Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն օրեր առաջ հանրության համար անակնկալ հայտարարություններով հանդես եկավ, որոնք շարունակում են քննարկմամն թեմա մնալ։ Նախագահը տեղեկացրեց, որ մարտի 25-ին հանդիպում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ, առաջարկելով դաշինք կազմել և մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն չհավակնել իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն զբաղեցնել։
Միասնական դաշինքի առաջարկը Քոչարյանը կտրուկ մերժել էր, ինչից հետո՝ մայիսի 1-ին, Տեր-Պետրոսյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին էր հանդիպել և այս անգամ առաջարկել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով մասնակցել, սակայն կրկին մերժման արժանացել։
ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներն արդեն հայտնել էին ընտրություններին մասնակցության իրենց ձևաչափի մասին: Երեկ պաշտոնապես հաստատվեց, որ Քոչարյանը գլխավորելու է Դաշնակցության և Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կողմից վերջերս ստեղծված «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, իսկ Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն դաշինք է կազմել Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ։
Առաջին նախագահի հայտարարություններից բավականին վրդովվել և վիրավորվել են Մարտի 1-ի զոհերի հարազատները։ Նրանց խոսքով՝ փաստացի շուրջ 12 տարի խաբված են եղել Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից։
Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ զոհված Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանը, Forrights-ի հետ զրույցում, դիմելով ՀՀ առաջին նախագահին, հարց է ուղղում՝ երբ ելույթների ժամանակ Քոչարյանին և Սարգսյանին անվանում էիք մոնղոլ-թաթարներ, ինչպե՞ս պատահեց, որ մի քանի վայրկյանում նրանք դարձան ազգանվեր հայեր, ի՞նչ փոխվեց․
«Տեր-Պետրոսյանը նման հայտարարությունն անելով՝ մեր ամբողջ պայքարն ու ցավը վիրավորեց, մեր երեխեքի հիշատակը ոտնահարեց։ Մեզ խաբելով բերեցին հասցրին էս օրվան, որ գնան միանաք նրա՞նց, բա իրենց ասածները որտե՞ղ մնացին։ Իրենք մեր տղաների արյան վրայով քայլելով ուզում են միանալ Սերժին ու Քոչարյանին, ինչո՞ւ, էլի անմեղ ժողովրդի արյո՞ւնն ա պետք»,- վրդովված նշում է որդեկորույս հայրը։
Հարությունյանին վրդովեցնում է այն հանգամանքը, որ Տեր-Պետրոսյանը համագործակցության եզրեր է փնտրում այն մարդկանց հետ, որոնց Արցախից Հայաստան բերելու համար 2007 թվականին ներողություն էր խնդրում՝ ընդգծելով, որ դա իր ամենամեծ սխալն է: Նա այդ օրերին առաջարկում էր պայքարել, իր ձևակերպմամբ՝ «քոչարյանա-սերժական ավազակապետության դեմ»:
«Ինքն (Լևոն Տեր-Պետրոսյանը-խմբ) իրեն ստորացրեց, պատիվը խայտառակեց։ Մի՞ թե այդքան շուտ մոռացավ Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը, Քառօրյա ու 44-օրյա պատերազմը, ո՞ւմ է դեմ դուրս գալիս, Փաշինյանին, թե՞ մեզ»։
Հայտարարությունից շոկի մեջ է նաև Մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։ Ըստ նրա՝ իր համար անհասկանալի էր, թե ինչպես կարող էր առաջին նախագահը գնար այսպիսի քայլի և Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին ասեր՝ եկեք միանանք, Հայաստանը փրկենք։
Վերջինս վիրավորված է այն փաստից, որ իր որդին և մյուսները, մասնակից լինելով Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը, 2008-ին զոհվեցին հանուն Հայաստանի ազատագրման, սակայն վերջինս այսօր ուզում է այդ նույն հայրենիքը փրկել նրանց հետ, ովքեր կանգնած էին սպանությունների հետևում․
«Ամենահետաքրքիր այն է, որ առաջարկին ի պատասխան նրան մերժեց և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը: Ումի՞ց էիր փրկում, ի՞նչ ես փրկում: Դու ոնց ես նայելու Մարտի 1-ի զոհերի ծնողների աչքերին, ի՞նչ ես ասելու: Ուրեմն ֆա՞րս էր էդ ամեն ինչը 2008 թվականին, դրանց դեմ պայքարը խա՞ղ էր: Քո կողքին ենք եղել 10 տարի, Լևոն Տեր-Պետրոսյան, չդավաճանեցինք քեզ, բայց դու մեկ օրում ամեն ինչ փչացրիր, դավաճանեցիր իմ զոհված էրեխուն»,- հիասթափված ասում է Սարգիս Քլոյանը:
Նշենք, որ արյունալի իրադարձությունների ժամանակ զոհված տղաների ծնողներն առաջիկայում հանդիպում են նախատեսում միմյանց հետ, որտեղ կքննարկեն հետագա իրենց անելիքները։
Հավելենք, որ Տեր-Պետրոսյանի առաջարկին արձագանքել է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Աժ-ում պատասխանելով իր թիմակցի հարցին՝ առաջին նախագահի առաջարկը վարչապետն անվանեց «ավազակապետական հեղափոխություն»։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: