«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները բիրտ վերաբերմունք են ցուցաբերել կալանավոր Սերոբ Մխիթարյանի հանդեպ: Մայիսի վերջին նրա հարազատներն ահազանգել էին, որ Սերոբին բանտում դաժան ծեծի են ենթարկել նրան: Մխիթարյանին թողել էին առանց բժշկական հսկողության: Նա ասեղներ էր կուլ տվել ի նշան բողոքի և կտրել երակները: Երեկ էլ նոր ահազանգ ստացանք Մխիթարյանի հարազատներից: Այս անգամ՝ հաղորդում հանցագործության մասին:
Սերոբ Մխիթարյանը խոստովանում է, որ գումարներ է տվել «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Գերասիմ Գևորգյանին՝ 80 հազար, 50 հազար, 100 հազար:
«Ես գումարները գցում եմ Գերաս Գևորգյանի ասած աշխատողի՝ Ղազարյանի, աշխատավարձի բանկի քարտին, «Վիվառո»-ի, «Տոտո»-ի, «Թելլսել»-ի հաշիվներին: Ես 200 հազար էի գցել, որ էդ օրը պետք է 4-5 հատ հեռախոս բերեին, երկու հատ բերեցին՝ 120 հազար հետ տվեցին: Այս բոլոր փոխանցումները երևում են, եթե ստուգեք հաշիվները: Ես ուզում եմ այս ամենի մասին հաղորդում տալ դատախազին և Նիկոլ Փաշինյանին, գրել եմ դիմումներ: Բայց իմ դիմումները չեն ընդունում, ճղում, քցում են», — ասում է կալանավորը: Վերջնս խնդրում է իրեն օգնել, իր ձայնը մարմիններին հասցնել գոնե հանուն իր 6 ամսական երեխայի:
Սերոբ Մխիթարյանը ի ապացույց ասվածի, բերում է «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակից Վարդան Ղազարյանի կոդը «Տոտո Գեյմինգ» օնլայն կազինոյում՝ 100748125, և ID կոդը «Աջարաբեթ»-ում՝4789128: Նա վստահեցնում է, որ իրեն արգելել են բողոքել:
«Եթե ուզում ես բողոքել, տանում են պետի կաբինետ, վախեցնում են պետով, աշխատողներով: Ինձ ասեցին՝ նենց չանես, որ գլխիդ սարքենք: Ձեռ են գցում մի քանի հոգով: Ես անձամբ իրենց գումար եմ տվել, հեռախոս են բերել: Ես ունեմ բոլոր ապացույցները, իրենց հետ «ՎոթսԱփփ» եմ արել, դրա բոլոր սքրինշոթերն ունեմ: Գցել եմ իրենց համարով «Թելսելլ»-ին: Հեռախոսները բիզնես են սարքել: Գալիս, հավաքում են, հետո փող են վերցնում, նորից տալիս», — ասում է Մխիթարյանը:
Նրա ձայնը տեղ չի հասնում: Դիմումները պատռում, աղբարկղն են նետում: Անգամ հացադուլի մասին դիմումն են պատռել:
Նախորդ անգամ, երբ Մխիթարյանին ծեծի ենթարկելու մասին նա ահազանգել էր իրավապաշտպան Ժաննա Ալեսանյանին և Forrights.am կայքին, դատապարտյալին կանչել են հիմնարկի պետի աշխատասենյակ:
«Ինձ կանչեցին, ասեցին՝ կամ գրում ես, որ տենց բան չի եղել, կամ կոխում ենք կառցեր, ու չգիտենք, դու միամիտ կկախվես, կամ սոտ կտաս, գլուխդ կջարդես: Գերաս Գևորգյանն ու նրա տեղակալն են ասել», — փոխանցում է կալանավորը իր հարազատի միջոցով:
«Դատախազին ու վարչապետին գրած դիմումները ճղում գցում են: Ես ուզում եմ մի բան, որ իմ դիմումները տեղ հասեն: Ես 28 տարեկան տղա եմ: Հաղորդում եմ տալիս հանցագործության մասին», — ասել է Սերոբ Մխիթարյանը իր հարազատներին և խնդրել է իր այս բառերը մեր միջոցով տեղ հասցնել:
Մենք նրա խնդրանքը վերահասցեավորեցինք Քրեակատարողական ծառայության խոսնակին՝ Նոնա Նավիկյանին: Նրանից ստացանք հետևյալ պարզաբանումը.
«Դատապարտյալ Սերոբ Մխիթարյանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում մի քանի դեպքով դիմել է ինքնախեղման՝ նպատակ հետապնդելով տեղափոխվել քաղաքացիական բժշկական հաստատություն՝ բջջային հեռախոս ձեռք բերելու և իր հետ ՔԿՀ մտցնելու համար: Դրան զուգահեռ՝ Ս. Մխիթարյանը նաև ապօրինի պահանջներ է առաջադրել քրեակատարողական ծառայողներին իրեն բջջային հեռախոս տրամադրելու վերաբերյալ՝ սպառնալով իր պահանջները չբավարարելու դեպքում շարունակել ինքնախեղման դիմելը և քրեակատարողական ծառայողների մասին վարկաբեկիչ տեղեկություններ տարածելը»: Նոնա Նավիկյանը վստահեցնում է, որ իրականությանը չեն համապատասխանում Մխիթարյանի տեղեկությունները, թե իրենից դիմում բողոքներ չեն ընդունել: Մեր հարցին, թե որտեղից են կալանավորին հայտնի «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատողների կոդերը տարբեր ազարտային խաղերում, աշխատավարձի ստացման բանկային քարտի համարները, նա պատասխանեց.«Ձեր կողմից հիշատակվող հաշվեհամարներին, առաջին իսկ պահից, երբ դրանք կհայտնվեն քրեակատարողական ծառայության տրամադրության տակ, կկատարվեն անհրաժեշտ ստուգողական գործողություններ»:
Հ.Գ. Չի բացառվում, որ սույն պաշտոնական հավաստիացումներն արդար են, բայց և այնպես, փաստերը ստուգելու անհրաժեշտությունից ելնելով, խնդրում ենք ՀՀ գլխավոր դատախազին անդրադառնալ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Սերոբ Մխիթարյանի մեր միջոցով հայտնած տեղեկություններին, համարելով ներկայի հրապարակումը հաղորդում հանցագործության մասին:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: