«Գերիներին չվերադարձնելը և մարմինների ու անհայտ կորածների որոնման հարցերում խոչընդոտներ հարուցելը տեղավորվում է Ադրբեջանի իշխանությունների հայերի հանդեպ ատելության քաղաքականության մեջ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Օմբունդսենը հիշեցրեց, որ ադրբեջանական կողմը չի հաստատում գերիների թիվը, որոնց մեջ, հավանաբար, կանայք կան․ նրանց քաղաքականությունը հիմնված է ատելության վրա․
«Գերիներին վերադարձնել հրաժարվելով՝ Ադրբեջանը հոգեկան ցավ է պատճառում նրանց հարազատներին և փորձում է հասարակության մեջ լարվածություն հրահրել: Նրանց իշխանությունները սա հրաշալի գիտակցում են, և չնայած դրան՝ շարունակում են: Բացահայտ չարաշահում են բոլոր իրավաբանական ընթացակարգերը: Գերիներին ահաբեկիչներ են ներկայացնում և այնպես են խճճվել ստի մեջ, որ մերթ ասում են՝ ովքեր նոյեմբերի 9-ից հետո են, ահաբեկիչ են, ովքեր մինչև՝ գերիներ, հետո, որ բոլոր գերիներին վերադարձրել են։ Նրանք այս սկզբունքով են գործել նաև մինչ պատերազմը: Օրինակ՝ «սև ցուցակի» գաղափարը: Ադրբեջանն այսպես փորձել է Արցախը մեկուսացնել արտաքին աշխարհից»,- նշում է Թաթոյանը:
Անդրադառնալով Հայաստանի տարածքում ադրբեջանական ոտնձգություններին՝ պաշտպանը հայտնեց, որ Սյունիքի մարզի Արավուս գյուղում ադրբեջանցիներն ասել են՝ եթե մինչև այս ժամը չլքեք գյուղը, հենց հիմա դրոն ենք ուղարկում՝ գա, գյուղը ոչնչացնի․
«Սա նշանակում է, որ, ի սկզբանե նրանց ներկայությունն այդտեղ ապօրինի է, վտանգում է ՀՀ քաղաքացու, բնակչի իրավունքները։ Դրա համար է նաև, որ մենք առաջ ենք քաշել անվտանգության գոտու գաղափարը, որ ադրբեջանցիները պետք է այդտեղից հեռանան՝ իրենց ցուցանակներով ու զինվորներով հանդերձ։ Նրանց հեռանալուց հետո մեր ԶՈւ-ն, սահմանապահ ուժերը նույնպես պետք է տեղաշարժվեն այդտեղից, որ անվտանգության գոտին լիարժեք հասանելի լինի ՀՀ քաղաքացիների համար»,- ասաց նա։
Թաթոյանն ընդգծեց՝ այսօր որևէ դեմարկացիայի կամ դելիմիտացիայի մասին խոսք չի կարող լինել, որովհետև սահմանազատումն ու սահմանագծումը բոլորովին այլ երևույթներ են։
«Ընդ որում, դրանց կատարման համար անհրաժեշտ են նաև հանձնաժողովային աշխատանքներ, երկար տարիների պրոցեսներ են։ Դրա համար ադրբեջանցիների՝ այնտեղ հայտնվելը ոչ մի իրավական տիտղոս չունի, որովհետև նրանք այնտեղ են հայտնվել պատերազմի և ուժի սպառնալիքի գործադրման հետևանքով»,-ասաց նա։ Թաթոյանը նաև հայտարարեց՝ Ադրբեջանի իշխանությունները բացահայտ կերպով Հայաստանին, հայերին համարում են իրենց թշնամին։
«Ընդ որում, թշնամանքը ոչ միայն էթնիկ հիմքով է, այլև կրոնական։ Այնտեղ կա խորքային ատելություն ՀՀ քաղաքացիների, հայ ժողովրդի նկատմամբ, և, առհասարակ, նույնիսկ ՀՀ-ի հետ կապ ունեցող մարդու նկատմամբ։ Խոսքը վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին, այլև Թուրքիային։ Ադրբեջանում վարվում է պետական բացահայտ հովանավորչությամբ ատելության քաղաքականություն, և Ադրբեջանի նախագահը երբեք չի թաքցրել դա, վերջերս էլ հպարտանում էր, որ Ադրբեջանում մեծացել է հայերի նկատմամբ թշնամանքով լցված սերունդ»,-ասաց նա ՝ընդգծելով, ՀՀ-ում, ընդհակառակը, խաղաղասեր բնակչություն է։
«Հայաստանի բնակչությունը երբեք չի առաջնորդվել թշնամական զգացումներով, ՀՀ-ում նաև ազգային փոքրամասնություններ կան, և հայ ժողովուրդը բոլորի հետ ապրում է խաղաղասիրական պայմաններում»,-նշեց Թաթոյանը
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: