Լեւոն Մանուկյանը հրաշքով էր փրկվել ութնօրյա շրջափակումից: Ընդամենը չորս օր հետո նա վերադառնում է արդեն թշնամու հսկողության տակ գտնվող Մատաղիս` հավատալով, որ դեռ հնարավոր է այն հետ վերադարձնել: Լեւոնը զոհվում է հոկտեմբերի 14-ին` Մատաղիսի իր դիրքերը վերադարձնելու մարտերում:
Զինվորի մայրը, Նելլի Ղահրամանյանը մեզ է մեկնում մի լուսանկար, որտեղ պատկերված են որդու վաշտի տղաները:
«Վաշտում 50 հոգի էին: Հիսուն հոգուց ողջ են մնացել 9: Մի մասը զոհվել է Թալիշում, մյուս մասը` Մատաղիսում : Տղաս շրջափակման մեջ էր եղել սեպտեմբերի 29 –ից հոկտեմբերի 8-ը: Այդ ընթացքում բազմաթիվ հերոսություններ է արել, փրկել է ընկերներին, կամավորների, բոլոր վիրավորներին օգնել է դուրս պրծնել շրջափակումից: Ամսի ութին զանգեց, ասեց` մամ ջան, ես շրջափակումից դուրս եմ եկել: Իմ արած լավությունները իմ դեմ ա եկել: Մինչեւ հիմա նրա ձայնը ականջներումս է: Այնքան ուրախ է, ասեց` ընկերներիս փրկել եմ, կոմանդիրիս փրկել եմ, հիվանդանոցում պառկած են, գնացեք տեսեք: Ես գնացել եմ բոլորին տեսության : Ու երբ գնացի, ինձ բոլորը ասում էին, թե ինչ հերոս տղա ունեմ, Լեւոնով պետք է հպարտանամ»,- պատմում է մայրը:
Հիշելով որդու հետ վերջին հեռախոսային խոսակցությունը, Նելլի Ղահրամանյանը պատմում է, որ նրա ձայնում կասկած անգամ չի եղել, որ պետք է վերադառնալ Մատաղիս. « Ասեցի` Լեւոն ջան, մի քանի օր է ինչ շրջափակումից փրկվել ես, չե ՞ ս կարող չգնալ: Ասեց` մամ, չեմ կարող: Ես երդում եմ տվել էնտեղ, իմ ընկերների դիերը էնտեղ են… հոկտեմբերի 13-ին վերջին անգամ խոսեցինք, ամսի 14-ին տղաս զոհվեց»:
Նելլի Ղահրամանյանը համոզված է` ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել, եթե զինվորների կողքին լավ սպաներ լինեին: « Լեւոնս ասում էր` մամ ջան, բան չմնաց, երեք ամիս մնաց, կգամ, կհասնեմ: Բայց ավաղ, չթողեց թշնամին: Թե թուրք թշնամին, թե հայ թշնամին: Եթե ուզենային, կարող էին պահել մեր էրեխեքին… Չգիտեմ էս ինչ արեցին, մեր հերոս բալեքին կործանեցին, թողեցին, անտերության մատնեցին: Եթե լինեին խելացի մարդիկ, չթողնեին փախնեին… Այ հայրենասերը այն սպաներն են, որոնք որ զոհվել են իրենց զինվորների հետ, նրանց հետ հավասար մարտնչելով: Չկա մի ծնող, որ ասի, որ վերջին պահին իր զինվորի կողքը սպա է եղել»,- պատմում է մայրը:
Նա նշում է, որ որդին հուղարկավորված է Եռաբլուրում` ընկերների կողքին. « Մենք ուզեցինք, որ որպես հերոս հերոսների կողքին լինի: Բոլորն են հերոս, կարեւոր չի Եռաբլուրում են, թե ոչ: Բոլորը մեր հերոսներն են, բայց մենք էսպես հերոսներ չէինք ուզում: Ես ուզում էի, որ ինքը ոտքով հերոս լիներ: Ես չարությամբ չեմ լցված, բայց ես ատում եմ այն մարդկանց, ովքեր դավաճանեցին մեզ: Ովքեր մեր էրեխեքին կործանեցին, կյանքի թելը կտրեցին, տան ճրագները մարեցին … Եռաբլուրում ահավոր վիճակ ա: Չորս կողմից բալա են գոռում: Բոլորը իրենց բալեքին էին սպասում»:
Անի Գևորգյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: