«Տեղաբաշխման հանձնաժողովն իմ նկատմամբ հաշվեհարդար ա տեսնում ու արդեն 2-րդ անգամ անհիմն մերժում ռեժիմս փոխելու դիմումը։ Հանձնաժողովը նման ձևով վրեժ ա լուծում, որ ես իրենց դեմ հաղորդում եմ տվել այն մասին, որ ինձ խոշտանգելով շուրջ 10 ամիս անօրինական պահել են մեկուսացվածության առավել խիստ ռեժիմում, քան նախատեսում է օրենքը»,- Forrights-ի հետ զրույցում հայտարարեց Բաբկեն Ղարդյանը։
Բաբկենը հայոց բանակի սպա է եղել, 7 տարի ծառայել է սահմանամերձ գոտում։ Հանգամանքների բերումով, ինչպես ինքն է պնդում, առաջադրվել է «շինծու» մեղադրանք, որի հետևանքով դատապարտել է սկզբից 5 տարի, ապա պատիժը խստացվել և ազատազրկվել է 8 տարի ժամկետով։
Օրենքով սահմանված կարգով, երբ լրացել է Բաբկենի պատժի 1/3-ը, նա դիմել է Տեղաբաշխման հանձնաժողով՝ պատժի կրումը բաց ռեժիմում շարունակելու համար, սակայն հանձնաժողովը մերժում է, հիմքում նշելով Բաբկենի «ոչ դրական» բնութագիրը․
««Վարդաշեն»-ի հետ ես ոչ մի խնդիր չունեմ, իրենք էլ են ցանկանում, որ ռեժիմս փոխվի։ Հանձնաժողովն ուղղակի անհիմն բաներ ա որոշում․ «ոչ դրական» բնութագիրը ո՞րն ա, կամ պետք ա դրական լինի կամ բացասական։ Մի քանի շաբաթ առաջ, երբ հանձնաժողովը երկրորդ անգամ մերժեց դիմումս, մի խայտառակ զավեշտալի սխալ թույլ տվեց․ հոկտեբերի 15-ին ինձ մերժեցին հոկտեմբերի 16-ի ՔԿՀ-ի տված բնութագրի հիման վրա։ Փաստորեն, սկզբից ինձ մերժել են, հետո նոր ստացել բնութագիրը»,- նշեց դատապարտյալը։
Բաբկենը վրդովմունք հայտնեց, որ հեղափոխությունը քրեակատարողական հիմնարկներ դեռ չի հասել, քանի որ այնտեղ դեռ տիրում է «խնամի-քավոր-սանիկ» հարաբերությունները։ Ըստ նրա, հանձնաժողովը նույնաբովանդակ բնութագրի հիման վրա մի դատապարտյալի պատժի կրման ռեժիմը փոխում է, մյուսինը՝ ոչ։
«Իրանք դեռ չեն պատկերացնում, որ երկրում իրավիճակ ա փոխվել, հլը մտածում են, որ նախկին ռեժիմն ա ու իրենց արածները տենց անպատիժ էլ մնալու ա։ Էսօր բաց ռեժիմում են հայտնվում նրանք, ովքեր հարուստ են, ունեն լավ ծանոթներ կամ կրիմինալ աշխարհի ներկայացուցիչ են։ Ստացվում ա, նոր իշխանությունների ժամանակ էլ ա հին բարքերը տիրում, ոչ մի փոփոխոություն էլ չկա արդարադատության մեջ»,- նշեց Բաբկեն Ղարդյանը։
Դատապարտյալը մինչ օրս հույս ունի, որ արդարությունը կհաղթի և իրեն հասանելիք ազատությունը շուտով կստանա։ Նա ամուսնացած է, խնամքին ունի 2-րդ կարգի հաշմանդամ հայր, ով այս պահին ծերանոցում է գտնվում։ Բաց ռեժիմ տեղափոխվելու նրա ցանկության գլխավոր պատճառն աշխատելն է, որ կարողանա հորը խնամի և բարելավի ֆինանսական դրությունը։
Forrights-ը ՀՀ ԱՆ Տեղաբաշխման հանձնաժողով հարցում ուղարկեց, պարզելու, թե ինչ հիմքով և որ փաստաթղթերի հիման վրա է հանձնաժողովը մերժում Բաբկեն Ղարդյանի ռեժիմի փոփոխման մասին դիմումը։ Հարցման պատասխանը Forrights-ն առաջիկայում կհրապարակի։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: