Սահմանադրական դատարանը ((ՍԴ) մերժել է ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա գործի քննությունը, հայտնում է Գլխավոր դատախազությունը:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ապրիլի 1-ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ որոշելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով «կիրառման ենթակա՝ մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելու լիազորությունը սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը»։
Սահմանադրական դատարանը 14-ի աշխատակարգային որոշմամբ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա գործի քննությունը մերժել է՝ գտնելով, որ գլխավոր դատախազն իրավասու չէ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ դատական քննության փուլում քննվող քրեական գործով կիրառման ենթակա նորմի սահմանադրությանը համապատասխանության հարցով։
Գլխավոր դատախազությունը Սահմանադրական դատարանի որոշումը «կամայական» է որակում՝ պատճառաբանելով.
«ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ Գլխավոր դատախազը սահմանադրական դատարան կարող է դիմել դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով։
Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Գլխավոր դատախազը Սահմանադրական դատարան կարող է դիմել դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով»:
Շարունակեով թվարկել պատճառաբանությունները՝ dատախազությանն ընդգծում է, որ Սահմանադրական դատարանի այս որոշումը ոչ միայն ուղղակիորեն հակասում է «իր նախկինում արտահայտված դիրքորոշումներին, այլև կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործով սեփական նախկին դիրքորոշումն անտեսելու, դրա նկատմամբ անհետևողականության, սահմանադրական դատարանի որոշման սահմանադրաիրավական արժեքը նսեմացնելու օրինակը չունեցող, նախկինում երբեք չդրսևորված ակտ է»։
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը մարտի 26-ին հակասահմանադրական և անվավեր ճանաչեց Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, որով Հայաստանի երկրորդ նախագահը և մյուսները մեղադրվում են սահմանադրական կարգի տապալման մեջ։ Արդեն ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը արդարացրեց Մարտի 1-ի գործով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին ենթականերին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: