Անհայտ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները մեծ մեքենաներով և տարբեր երկաթյա կտորներով երկար ժամանակ փակել էին Հերացի փողոցը։ Անհայտ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը նշեց, որ պահանջում են ստեղծել պետական մարմիններից և ծնողներից կազմված հանձնաժողով, որ հերթով շրջեն բոլոր դիահերձարաններով, ստույգ հաշվեն դիակների թվերն ու հետագայում կրկին շփոթմունք չի առաջանա։

«Պատահական բացահայտվել է, որ մեկ օրվա ամսաթվով ասվում է, որ Արցախից 21 հոգի է բերվել, այդ մարդու երեխան եղել է պայմանական 567 կոդով, նույն օրվա ամսաթվով նաև երեխա կա 749 կոդով։ Այսինքն, եթե 567-ին գումարեմ 21, կստացվի 588, պետք է այդ օրը 588-ով սահմանափակվեր, ոչ թե դառնար 749 կամ 755։ Այդ X թիվն այլ ճանապարհներով հայտնվել է, որտեղի՞ց, ո՞վ է բերել, որտե՞ղ են ամիսներ շարունակ այդ մարմինները պահված եղել՝ ոչ ոք տեղյակ չի», – ասաց Արսեն Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ երկու շաբաթ առաջ իմացել է, որ Արտաշատում մրգի սառնարաններում մարմիններ կան, թեև ինքը 7 ամիս երեխայի մարմինն է փնտրել ու այդ մասին տեղյակ չի եղել․ «Հիմա գնալու ենք, մասունքները հատ առ հատ պարկերով հաշվենք, որ վաղը նորից չասեն՝ հոպ, 200 հատ էլ հայտնվեց Պողոսի սառնարանից։ Եթե ստորաբար չտանեն, չթաղեն երեխեքին՝ առանց տալու ծնողներին։ Նրանք դրան էլ են պատրաստ»։

Շատ մարդիկ էլ կան, Ղուկասյանի խոսքով, որ նույնականացումը համապատասխանել է, մի մասունք են տվել, հետո որոշ ժամանակ անց զանգահարել ու ասել են, որ նորից ԴՆԹ-ին համապատասխանող մասունք են գտել․ «Մեզ մի քանի ամիս առաջ ասում էին՝ այսինչ ամսաթվով կվերջացնենք, ԴՆԹ-ները վերջանում են։ Բայց գնալով ավելանում է թիվը»։

Ակցիայի մասնակիցներին մոտեցել էր Քննչական կոմիտեի Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանն ու երկար բանակցություններից հետո անհայտ կորածների հարազատները համաձայնեցին բացել փողոցը՝ պայմանով, որ այսօր ծնողների հետ միասին գնալու են բոլոր դիահերձարաններ՝ հաշվարկ անելու։

«Այսօր վերջնական թիվ ենք ունենում, որ այսօր Հանրապետության այս, այս ու այս մորգերում կա այսքան, այսքան ու այսքան մարմին ու մասունք, որ վաղը նորից այս թիվը չաճի։ Մենք դրանից հետո կանտրոլը պահելու ենք, որ այսօր երեք հատ տվեցին մարմին մարդկանց, հաջորդ օրը չորս հատ ու այդպես թվերը պետք է պակասեն», – ասաց Արսեն Ղուկասյանը։


Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest