ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները լքեցին դատական նիստերի դահլիճը՝ դեմ արտահայտվելով գործով դատաքննության փուլի մեկնարկին։
Նշենք, որ պաշտպանական կողմը պատրաստվում էր միջնորդություն ներկայացնել՝ մինչև ՍԴ կողմից որոշումը գործի վարույթը կասեցնելու կամ առնվազն դատական նիստը հետաձգելու մասին, ինչը դատարանը թույլ չտվեց՝ հայտարարելով դատաքննություն և մեղադրող կողմին առաջարկեց հրապարակել մեղադրական եզրակացությունը։
Պաշտպան Կարեն Մեժլումյանը հայտարարեց, որ այդ հիմքով ցանկանում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավորին, քանի որ վերջինս հապճեպ փորձում է անցնել դատաքննության։
«Անում եք այն, ինչ Վերաքննիչ դատարանում այս գործով արել է Արմեն Դանիելյանը »,- նշեց նա։
Մինչ դատախազները կհրապարակեին մեղադրական եզրակացությունը՝ պաշտպանները լքեցին դատական նիստերի դահլիճը։ Նախագահող դատավորի դիտարկմամբ՝ նրանք լքել են դատական նիստերի դահլիճն առանց դատարանի թույլտվության և վերջիններիս վարքագիծը կքննարկվի հաջորդ դատական նիստին։
Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, որի ընթացքում մեղադրանքի կողմը կհրապարակի մեղադրական եզրակացությունը։
Հիշեցնենք՝ սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: