«Մենք գիտենք, որ համայնքապետերը տեղական ինքնակառավարման մարմիններ են, բայց Արսեն Թորոսյանն էլ գիտի՞»,- այս մասին Forrights.am-ի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակկոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանն՝ անդրադառնալով վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի աղմկահարույց գրառմանը:

Հիշեցնենք՝ երբ հայտնի դարձավ արտահերթ ընտրությունների արդյունքերն Արսեն Թորոսյանը համայնքապետերին ուղղված գրառում կատարեց, որը փորձագիտական շրջանակների կողմից որակվեց պաշտոնական դիրքի չարաշահում:

«ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները որոշ համայնքապետերի համար, որոնք հատկապես ընդգրկված են եղել տարբեր քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում, պետք է ազդանշան լինեն իրենց հետագա պաշտոնավարումը շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ»,- գրել էր Արսեն Թորոսյանը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի այս գրառումից կարելի է ենթադրել, որ համայնքապետերըն պետք է հրաժարական տան միայն այն բանի համար, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել են այլ ուժերի ցուցակներով:

«Ես ենթադրում եմ, որ Արսեն Թորոսյանը չգիտի, որ համայնքապետերն անկախ են եւ կախում չունեն գործադիր իշխանությունից: Նա եթե իմանար, ապա այդպիսի բան չէր գրի: Սեպտեմբեր-հոկտեմբերին լինելու են ՏԻՄ ընտրություններ, թող այդ ընտրությունները որոշեն: Իշխանություններն, Արսեն Թորոսյանը ենթադրում են, որ եթե արտահերթ ընտրությունների այսպիսի արդյունքեր եղան, ապա դժվար թե ժողովուրդն իր որոշումը փոխի եւ կընտրեն ՔՊ-ական թեկնածուների: Ինչ է նշանակում հրաժարականի դիմում ներկայացնել: Սրանով վարկաբեկվում է տեղական ինքնակառավարման գաղափարը: Այս մակարդակում որոշողն ընտրողն է, ոչ թե Արսեն Թորոսյանը»,- ասում է Վարուժան Հոկտանյանը:

Վարուժան Հոկտանյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք սա ճնշում է համայնքապետերի վրա: «Նայած, թե ում համար է ճնշում: Ես եթե նման բան կարդայի՝ ինձ ճնշված չէի զգա, բայց գուցե որոշ համայնքապետեր ճնշվեն դրանից, եթե ժամանակին ինչ-որ գործունեություն են իրականացրել, որ հիմքեր կա նրանց հեռացնելու, քրեական գործեր հարուցելու: Եթե մաքուր աշխատող համայնքապետ է եղել, ապա չպետք է ճնշվի»,- ասաց Հոկտանյանը:

Հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետն արձանագրում է՝ իշխանության ձեռագիրը չի փոխվել, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա թելադրողի դերում են: «Իսկ ինչու պետք է փոխվեր, փոխվելու ինչ-որ նախադրյալներ կայի՞ն: Ձեռագիրը փոխելու համար պետք է մտածելակերպ փոխվի, մարդիկ այլ կերպ պետք է մտածեն, թե ինչ է տեղական ինքնակառավարումը: Եթե խոսում ես ՏԻՄ-ի մասին, այստեղ ինքնակառավարում բառն է առաջնային, ոչ թե տեղականը: Եթե ինքնակառավարման մտայնությունը չկա այս դեպքում, չկա մաքուր ընտրություն անցկացնելու ցանկություն, ապա երկրում բան չի փոխվել»,- ասաց Վարուժան Հոկտանյանը:

Նշենք, որ ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակով առաջադրվել էին Սյունիքի մարզի Գորիս եւ Մեղրի համայնքերի ղեկավարները: Ի դեպ, նրանք անցնում են տարբեր քրեական գործերով:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest