Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել Մարց գյուղի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի մասնակիցների և մասնակցելու մեջ կասկածվողների նկատմամբ բռնություն գործադրելու հիմքով։
2021 թ․ օգոստոսի 14-ին ոստիկանության ավտոմեքենայի կողմից հետապնդվելու ընթացքում Մարց գյուղի մոտակայքում վթարի է ենթարկվել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով երկու անձ մահացել է: Դրանից հետո հրկիզվել է ոստիկանների վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան, որի պատճառով էլ ոստիկանները սկսել են ահաբեկել Մարցի և հարակից գյուղերի բնակիչներին, բռնության ենթարկել արական սեռի ներկայացուցիչներին։
Բացի ՀՔԱ Վանաձորի գրասենյակից՝ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել նաև բռնության ենթարկված անձանցից մեկը։
ՀՔԱՎ-ը նաև զեկույց է հրապարակել տեղի ունեցածի համատեքստում ոստիկանության ապօրինությունների վերաբերյալ։ Բացի ցուցմունք կորզելու համար խոշտանգում, հոգեբանական ճնշում գործադրելուց՝ ոստիկանները նաև անհրաժեշտ մասնագիտական հմտություններ չեն դրսևորել հուզական լարված վիճակում գտնվող անձանց հետ աշխատանքում, ինչպես նաև՝ ճիշտ գնահատելու հետապնդման հնարավոր հետևանքները և արդարացվածության աստիճանը՝ ստեղծելով վթարային իրավիճակներ ու վտանգ ներկայացնելով նաև գյուղի երեխաների կյանքի համար, չեն ապահովել և խոչընդոտել են անձանց բժշկական օգնություն ստանալու իրավունքը, առևանգել են բնակիչների իրերը, խաթարվել է Մարց գյուղի բնականոն կյանքը։
Քրեական գործը հարուցվել է 2021 թ․ սեպտեմբերի 24-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խոշտանգում):
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: