«Հանրային հեռուստաընկերությունն օրենքի տրամաբանությանը հակառակ է գործել, չի ապահովել բազմակարծության սկզբունքը: Ոչ ոք իրավունք չունի հայտարարելու, որ Հանրայինը պաշտոնական լրատվամիջոց է»,- այսօր տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ հայտարարեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի նախագահ Արթուր Սաքունցը:
Հանրային հեռուստաընկերության ծրագրերի ղեկավար Վահագն Թևոսյանը հակադարձեց այս պնդմանը: Նա շեշտեց, որ Հանրայինն ամեն դեպքում պետք է հանրային մնա և ցույց տա պետության դեմքը.
«Հանրային հեռուստաընկերությունը շարունակում է մնալ պետության և իշխանության դեմքը, սակայն եկեք փաստենք, որ այսօր մենք ունենք ամբողջովին ճիշտն ասելու հնարավորություն: Հանրայինը շարունակում է ներկայացնել պետության պաշտոնական դեմքը, շարունակում է ցուցադրել իշխանական կողմերին, շարունակում է ներկայացնել պետական շահը, բայց հեռուստադիտողը դրանից արդեն չի նյարդայնանում»,- իր խոսքում նշեց Թևոսյանը:
Թավշյա հեղափոխությունից ամիսներ են անցել, փոխվել են գործադիր իշխանությունները, հեռուստաընկերություններում ավելացնել նոր դեմքերը, սակայն Հանրային հեռուստաընկերությունում դեռ պահպանվել են հին դրույթները. խոսքի իրավունքի սահմանափակումը դեռևս իր դիրքերում է:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը շարունակում է չդիտել Հանրային հեռուստաընկերության, նշելով՝ էական որևէ փոփոխություն մինչ օրս չի նկատել:
«Տարիներ շարունակ այնպիսի խայտառակ դրվագներ, որ մեզ է տվել Հանրայինը, չեմ կարող հիշել ուրիշ ԶԼՄ-ների պատմությունից: Երբ Մարտի 1-ի գիշերը մարդկանց էին գնդակահարում, մենք այս մասին իմանում էինք կամ միմյանցից կամ դեպքի վայրում լինելով: Բեմադրված, ցուցադրական «հարցազրույցներ» երկրի առաջին պաշտոնյանների հետ, վերահսկված հարցեր, մոնտաժված-կտրված խոսքեր, մարդկային «սև ցուցակներ, որոնք իրավունք չունեին ոտք դնել Հանրային…սա է եղել հեռուստաընկերության դեմքը տարիներ շարունակ»,- իր խոսքում նշեց նա:
Լևոն Բարսեղյանը փաստեց, որ հեղափոխությանը հաջորդած ամիսներին ընթացքում ինքը շատ է սպասել հանրության շրջանում քննարկվող դեմքերի մասնակցությամբ հարցազրույցների, սուր բանավեճերի, բազմակարծիքային հաղորդումների, սակայն դրանք այդպես էլ չեն եղել.
«Ես պատերացնում էի, որ Հանրայինն օրը 3-4 հատ նմանօրինակ հաղորդումներ կստեղծի: Հավատացեք, 3-4 մլրդ բյուջեով հեռուստատեսության համար այդ հաղորդումները թանկ հաճույք չեն. եթե բովանդակությունը տեղը լինի, կարիք չի լինի մեծ տեղ տալ տաղավարային ձևավորմանը, դիզայնին, գրաֆիկային և այլնին: Եթե հաղորդավարի կամ օպերատրի հաստիքն է խնդիրը, ապա հավատացեք, կգտնվեն շատ լրագրողներ և օպերատորներ, որոնք հաղորդումը կպատրաստեն առանց որևէ գումարի: Հենց սա էլ կդառնա հանրային, Հանրային հեռուստաընկերություն»,- ասաց Բարսեղյանը:
Վահագն Թևոսյանը, չնայած մեծ մասով համաձայն էր հնչեցված նկատառման հետ, այնուամենայիվ հակադարձեց, շեշտելով՝ մեծ ջանք է պահանջում բանավեճի հրավիրել անձանց.
«Նրանք ուղղակի խուսափում են՝ առաջ բերելով մի շարք հանգամանքեր՝ այս էտապն ինձ հարմար չի, ես զբաղված եմ, աշխատում եմ և այլն և այլն»,- ի պատասխան նշեց Թևոսյանը:
Քննարկման ավարտից հետո Forrights-ը զրուցեց «Խոսքի ազատության պետական կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ: Նա նկատեց, որ հեռուստաընկերությունն այս ամիների ընթացքում զուտ «կոսմետիկ» փոփոխության է ենթարկվել, այնինչ Հ1-ն արմատական փոփոխությունների կարիք ունի: Վերջինս հայտարարեց, որ դեռ տարիներ շարունակ ինքը շեշտում էր՝ Հանրային հեռուստաընկերությունը պետք է լինի հանրության դեմքը, այլ ոչ թե պետության:
«Հանրային հեռուստաընկերությունը պետք է արտահայտի հանրության այն բազմազանությունը, որը, անհրաժեշտության դեպքում, կարող է անգամ շրջանցել «պետություն» հասկացությունը: Հանրայինը պետք է պաշտպանի հանրության շահերը, այլ ոչ թե «օրվա իշխանության»: Հ1-ն արդեն սովորել է աշխատել որպես «իշխանության խոսափող». նկատենք, որ եթե առաջ թոփ լուրերը սկսվում էին «Սերժ Սարգսյան»-ով, ապա հիմա ուղղակի անունը փոխված է «Նիկոլ Փաշինյան»-ով»,- մեզ հետ զրույցում ասաց Մելիքյանը:
Մոտ 3 ժամ տևողությամբ քննարկումը ևս մեկ անգամ ամրապնդեց այն կարծիքը, որ Հանրային հեռուստաընկերությունում բազմակարծությունը ներկայացնելու խնդիր կա: Այն շատերի ենթագիտակցության մեջ շարունակում է մնալ «իշխանական» հեռուստաալիք, և բնավ կապ չունի, թե որ իշխանական ուժին է պատկանում հեռուստատեսությունը:
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: