Նարեկ Արտուշյանը նախօրեին կդառնար 20 տարեկան: Նրա ծննդյան օրը` կեսգիշերին ծնողները դիմավորել են Եռաբլուրում: Զոհված զինվորների հարազատներին հայտնի է դարձել, որ Նարեկի 13 հոգանոց զինվորական խումբը հոկտեմբերի 10- ին մեկնել էր մարտական հանձնարարություն կատարելու` երգելով, սակայն հայտնվել է թշնամու ԱԹՍ-ի հարվածի տակ:
Ժամկետային զինծառայողը ծառայում էր Մեղրիում` եղբոր հետ: Վեց ամիս անց ավագ եղբայրը` Նորայրը զորացրվել է, իսկ Նարեկը շարունակել է ծառայել: Մայրը պատմում է, որ որդիների, ապա միայն Նարեկի ծառայությունը շատ լավ ու հանգիստ էր անցնում ու որ ինքը չէր անհանգստանում որեւէ բանի համար:
Պատերազմի մեկնարկին նա ինը ամսվա զինծառայող էր: Արդեն պատերազմի ընթացքում Նարեկը պարբերաբար զանգահարել է հարազատներին, ասել է, որ լավ է, որ իր մասին չանհանգստանան, հարցրել է, թե ինչ լուրեր են հաղորդում հեռուստատեսությամբ, սակայն չի ասել, թե ինքը որտեղ է: Պարզվել է, որ արդեն վաղուց տեղափոխվել է Արցախ եւ մասնակցում է պատերազմական գործողություններին:
«Զրականում 13 հոգով մի մեքենայով գնացել են առաջնագիծ: Ուրախ երգելով են գնացել: Երգել են «ջաբրայիլի լեռներն այս գիշեր» երգը: ԱԹՍ հարվածից է եղել… Փորձել են նրան հանել, բայց չի ստացվել: Նրանք իմանալով են գնացել առաջին գիծ: Երգելով մահվան են գնացել», — մեզ պատմեց Նարեկի հայրը` Արսեն Արտուշյանը:
Հայտնի է, որ մինչ այդ հրամանատարի եւ զինվորների միջեւ խոսակցություն է եղել: Հրամանատարն ասել է, որ ինքը չի կարող չգնալ առաջնագիծ, քանի որ ինքը Գորիսից է եւ պետք է պաշտպանի իր տան մատույցները, զինվորներին հարցրել է, թե ով է մնում իր հետ: Զինվորներից 13-ը միացել են նրան, 28-ը հեռացել են:
Նարեկը հետմահու պարգեւատրվել է Արիության մեդալով:
«Ես եմ մտել, ճանաչել որդուս: Տղամարդիկ մտան նայեցին, դուրս եկան, ասացին` մեր էրեխեն չի: Ասեցին` գնացինք, մեր էրեխեն չի, բոյով է, չգիտեմ… արդեն դուրս էինք գալիս, տեքորս կինը հետս էր, ասեցի` Նարինե, կգա՞ս հետս, ես մտնեմ նայեմ: Եկա, այդ մարդուն ասեցի` կարելի՞ է մտնեմ նայեմ: Այդ երեխու վրա ի՞նչ կա: Ինչ ուզում է լինի, մարմնի մաս, որ վնասված չի: Ասեց` ոտքերը: Մտա, նայեցի, ասեցի` վերջ, Նարեկն է… ոնց որ մեկն ինձ ասեր` գտել ես էրեխուդ, ո՞ւր ես թողել գնում»,- պատմեց զոհված զինվորի մայրը:
44- օրյա պատերազմի ընթացքում Սաթենիկ Տիգրանյանը կորցրրել է ոչ միայն որդուն` Նարեկին, այլեւ հարազատ եղբորը` Արսենին:
Անի Գևորգյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: