Երկու օր առաջ Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը և տեղեկացրել, որ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին իր մոտ է կանչել մարզպետ Արամ Խաչատրյանը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ:
Ըստ Գևորգյանի` Օձուն համայնքի ղեկավարը հրաժարվել է կատարել մարզպետի պահանջը, ինչից հետո հենց մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծի են ենթարկել: «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարի համոզմամբ՝ միջադեպն ուղիղ կապված է խորհրդարանական արտահերթ ընտրություններում նրա կողմից իրենց դաշինքին սատարելու հետ․
«Մոտ 10 հոգի, այդ թվում՝ մարզպետը, ինձ ծեծի են ենթարկել։ Հիվանդանոց եմ այցելել, ունեմ վնասվածքներ, հիմնականում դեմքիս և գլխիս հատվածում։ Նրանց պահանջն այն էր, որ ես հրաժարական տամ»,- ասաց համայնքապետը։
Հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է հրաժարական ներկայացնել, համայնքապետը զարմացավ. «Ինչի՞ կամ ո՞ւմ համար տամ»։
Թեև ծեծի մասին պնդումներն առկա են, մարզպետարանի տեսախցիկները՝ առգրավված, սակայն մարզպետ Արամ Խաչատրյանը կտրուկ հերքում է Տիտանյանին ծեծի ենթարկելու մասին լուրերը, նշելով, որ ստացված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում․
«Նման բան տեղի չի ունեցել։ Տիտանյանի հետ հանդիպում ունեցել եմ, սակայն միայն աշխատանքային թեմայի քննարկման շրջանակներում։ Հանգիստ միջավայր է եղել, ոչ մի ծեծ կամ վիճաբանություն։ Ընդհանուր առմամբ, համայնքապետի հետ մենք նորմալ հարաբերություններ ունենք»,- նշում է Խաչատրյանը։
Չնայած մարզպետի հերքմանը, Դատախազությունն արդեն իսկ քրեական գործ է հարուցել դեպքի առնչությամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով․
«Հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն»,– նշում է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ։
Հատկանշական է, որ դեռ ընտրությունների օրը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն ակնարկել էր տեղական ինքնակառավարման մարմիններում կադրային զտումների մասին։ Նրա խոսքով՝ բոլոր այն համայնքապետները, քաղաքապետները, որոնք առաջադրվել են ընդդիմադիր ցուցակներով, շուտով հրաժեշտ կտան իրենց պաշտոններին․
«Այսօրվա ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները որոշ համայնքապետների համար, որոնք հատկապես ընդգրկված են եղել տարբեր քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում, պետք է ազդանշան լինի իրենց հետագա պաշտոնավարումը շարունակելու կամ դադարեցնելու շուրջ»,- գրել էր նախկին նախարարը։
Թորոսյանը չի պարզաբանում՝ ո՞ւմ և ի՞նչ ազդակներ է հաղորդել այդ գրառմամբ, դա սպառնալի՞ք է, թե՞ հորդոր։ Փոխարենը, իրավիճակը փորձում են մեղմել նրա կուսակիցները։
Միջադեպի մասին լսել, սակայն մանրամասներին չի տիրապետում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։ Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունները երբեք չեն խրախուսել և չեն խրախուսելու իրենց քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ բռնությունները․
«Կարող եմ միայն հաստատել բռնության անթույլատրելիության մասին դեռևս 2018 թվականին հայտարարված մեր սկզբունքը։ Եվ այդ սկզբունքը չի փոխվե․․․Կան պաշտոններ, որոնք պետք է զբաղեցնեն իշխող քաղաքական ուժի հետ նման հայացքներ ունեցող մարդիկ՝ ընդհանուր քաղաքական տրամաբանությունը պահելու համար»,- իր խոսքում նշել է փոխվարչապետը։
Հավելենք, որ քարոզարշավի ընթացքում միայն Նիկոլ Փաշինյանն է այցելել Օձուն և ստացել ամենաշատ ձայները՝ 2230, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքը՝ 6 անգամ պակաս՝ ընդամենը 376 քվե։ Մյուս կուսակցությունների ստացած ձայներն ավելի քիչ են։
Նշենք՝ Սյունիքի մարզի մի քանի համայնքապետներ անդամակցում են Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորած «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը։ Վերջինս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի կազմում է։ Տարբեր մարզերում կան նաև ՀՀԿ–ական համայնքապետներ, որոնք սատարում են ՀՀ երրերդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքին։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: