Վարչական դատարանը դատավոր Մերի Համբարձումյանի նախագահությամբ այսօր շարունակում է քննել «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն ընդդեմ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի» գործը։
Նիստին հայցվորի ներկայացուցիչ Մարտուն Ստեփանյանը հայտնեց, որ խախտվել է Տիրան Խաչատրյանի լսված լինելու իրավունքը։
Ներկայացուցիչը, հղում կատարելով ՀՀ սահմանադրության 50-րդ հոդվածին, Մարդու իրավունքների եվրոպական ազատությունների պաշտպանության կոնվենցիայի 13-րդ հոդվածին նշեց, որ չի ապահովվել Տիրան Խաչատրյանի լսված լինելու իրավունքը։ Նա անդրադարձավ նաեւ Yerevan.today լրատվական կայքում Խաչատրյանի վերաբերյալ հոդվածին.
«Քանի որ ժամանակագրական տեսանկյունից դեպքերի դասավորվածությունն այնպիսին է եղել, որ թե՛ հրամանագրի կայացումը, թե՛ Yerevan.today-ի հոդվածի հրապարակումը տեղի է ունեցել միեւնույն օրը, ենթադրաբար հաշվի է առնվում, որ ազատման հիմքում դրված է կայքում հրապարակված հոդվածը։ Սակայն հայցվորից բացատրություն չի պահանջվել այդ հոդվածի վերաբերյալ»,- իր խոսքում նշեց Ստեփանյանը։
Ներկայացուցիչը պնդեց, որ ՀՀ նախագահը խախտել է ՀՀ սահմանադրության 123-րդ հոդվածի 3-րդ մասը. «Հապճեպ որոշումը կայացնելիս նախագահը լիազորություն իրականացնելիս չի ապահովել անաչառություն»։
Ըստ հայցվոր կողմի՝ հայցի հիմքերից մեկն էլ խտրական վերաբերմունքն է։ Նշենք Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը՝ իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ:
Այսօրվա նիստում դատարանը որոշում կայացրեց ՀՀ ՊՆ-ին ևս սույն գործով ներգրավել որպես երրորդ անձ։ Այնուհետև դատավոր Մերի Համբարձումյանն ասաց, որ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է հրավիրել ևս մեկ նախնական դատական նիստ՝ դատավարության նոր մասնակցին ներգրավելու, դատավարությանը մասնակից դարձնելու նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի ներկայացուցչի մասնակցությունը՝ գործի քննությանն ապահովելու և նաև լրացուցիչ ապացույց ձեռք բերելու նպատակով։
Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, 2021 թվականի փետրվարի 24-ին հրամանագրով Խաչատրյանին ազատել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից:
Նշենք, որ Տիրան Խաչատրյանը պաշտոնանկ եղավ է «Իսկանդեր» հրթիռի՝ 10 տոկոս պայթելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ երկար ծիծաղելու համար։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: