19- ամյա դուդուկահար Սերգեյ Հակոբյանը զոհվել է կասետային զենքից ստացած բազմաթիվ բեկորային վնասվածքների հետեւանքով: Նա 35 օր մասնակցել է ծանր մարտերի, սակայն միայն անհանգստացել է հոր համար, ով որպես պայմանագրային զինծառայող գտնվել է նրանից 7 կմ հեռավորության վրա:

Մինչ պատերազմի ավարտը Սերգեյի հայրը` Գեւորգ Հակոբյանը ծառայությունը իրականացրել է Տավուշում` Բերդում: Նոյեմբերի 9- ի հրադադարից հետո մեկնել է Արցախ ու սկսել է փնտրել որդուն: «Նրա գումարտակից մարդկանց Ճարտար գյուղում եմ տեսել: Ընդհանուր 11 հոգի մարդ էր մնացել: 280 հոգուց: Էնտեղ երեխա կար, որ ինքն է անձամբ Սերգեյի հետ եղել, ինքն է ամեն ինչ պատմել, թե ինչ է եղել, ոնց է եղել: Սերգեյը սկզբից ոտքից վիրավոր է եղել, բայց ոչ մեկի չի ասել »,- պատմում է հայրը:

Նրա խոսքով,  որդին նախ գտնվել է Մարտակերտում, հոկտեմբերի 26- ին տեղափոխել են Մարտունի ու մահացու վիրավորում է ստացել երեք օր անց.

«Ոչ ոք չի կարողանում ասել, թե ինչից է տղաս վիրավորվել, բայց ինձ թվում է, որ դա կասետային սնարյադ էր, որովհետեւ 37  հատ բեկոր է եղել : Չի կարող որեւէ այլ սնարյադից այդքան բեկոր լինել: Կասետայինից կարող է: Մինչեւ ամսի 30- ի լույս առավոտ ինքը վիրավոր է եղել: Նրան օգնության գնացող մեքենան ճանապարհին պայթացրել են »:

Զոհված զինծառայողի մայր` Լիանա Հակոբյանը պատմում է. «Շատ ծանր էր այդ ամեն ինչը, որ գիտեիր, որ որդիդ ծառայում է ու պատերազմ է հայտարարված: Ամեն օր զանգում էի, խոսում էի հետը, ասում էի` Սերգ ջան, զգույշ եղիր, ասում էր` մամ, ինձ ոչ մի բան չկա: Ինքը անընդհատ իր հորից էր անհանգիստ: Երեւի որովհետեւ արդեն գիտեր, թե ինչ է կատարվում: Շատ էր անհանգստանում, անընդհատ հորից էր հարցնում, ես էլ ասում էի` դու լավ եղի, մենք լավ ենք… ես ընդհանրապես չեմ իմանում եղածի մասին, որ երեխայիս հետ ինչ-որ մի բան է եղել: Թաքուն էին պահում: Բոլորը գիտեին, բացի ինձնից…  մի քանի օր հետո ամուսինս գլուխը խոնարհած մտավ տուն: Ամուսինս ասեց` կներես, որ չկա էրեխեն »:

Գեւորգ Հակոբյանն ասում է, որ ժամանակի հետ որդու կորստի ցավը ոչ թե մարում, այլ ավելի է ուժեղանում. «Ես պատերազմի ժամանակ նաեւ շատ ընկերներ եմ կորցրել: Այդ պահին քարացած էի, չէի պատկերացնում: Ինչ-որ նուրբ զգացողություն էր, չէի պատկերացնում: Բայց հիմա քանի գնում է, ամեն ինչ դժվարանում է: Ավելի շատ ես խորանում այդ ամենի մեջ»:

Հակոբյանները ապրում են Չարենցավան քաղաքում: Միայն իրենց շենքից պատերազմին զոհվել է չորս մարդ:

Անի Գևորգյան

Pin It on Pinterest