ունենք, որ որոշումը լրացուցիչ խթան կդառնա։ Դա նաև դրական կանդրադառնա վարակի նոր դեպքերի հայտնաբերման համար, կարծում եմ՝ որոշումը արդարացված է։ Զուգահեռաբար պետք է մտածենք, հատկապես տարեցներին, խրոնիկական հիվանդություններ ունեցողներին, գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց ինչպես բերել պատվաստումային դաշտ։ Ցավոք սրտի մահեր գրանցվում են հենց այդ մարդկանց շրջանակում, պետք է իրենց կարծիքը փոխվի»,- պատասխանեց մասնագետը։
Երեկ նախարարությունը ներկայացրել էր նաև ուղեցուց, որտեղ ներկայացված էր, թե մարդիկ ինչպես կարող են ստանալ խթանիչ կամ booster պատվաստանյութ։ Մելիք- Նուբարյանը մանրամասնեց, եթե մարդը պատվաստվել է մի պատվաստանյութով որևէ խնդիր չկա, որ հաջորդ պատվաստումը կամ խթանիչ պատվաստումը ստանա մեկ այլ պատվաստանյութ։ Խթանիչ պատվաստանյութերն են՝ Moderna-ն և Pfizer-ը։
«Անկախ նրանից, թե ինչ եղանակով է պատվաստանյութը պատրաստված, բոլորի վերջնարդյունքը նույնն է՝ խթանել մարդու իմունիտետը և այնպես անել,որ մարդու իմունիտետը ճանաչի վիրուսը և արագ արձագանքի։ Այդ մեխանիզմի տեսանկյունից բոլոր պատվաստանյութերը նույն բանն են անում, դրա համար որևէ տարբերություն չկա, և մարդիկ հանգիստ կարող են ստանալ այն, ինչը կնախընտրեն այս անգամ։ Շատ երկրներում արդեն բուսթեր են ստանում մեծ թվով մարդիկ։ Այն կարող են ստանալ երկրորդ դեղաչափը ստանալուց առնվազն վեց ամիս հետո։ Այս պարագայում խթանիչ դեղաչափ ստանալ ցանկացող մարդիկ շատ չեն»։
Անդրադառնալով նախարարի հայտարարությանը, որ կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 23 պատվաստված քաղաքացի, Մելիք- Նուբարյանը շեշտեց, որ մարդկանց մոտ դեռ թյուր կարծիք կա, թե պատվաստանյութը 100 տոկոսվ պաշտպանում է վարակվելուց։ Պատվաստված մարդը ավելի պաշտպանված է, կորոնավիրուսի ծանր և անդառնալի ընթացքի հավանականությունը շատ ցածր է։
«Պատվաստումների գործընթացի մեկնարկից ի վեր, այսինքն ապրիլի 13-ից հետո կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3835 մարդ։ Այդ 23 մահվան դեպքը մահացության ընդհանուր թվի մոտ 0․1 տոկոսն է։ Սա ապացուցում է, որ պատվաստումները մինշանակ արդյունավետ են, օգնում են պաշտպանվել ծանր և անդառնալի հետևանքներից», -եզրափակեց մասնագետը։
Ասպրամ Փարսադանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: