Արմեն Աբգարյանի բազմանդամ ընտանիքն աղքատացել է այն բանից հետո, երբ 44-օրյա պատերազմի ընթացքում պետությունն Արմենից վերցրել է նրա «Կամազ» մակնիշի մեքենան եւ փոխարենը վերադարձրել մեղատի ջարդոն: Արմենն ապրում է Արմավիրի մարզի Գետաշեն համայնքում: Երեք անչափահաս երեխաներ ունի, ընտանիքը սպասում է 4-րդ երեխային: Աբգարյանների սոցալակն վիճակը գնալով ծանրանում է:
«Հոկտեմբերի 20-ին ձեռքիցս վերցրեցին, ասացին, եթե չտաս ուրեմն ազգի դավաճան ես: 45 օր հետ ասացին՝ արի ավտոդ տար, գնացել այս վիճակով տեսա: Երկու ամիս մնաց Արմավիրում, գնացի տեսա, որ վրայից ամորտիզատները գողացել են: Հիմա բերել եմ իմ հայաթ, որ ուրիշ բաներ չգողանան»,- ասում է Արմենը:
Աբգարյանների բազմանդամ ընտանիքը վերջերս է առանձնացել Արմենի ծնողներից եւ բնակվում է նորկառույց տանը, որի շինարարությունը սկսել են տարիներ առաջ, բայց առ այսօր ֆինասական խնդիրների պատճառով ավարտուն տեսքի չեն հասցրել:
Արմենը «Կամազի» միջոցով կարողացել է հոգալ ընտանիքի կարիքները: Աշխատել է գյուղում գործող ավազի հանքում, բացի այս համագյուղացիների բերքն է տեղափոխել, որի դիմաց վճարվել է: «Սա իմ աշխատանքի միջոցն է, ես սրանով էի իմ տունը պահում, բայց հիմա մեկ տարի է էս վիճակն է»,- ասում է նա եւ թվարկում, թե բեռնատարն ինչ խնդիրներ ունի:
«Մատոռը խփա է, ռեսորները ջարդած է, ակումլատները տեղում չեն, անիվները փոխել են: Այս ավտոն արժեր տասը հազար դոլոր, բայց հիմա երկու հազար դոլար էլ չեն տալիս»,- նշում է նա:
Փոխհատուցում ստանալու համար Արմեն Աբգարյանը դիմել է կառավարություն, պաշտպանության եւ աշխատանքի ու սոցալական հարցերի նախարարություն, բայց բացասական պատասխանի է արժանացել:
«Կառավարությունը մինչեւ այսօր ոչ մի բան չի անում, չի մտածում, թե ես ինչով եմ ապրում: Եկել իմ ավտոն վերցրել է, բայց ես դրանով իմ ընտանիքն էի պահում: Ես շատ եմ դիմել գյուղապետարան, մարզպետարան, նախարարություն, Փաշինյանին եմ նամակ գրել, բայց օգուտ չկա: Մարզպետարանում ասում են՝ գումար չկա, օգնություն չենք կարող տալ»,- ասում է նա եւ նշում, որ «Կամազն» էլ մի քանի տարի պարտքով է գնել, որի գումարը մինչ օրս չի վճարել:
Նշենք, որ 2021 թվականի մայիս վեցին կառավարությունը որոշում ընդունեց, որի համաձայն ֆինանսական փոխհատուցում է տրամադրվելու այն իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, որոնց գույքն անհատույց օգտագործել է պատերազմի ժամանակ եւ այժմ այն վերադարձնելն անհնարին է դարձել: Որոշման համաձայն՝ փոխհատուցում ստանալու են նաեւ այն անձիք, որոնց գույքը պետությունը հետ է վերադարձնում վնասված: Պաշտպանության նախարարությունից էլ ավելի վաղ հայտնել էին, որ 44-օրյա պատերազմի ժամանակ քաղաքացիներին և իրավաբանական անձանց պատկանող վնասված կամ ոչնչացված ավտոմեքենաների թվի կազմում է 507: Արմեն Աբգարյանին պատերազմից շուրջ մեկ տարի անց չի հաջողվում օգտվել կառավարության այս որոշումից:
«Ես չգիտեմ՝ ինձ ինչքան գումար պետք է տան, որ ես կարողանամ այս մեքենան սարքեմ կամ սրա ինչը սարքեմ: Թող գան սա տանեն, իմ ավտոյի նման ավտո ինձ տան: Պատերազմի ժամանակ ասկոլկեն մտել է ավտոյի մեջ, սաղ կաբելները վառվել է: Ամենաքիչը երեք միլիոն դրամ է պետք, որ այս ավտոն սարքեն»,-նշում է նա:
Աբգրայանները զրկված են նաեւ ընտանեկան նպաստ ստանալու հնարավորությունից: Սոցիալական ծառայությունը մերժել է նրանց համակարգ ընդգրկել պատճառաբանելով, որ նոր տուն են տեղափոխվել:
«Հիմա գնում եմ օրավարձով բանվոր եմ աշխատում, խոտ եմ բարձում, բայց մի քանի օրից դա էլ է պրծնում: Ես երեք երեխա ունեմ, ոնց եմ իրենց պահելու: Պարոն Փաշինյանին հունվարին նամակ եմ գրել, բայց պատասխան է եկել, որ սպասենք, բայց ինչքան սպասել արդեն ձմեռ է գալիս: Փետրվարին էլ պաշտպանության նախարարությանն եմ գրել, անընդհատ զանգահարում եմ, ասում են՝ սպասի»:
Ընտանիքի առօրյա հոգսերը ինչ-որ առումով լուծելու համար Արմավիրի դաշտերում աշխատում է նաեւ Արմենի հղի կինը: «Հերս ա օգնում, բայց ինչքան օգնի, հաշմանդամ է: Ախպերս է դրսում ապրում, ինքն է գումար ուղարկում: Անչափահաս երեխաներ ունեմ, կինս հղի է, ես չգիտեմ, թե ոնց պետք է լինի»,- նշում է Արմենը:
Ընտանիքն այլ եկամտի աղբյուր չունի: Արմենի հայրը խաղողի այգիներ ունի, սակայն, բերքը չի մթերվում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: