Այսօր առավոտյան Արմեն Սարգսյանի գրասենյակը հայտարարություն տարածեց այն մասին, որ նախագահը որոշել է դիմել ՍԴ՝ «Դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Սարգսյանի դիտարկմամբ՝ օրենքն առերևույթ հակասում է Սահմանադրությանը․
«Օրենքով առաջարկվող կարգավորումներն իրավիճակային են և առերևույթ խնդրահարույց իրավական որոշակիության, համաչափության, իշխանությունների տարանջատման, ինչպես նաև դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքներին և պահանջներին համապատասխանելու տեսանկյունից»,- նշված է նախագահի տարածած հաղորդագրության մեջ։
Խորհրդարանն օրինագիծը ստորագրման էր ուղարկել դեռ մարտի 22-ին․ նախագահը երեքշաբաթյա ընթացքում կամ պետք է ստորագրեր կամ դիմեր ՍԴ՝ օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:
«Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագիծը Խորհրդարանում ընդունվեց 81 «կողմ», 15 «դեմ» ձայների հարաբերակցությամբ։ Իշխանական պատգամավորները ողջունելով այն հայտարարում էին՝ սրանով կընդլայնվի դատավորների անկախությունը երաշխավորող Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները, ինչին ի պատասխան ընդդիմադիրները հակադարձում էին՝ սա դատավորներին ճնշելու մահակ է։
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանն օրենքը լրացուցիչ զսպող գործիք է որակում, ինչը թույլ կտա դատավորներին հիշել, որ ցանկացած որոշումից հետո իրենց գործողությունները կարող են քննարկվել ԲԴԽ-ում.
«Փոփոխությունները խնդրահարույց են, պրակտիկ կիրառության հետ կապված բազում խնդիրներ առաջ կգան։ Մի կողմից սա դատական անարդարությունից պաշտպանվելու, իսկ ԲԴԽ-ին ավելի արագ արձագանքելու հնարավորություն է տալիս քաղաքացիներին, մյուս կողմից՝ օրենքը լրացուցիչ ճնշում կլինի դատավորների վրա։ Բացի այդ, դատավորն իր այդ զգուշավորությամբ կարող է այլ դատական սխալներ թույլ տալ, քանի որ շատ դեպքերում չափից շատ զգուշավորությունը հանգեցնում է ողջամիտ ժամկետների քննության խախտման»,- Forrights-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց ԲԴԽ անդամը։
Հաջորդ դրույթը, որ տեղ է գտել օրենքում, հնարավորություն է տալիս Խորհրդին դեռևս դատաքննության փուլ չմտած գործը դատավորից վերցնել և փոխանցել մեկ այլ դատավորի։ Բեքմեզյանը, ով օրենքի փոփոխություններից առաջ իր առանձին տեսակետն է ուղարկել խորհրդարան, այս դրույթը ևս «հակասական» է որակում։ Ըստ նրա՝ ԲԴԽ այս կազմը թույլ չի տա դատավորից գործը վերցնելու դրույթով ճնշում գործադրել դատավորի վրա։ Բայց հետագայում այն, միևնույն է, խնդիրներ կարող է առաջացնել.
«Վիճահարույց է որոշել, թե որ դատավորն է ավելի մասնագիտացած այս կամ այն գործը քննելիս, որը` ավելի քիչ: Եթե դատավորը սխալ է դատական գործընթացն իրականացնում, ապա կան տարբեր այլ մեխանիզմներ` այդ դատավորի նկատմամբ ներազդելու, այն է` կարգապահական վարույթ հարուցել, ԲԴԽ դիմել և այլն։ Ես չեմ ցանկանա, որ Խորհուրդը դառնա վերաքննիչ մարմին։ Եթե դատավորը կայացնում է սխալ դատական ակտ, ապա դա պետք է բողոքարկվի Վերաքննիչ կամ Վճռաբեկ ատյաններում, իսկ նման կարգավորման դեպքում, կողմերը կարող են չսպասել Վերաքննիչ, այլ միանգամից կդիմել ԲԴԽ, ինչն արդարադատության կողմից ճիշտ չէ»:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փորձագետ Հասմիկ Հարությունյանը, դատական գործի քննությունը մի դատավորից մյուսին փոխանցելու օրենսդրական փոփոխությունը «վտանգավոր է» համարում։ Իրավաբանի դիտարկմամբ` Խորհրդի դատավորների կողմից գործերի քննությանն ու բաշխմանը ուղղակի միջամտելու հնարավորություն տալը ոչ միայն չի բխում վերջինիս Սահմանադրական լիազորություններից ու նպատակային նշանակությունից, այլ նաև լուրջ վտանգ է նախատեսում դատավորների անկախության համար․
«Դատական օրենսգրքի պարբերական բնույթ կրող, և հատկապես դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտի փոփոխություններն ու ԲԴԽ-ին մենաշնորհային իրավասություններ տրամադրելը չի բխում դատական իշխանության անկախության ու առողջացման նպատակներից, ավելին, ունակ է ավելի խորացնել առկա խնդիրները»,- նկատում է Հարությունյանը։
Մի շարք հասարակական կազմակերպություններ դեռ նախագիծ եղած ժամանակ քննադատեցին իշխանության այս առաջարկները։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան անգամ յոթ էջից բաղկացած հայտարարությամբ հանդես եկավ, առանձնացնելով այն դրույթները, որոնք, ըստ իրենց, խնդրահարույց են։
ՀՔԱՎ-ն օրենսդիրի ուշադրությունը հատկապես հրավիրել է այն հանգամանքին, որ օրենքով սահմանափակումներ կդրվեն կողմերի միջնորդություններ ներկայացնելու, բացարկներ հայտնելու իրավունքի վրա։ Ըստ կազմակերպության՝ ստացվում է, որ դատաքննության ընթացքում մի քանի՝ նույնիսկ տարբեր առարկա և հիմք ունեցող միջնորդությունների ներկայացումը հնարավոր է դիտել որպես այդ դատավարական իրավունքի պարբերաբար չարաշահում․
«Սա ուղղակի չեզոքացնում է քրեական դատավարության հիմնարար սկզբունքները, և գործնականում այս դրույթի կիրառումը հանգեցնելու է արդար դատաքննության իրավունքի կոպիտ խախտումների»,- նշում է գրասենյակը։
Նշենք, որ ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը քիչ առաջ Forrights—ին տեղեկացրեց, որ օրենքների՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 78-րդ, 79-րդ և 173-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ նախագահ Սարգսյանի դիմումն այսօր մուտքագրվել է:
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: