1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 22 տարի անց հանրությունը վարչապետ Վազգեն Սարգսյանի, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի և պատգամավորների սպանության մասին գիտի այնքան, որքան ոճրագործությանը հաջորդող ժամերին: 22 տարի անց տրված չէ գլխավոր հարցի պատասխանը․ ո՞վ է բարձրաստիճան պաշտոնյաների սպանության պատվիրատուն:
Նախկին իշխանությունները հայտարարել են, որ հանցագործության մեղավորները դատապարտված են ցմահ ազատազրկման՝ նկատի ունենալով Նաիրի Հունանյանին եւ նրա թիմակիցներին, եւ գործը համարել են փակված:
Քաղաքական եւ իրավական գնահատականը չի բավարարում հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պաշտոնյաների ընտանիքներին: Նրանք արդար քննություն են պահանջում: Այս արդյունքերը նախկինում չէին բավարարում նաեւ այսօր արդեն իշխանություն դարձած Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին:
2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավին Վազգեն Սարգսյանի ծննդավայրում՝ Արարատի մարզում, Նիկոլ Փաշինյանը խոստացել էր բացահայտել ոճրագործության պատասխանատուներին: «Այս ընտրություններով հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները պատասխան են տալու»,-ասել էր Փաշինյանը:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որն այս պաշտոնը զբաղեցնում էր նաև Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին և գործը տեղից չէր շարժում, Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հինգ ամիս անց պետական հեռուստաալիքի ենթերում հայտարարեց, որ երկու տարի առաջ վերաբացված գործով հարցաքննվել են ոճրագործության պարագլուխ Նաիրի Հունանյանը, նրա հետ բանտում գտնվող եղբայրն ու մյուս երկու դատապարտյալները: Շեշտենք, որ Արթուր Դավթյանն այս գործը չէր վերաբացի, եթե հեղափոխությունից հետո չլիներ ոճրագործության զոհ դարձած ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի կնոջ՝ Անահիտ Բախշյանի բողոքը:
«Մենք վերաբացել ենք դեռևս շուրջ 15 տարի առաջ կազմակերպիչների վերաբերյալ փակված վարույթը: Ոչ թե ֆորմալ դատավարական գործողություն է իրականացվել, նաև տեսել ենք այդ քրեական գործով բազում անելիքներ, դրանով պայմանավորված՝ շատ ծավալուն դատավարական միջոցառումներ ձեռնարկելու ցուցում է տվել նախաքննական մարմնին հսկող դատախազը, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ իմ կողմից հանձնարարություն է տրվել ԱԱԾ տնօրենին»,- ասել է Դավթյանը:
Նշենք, որ հարցաքննվել են նաեւ Անահիտ Բախշյանն ու Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը:
Հոկտեմբերի 27-ի սպանությունների ամենաշատ քննարկված վարկածը շարունակում է մնալ Մեղրիի փոխանակման տարբերակին՝ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի դեմ լինելը: Այս մասին ոճրագործությունից մեկ տարի անց հայտարարեց Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը: Նա մեղադրանքեր հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին: Մանուչարյանը պնդում էր, որ այդ ծրագրին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը կողմ է եղել։
«Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբ» նախաձեռնող խմբի ղեկավար Աղվան Վարդանյանը, որը նաեւ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքով պատգամավոր է դարձել, կտրականապես հերքում է պնդումները, թե Քոչարյանի կողմ է եղել Մեղրին փոխանակելու տարբերակին: «Մեղրիի զիջման տարաբերակ չի եղել: Եղել է 2001 թվականին Քի Վեստի տարբերակը, որով միայն ճանապարհ էր տրվելու Ադրբեջանին»,-ասում է նա:
2008 թվականի նախընտրական շրջանում նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբին հայտնեց մի համաձայնագրի նախագծի մասին, որի ուժի մեջ մտնելուց հետո, ըստ առաջին հոդվածի, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը, Շուշիի շրջանն ու Լաչինի շրջանը փոխանցվում են Հայաստանի Հանրապետությանը, իսկ Մեղրիի շրջանը՝ Ադրբեջանի Հանրապետությանը: «Այդ վարկածը ամվողջությամբ սումնասիրված չէ, ափսոս, բայց այդ վարկածը հետո սկսվեց քննարկվել, որովհետև Մեղրիի հետ կապված գաղտնի բաներ կային, որը նախաքննական մարմիններն էլ չունեին այդ պատկերացումները»,- ասում է Անդրանիկ Քոչարյանը, որը եղել է Վազգեն Սարգսյանի՝ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի եւ կադրային քաղաքականության հարցերով խորհդականը:
«Բերեք այդ փաստաթուղթը կխոսենք այդ մասին, եղել է միայն ՔԻ վեստը: Այսօր բերել և հոկտեմբերի 27 կապել երկորդ նախագահի հետ, դա մառազմատիկ է»,- հակադարձում է Աղվան Վարդանյանը:
Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը, 2007-ին հայտարարել էր, որ Մեղրիի տարբերակը քննարկվել է 1999-ի հոկտեմբերի 23-ի Անվտանգության խորհրդի նիստում, որից հետո Կարեն Դեմիրճյանն իր ընտանիքին ասել է հետևյալը. «Ոչ ոքի չասեք, բայց դուք իմացեք. եթե ինձ մի բան պատահի, իմացեք՝ դրա համար է: Ես շատ ուշ հասկացա, որ այդ խոսքերը իրենց մեջ պարունակում էին հնարավոր վտանգի իմաստ»:
Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, նշում է՝ Մեղրիի տարբերակը ռուս-թուրքական պայմանավորվածության շրջանակներում է եղել: Ըստ Սարգսյանի՝ պետք է ուսումնասիրել Ռուսաստանի և Թուրքիայի ենթադրյալ մասնակցությունը ոճրագործությանը: «Հիմա, եթե Մեղրիի տարբերակով է, որ տեղի է ունեցել Հոկտեմբերի 27-ը, իսկ դա Ռուս-թուրքական պայմանավորվածությունների դաշտում է, այդ պարագայում, Ռուսաստանն ու Թուրքիան կարող են որպես կասկածյալներ դիտվեն, այդ կասկածները պետք է ստուգվի»,- ասում է նա:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: