Երեւանի Ա. Բաբաջանյան 98/8 հասցեում օրերս տեղադրվեց արցախյան երկրորդ պատերազմում զոհված Գեւորգ Կարապետյանի հիշատակը հավերժացնող հուշաքար:
Գեւորգը մինչեւ բանակ զորակոչվելը եղել է ավիաուսումնական կենտրոնի առաջին կուրսի ուսանող` ավիակարգավար մասնագիտությամբ:
Մայրը` Հասմիկը, նշում է, որ դա որդու երրորդ մասնագիտությունն էր: Դպրոցն ավարտելուց հետո Գեւորգը ընդունվել էր տեխնոլոգիական քոլեջ` փորձագետ-ապրանքագետի մասնագիտությամբ, այնուհետեւ` Երեւանի պետական մանկավարժական համալսարան:
«Այդ տարի էլ Գեւորգը պետք է զորակոչվեր, բայց 2018 թվականին նա, ավա՜ղ, ստացավ ձեռքի բազուկի բարդ կոտրվածք, վիրահատվեց, ինչի պատճառով էլ 18 տարեկանում չզորակոչվեց: Հաջորդ տարին նորից նա ենթարկվեց վիրահատության: 2019թ. պետք է Գեւորգը զորակոչվեր, սակայն զինկոմիսարիատը գտավ, որ դեռ շուտ է, ինքը ողնաշարի խնդիրներ ուներ: Այդ նույն տարին էլ ընդունվեց ավիաուսումնական կենտրոն, գերազանցությամբ ավարտեց առաջին կուրսը: Քանի որ մասնագիտությունը պահանջում էր օտար լեզուների տիրապետել, որդիս ինքնուրույն սովորեց անգլերեն, ռուսերեն, իսպաներեն: Իսկ որդուս` ավիացիայի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված էր նրանով, որ ամուսինս 35 տարի աշխատում էր օդանավակայանում»,- պատմում է Հասմիկը:
Գեւորգը ծառայել է Խոջալուում, զորակոչվել էր 2020թ. օգոստոսի 13-ին, իրեն նշանակել են նշանառու եւ ավագ ռադիոհաղորդավար: Նա զոհվել է հոկտեմբերի 25-ին Վարանդայի ճանապարհին, ԱԹՍ-ի հարվածից: Մայրն ասում է, որ տասնհինգ հոգուց տասնմեկը զոհվել են, չորսը ողջ են մնացել:
«Սեպտեմբերի 27-ին Գեւորգը զանգեց ինձ, ասաց, որ ես իր հեռախոսով չզանգեմ: Հետո պարզվեց, որ իր հեռախոսն իր մոտ չի եղել: Ուզում եմ իմանալ, թե ինչու ուրիշ զինվորներ ունեցել են իրենց հեռախոսը, ինքը` ոչ: Մեզ այդ մասին չեն ասում ոչինչ, չնայած իր հեռախոսը եղել է շատ հասարակ հեռախոս: Ինքը երբեք չի ասել, թե որտեղ է: Հոկտեմբերի 19-ին էլ զանգեց, ասաց` մա՛մ, էլ ոչ մի համարով չզանգես, ու ինքը շատ տխուր էր»,- նշում է զոհվածի մայրը:
Մեր այն հարցին, թե որդին իմացե՞լ է պատերազմի մասին` նախքան այն սկսվելը, մայրն արձագանքեց. «Չէ, չի իմացել: Միայն ասում էր, որ իրենց տանում են` խրամատ փորելու: Տանում էին չգիտեմ որտեղ` խրամատ փորելու »:
Զոհված զինծառայողի մայրն անցած մեկ տարվա ընթացքում հասցրել է որոշ բացահայտումներ անել իր որդու ծառայության, մահվան հանգամանքների հետ կապված: Նա տարակուսած է, որ իր որդու հետ ծառայել եւ զոհվել է նաեւ միակողմանի ծնողազուրկ մի երիտասարդ` Նարեկը, որի խնամակալներն եղել են տատն ու հորաքույրը, նույնիսկ հայրը այստեղ չէ, գտնվում է ՌԴ-ում: Իսկ օրենքով նրան չպետք է զորակոչեին: Մեկ ուրիշին էլ` նոյեմբերյանցի 24-ամյա Հայկ Ղարսյանին, նշանակել են հրամանատար, ինչը նույնպես տարակուսելի է: Հայտնի չէ, թե այդ երիտասարդն ինչ փորձառություն ուներ: Առհասարակ` Հասմիկին մտահոգում է, թե ինչու են անփորձ նորակոչիկներին ուղարկել առաջին գիծ:
Հասմիկը վատ է զգում, որ իրեն չեն տրամադրել նաեւ զոհված որդու իրերը, միայն ձեռքի ժամացույցն է կարողացել վերցնել: Որդու ծառայության, պատերազմական գործողություններին մասնակցելու մանրամասների մասին էլ Հասմիկն իմացել է պատերազմից վերադարձած որդու ընկերներից:
Հասմիկն ասում է, որ ինքն ու ամուսինը` Գեղամը, հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն, որպեսզի տեղեկանան, թե որ հոդվածների համաձայն են իրենց որդուն, որը նախնական պատրաստվածություն չի ստացել, ուղարկել կապավոր, ինչպես է պատահել, որ Ջրականում նա եղել է նշանառու, իսկ Վարանդայում` կապավոր: Ինչո՞ւ հաշվի չեն առել, որ որդին ունեցել է առողջական խնդիրներ, չէ՞ որ դրա համար կա համապատասխան ՊՆ-ի հրաման: Իսկ զոհվածի ծնողներին պատասխանել են, որ պատերազմի ժամանակ նման բաները հաշվի չեն առնվում:
Թագուհի Հակոբյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: