Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ)Ղեկավար կոմիտեն հայտարարություն է տարածել ի սատարումն գերիների վերաբերյալ Եվրամիության հայտարարությանը։ Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի հայտարարությունում ասվում է հետևյալը․
«ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեն պաշտպանում եւ սատարում է Հայաստանի եւ Ադրբեջանի վերջին հակամարտության գերիների վերաբերյալ ԵՄ՝ 2021թ. ապրիլի 28-ի հայտարարությունը: Այդ հայտարարության մեջ ԵՄ-ն ընդգծում է 2020թ. նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի համաձայնագրի ամրագրումը եւ կրկնում է, որ նոր ջանքեր են անհրաժեշտ երկու կողմերի միջեւ վստահություն կառուցելու եւ կայուն խաղաղության հասնելու համար:
Հայտարարությանը համահունչ՝ մենք ողջունում ենք մինչ այժմ գրանցված դրական, բայց սահմանափակ արդյունքները՝ կապված գերիների ազատ արձակման, մարդկային մասունքների փոխանցման եւ հումանիտար օգնության տրամադրման հետ: Ինչպես խորհուրդ է տալիս ԵՄ-ն, մենք եւս վճռականորեն պաշտպանում ենք այն դիրքորոշումը, որ երկու կողմերն էլ պետք է զերծ մնան թշնամական եւ վիրավորական հռետորաբանությունից, մնացած բոլոր ռազմագերիներին եւ անազատության մեջ պահվող անձանց պետք է թույլ տրվի վերադառնալ իրենց տները, եւ խրախուսում ենք համատեղ ջանքերի գործադրումը, ընդլայնված համագործակցությունն ու թափանցիկությունը հակամարտության տարածքից ականների եւ այլ պայթուցիկ սարքերի հայտնաբերման եւ անվտանգ հեռացման համար՝ խուսափելով նոր զոհերից:
Մենք դրական ենք գնահատում նաեւ ԵՄ հայտարարության երրորդ կետը, որում շեշտվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավոր են կատարել դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցառումները:
ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեն բարձր է գնահատում ԵՄ-ի հանձնառությունը` ուղղված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարատեւ խաղաղության եւ հարգալից երկխոսության հաստատմանը: ԵՄ-ի այսպիսի հստակ եւ հակիրճ հաղորդակցությունը եւ մարդու իրավունքների ոտնահարումներին արագ արձագանքը ճանապարհ են բացում ավելի խորը եւ ամուր գործընկերության համար:
Ամփոփելով, կցանկանայինք հիշեցնել բոլոր կողմերին եւ շեշտել այդ գործընթացներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավման կարեւորությունը` թափանցիկություն, ինչպես նաեւ ձեռնարկված միջոցառումների պատշաճ իրականացում եւ վերահսկողություն ապահովելու համար: Հուսով ենք, որ ԵՄ-ի այս հայտարարությունը դրական եւ խաղաղ զարգացումներ կբերի տարածաշրջանին, որպեսզի բոլոր մարդիկ, անկախ իրենց բնակության վայրից, այժմ կարողանան իրենց ապահով զգալ»:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: