2021թ․ երկրորդ եռամսյակը լրատվամիջոցների գործունեության համար լարված ժամանակաշրջան էր՝ կապված թե՛ շարունակվող հետպատերազմյան, թե՛ նախընտրական, թե՛ բուն ընտրությունների և հետընտրական գործընթացների հետ։
Հունիսի 20-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, արձանագրվել է ԶԼՄ-ների աշխատակիցների մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտման 4 դեպք, իսկ հունիսի 7-18-ին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, գրանցվել է ֆիզիկական բռնության 2, տարատեսակ այլ ճնշումների 5 փաստ։
Երկրորդ եռամսյակի ընթացքում կտրուկ ավելացել են քաղաքական գործիչների, պաշտոնյաների, ինչպես նաև՝ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների կողմից ԶԼՄ-ների աշխատանքի խոչընդոտման, լրագրողների հանդեպ անվայելուչ վերաբերմունքի դեպքերը։ Նախորդ եռամսյակի 8-ի դիմաց՝ գրանցվել է 20 այդպիսի դեպք։ Դրանց առնչությամբ ԽԱՊԿ-ը գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ 5 հայտարարությամբ է հանդես եկել, որոնք նաև իրավապահների ուշադրությանն են արժանացել։
Հատկապես զանգվածային միջոցառումների ժամանակ դրանց մասնակիցները հաճախ թիրախավորել են այն ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, որոնք ասոցացվել են հակադիր ճամբարի քաղաքական ուժի հետ։ Սա մեդիայի ծայրահեղ բևեռվածության, հասարակության պառակտվածության և փոխադարձ անհանդուրժողականության արդյունք է։
Ապրիլ-հունիս ամիսներին կտրուկ աճել է նաև ընդդեմ ԶԼՄ-ների և լրագրողների դատական գործերի քանակը․ վարույթ է ընդունվել 23 նոր հայց, ինչը գրեթե կրկնակի ավելի է տարվա առաջին եռամսյակի համեմատ։
Ընդհանուր առմամբ, դիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել է ֆիզիկական բռնության 8 միջադեպ, ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 43, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 15 դեպք։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: