Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու Հայաստանի պահանջի հարցով լսումները ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում տեղի կունենան հոկտեմբերի 14-15-ին. Հայաստանը խնդրում է դատարանին Ադրբեջանի դեմ կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը, ռազմավարի պուրակի փակումը: Այս մասին հայտնում է armenpress.am-ը։
Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնում Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած գանգատի, այդ թվում՝ հրատապ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ մանրամասներ է հայտնել ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով այս գործով ՄԱԿ-ի դատարանում ներկայացնելու է Հայաստանի շահերը:
«Հայաստանի կողմից առաջին անգամ է հայցադիմում ներկայացվում ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան: Կարծում եմ՝ սա Հայաստանի կողմից կատարված աննախադեպ քայլ է»,-ասաց Կիրակոսյանը:
Կիրակոսյանը շեշտեց՝ հայցադիմումում ներկայացված ապացույցները, փաստարկները, պնդումները և պահանջները շատ լայնածավալ են և վերաբերում են կոնվենցիայի կոպտագույն խախտումների, որոնց ականատես ենք առ այսօր՝ նույնիսկ հայցը ներկայացնելուց հետո: «Այդ նպատակով էլ Հայաստանը, բացի հիմնական հայցից, նաև ներկայացրել է պահանջ՝ կիրառելու հրատապ կամ պայմանական միջոցներ: Դրա վերաբերյալ լսումները նախատեսված են հոկտեմբերի 14-ին և 15-ին, որին մասնակցելու համար կազմավորել է խումբ, որում ներառված են նաև միջազգային հայտնի փորձագետներ, որոնք օգնելու են ներկայացնել Հայաստանի շահերը»,-ասաց Կիրակոսյանը:
Հրատապ միջոցի քննության փուլին հաջորդելու է բուն հայցի քննության փուլը: Բուն գործի քննությունը կտևի տարիներ: Սակայն ակնկալվում է, որ հրատապ միջոցներ կիրառելու հարցով դատարանը որոշում կկայացնի 1-1.5 ամսում:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: