14 տարի առաջ ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի գործն առաջինն է քննվել վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից։
140 էջից բաղկացած խորհրդատվական եզրակացությունում արձանագրվել են բոլոր այն խախտումները, որոնք տեղի են ունեցել քննության ողջ ընթացքում։ Դրանք հիմնականում վերաբերում են առանցքային քննչական գործողություններին, որոնք միտված են եղել գործի համար էական նշանակություն ունեցող ապացույցների ձեռքբերմանը: Վերհանվել են նաև խախտումներ՝ կապված ծառայողական քննության, հեռախոսային խոսակցությունների հետ, առանձին մասով շարադրվել են առաջարկներ:
Զոհված զինծառայողի մայրը՝ Գոհար Սարգսյանը, Forrights-ի հետ զրույցում նշեց, որ թեև սկզբում մեծ ակնկալիքներ չուներ, սակայն խմբի աշխատանքից բավականին գոհ է։ Այն հարցերը, որոնք 14 տարի շարունակ բարձրաձայնել է մայրը, այսօր կարողացել է տեղ հասցնել իրավասու մարմիններին․
«Աշխատանքային խմբի գործունեության ժամանակ հերքվեց պաշտոնական վարկածը, թե իմ տղան հոսանքահարվել է։ Տիգրանիս մարմնի վնասվածքները վկայում էին, որ նա ծեծելով սպանվել է։ Այսքան տարի ես պայքարել եմ, որ հասնեմ արդարության, սակայն, ապարդյուն։ Այսօր ամբողջ ճշմարտությունը գործից հանել ենք, այսինքն, եթե տարիներ առաջ արդարացի քննություն իրականացվեր, այսօր նման խումբ ստեղծելու անհրաժեշտություն չէր լինի։ Իմ երեխու գործն այն գործն է, որի քննության ժամանակ երեք ղեկավար է փոխվել․ Քոչարյանի ժամանակ որդուս սպանեցին, Սերժի ժամանակ՝ գործը կոծկվեց, տեսնենք Փաշինյանի ժամանակ ինչ կլինի»,- նշում է տիկին Գոհարը։
Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանը կասկածելի հանգամանքներում մահացել է ՀՀ N զորամասերից մեկում: Պաշտոնական տվյալներով` մահվան պատճառն մարմնի վրա էլեկտրական հոսանքի ազդեցությունն է: Տիգրանի ծնողները, սակայն, վստահ են՝ իրենց որդուն սպանել են, իսկ էլեկտրահարման «էֆեկտը» ստեղծվել է հետմահու. զինվորի մարմնի վրա առկա են եղել բռնության բազմաթիվ հետքեր, ինչը հաստատվում է նաև հերձումից առաջ արված լուսանկարներով:
Գործն ուսումնասիրող աշխատանքային խմբի անդամ, փաստաբան Արայիկ Պապիկյանը նշեց, որ կատարված աշխատանքը բավականին արդյունավետ է եղել, տևական ժամանակ շատ քննարկումներ են եղել, բայց վերջում կարողացել են ընդհանրական եզրակացություն կազմել։ Փաստաբանի խոսքով՝ խորհրդատվական եզրակացության մեջ նշված են բազմաթիվ հանգամանքներ, որոնք ուշադրության և քննության արժանի են, ընդ որում, բոլոր դիտարկումները ներառել են եզրակացության մեջ որպես անկողմնակալ, չշահագրգռված անձիք․
«Պետք է տարվի քննություն՝ պարզելու, թե տարիներ առաջ ինչու չի կատարվել բոլոր այս գործողությունները։ Մեր արձանագրած բոլոր նկատառումները և առաջարկները պետք է հստակ իրավական գնահատական ստանան, հակառակ դեպքում կստացվի՝ ամբողջ աշխատանքի կատարումն աննպատակ է։ Ակնհայտ է, որ քննություն կատարելու մեծ ծավալ կա, սկսված Տիգրան Օհանջանյանի մահվան հիմնական վարկածից մինչև դատավարական այլ գործողություններ։ Կարծում եմ՝ Դատախազությունը խորհրդատվական եզրակացությունն ուսումնասիրելուց հետո, պետք է համապատասխան ընթացքն ապահովի»,- Forrights-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Պապիկյանը։
Աշխատանքային խումբը հաջորդիվ ուսումնասիրելու է Նանա Մուրադյանի որդու, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանություն գործած Վալերիկ Մուրադյանի մահվան դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործը։ Հետո կուսումնասիրվի ևս վեց գործ։ Նշենք, որ աշխատանքային խումբը քննչական գործառույթներ չի իրականացնում
«Մեր պայքարը չի ավարտվում, մեղավորները պետք է գտնվեն և պատասխանատվության ենթարկվեն»,- հավելեց որդեկորույս մայրը։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: