Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավթիի նստավայրում շարունակվեց «Սասնա Ծռեր 2» քրեական գործի քննությունը՝ 10 ամբաստանյալներով: Այսօր նիստին պետք է հարցաքննվեին գործով տուժող ճանաչված, ՊՊԾ գնդում պատանդառված ոստիկանները, սակայն «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը միջնորդությամբ հանդես եկավ:
Պաշտպանը Ղարագյոզյանը միջնորդեց դատարան հրավիրել Խանդոյանի կնոջը՝ Անուշ Խանդոյանին, որպեսզի վերջինս իր դիրքորոշումը հայտնի ամուսնու մասով գործի վարույթը շարունակելու կամ կարճելու շուրջ:
Միաժամանակ, պաշտպանը համոզմունք հայտնեց, որ Խանդոյանի մասով գործի վարույթը պետք է կարճվի.
«Նրա արարքներում չի եղել հանցագործություն, նա ապստամբել է նախորդ ռեժիմի դեմ, որի հրամանով ենթարկվել է խոշտանգումների: Եթե դատարանը, այնուամենայնիվ, որոշի շարունակել գործի քննությունը, Խանդոյանի կինը պետք է ներգրավվի որպես նրա իրավահաջորդ»,- նշեց Արա Ղարագյոզյանը:
Դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց նրա միջնորդությունը, հայտարարելով՝ հաջորդ նիստում Անուշ Խանդոյանը կներկայանա դատարան:
Դատական նիստը հետաձգվեց: Քրեական գործի քննությունը կշարունակվի նոյեմբերի 14-ին:
Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը մահացել է հոկտեմբերի 10-ին, նախնական վարկածով՝ սրտի կաթվածից:
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: