Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այսօր՝ նոյեմբերի 15-ի առավոտյան այցելել է Նորայր Միրզոյանին, որը, Արցախի իրավապահների հաղորդմամբ, նոյեմբերի 13-ին Շուշի քաղաքի անցակետի մոտ, «ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան պայթուցիկ սարք էր նետել անցակետի հատվածում»։
Հիշեցնենք, որ այդ միջադեպից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել էր, վիրավորվել էր երեք ադրբեջանցի զինծառայող։
Գեղամ Ստեփանյանի հաղորդմամբ, Նորայր Միրզոյանը կալանավորված կամ ձերբակալված չէ և գտնվում է բուժհիմնարկում` բժիշկների հսկողության տակ:
«Հետաքրքրվել եմ առողջական վիճակով և հավաստիացել, որ ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։ Այնուհետև հանդիպել եմ նաև Ն. Միրզոյանի ընտանիքի անդամների հետ, ովքեր հայտնել են, որ կապը նրա հետ պահպանվում է:
Հարազատների խնդրանքով կոչ եմ անում բոլորին դադարեցնել Ն.Միրզոյանի և նրա անձնական ու ընտանեկան կյանքի մասին տեղեկությունները հանրայնացնելու բոլոր գործողությունները, վստահեցնում եմ` դուք դրանով միայն վնասում եք Նորայրին և ավելորդ անհանգստություն պատճառում նրա ընտանիքին:
Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկում է բոլոր միջոցները Ն.Միրզոյանի իրավունքների պատշաճ պաշտպանություն ապահովելու համար, ուստի այդ հարցում ինքնագործունեությունն ու անկշռադատ քայլերը ցանկալի չեն»,- ասված է Արցախի ՄԻՊ-ի հայտարարության մեջ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: