Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կդիմի ՀՀ իշխանություններին, միջազգային կառույցներին՝ Արցախի անկախությունը ճանաչելու համար, եթե Ադրբեջանն առաջիկա 1-2 օրվա ընթացքում պատրաստակամություն չհայտնի հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար:Այս մասին Հարությունյանն ասաց մամուլի ասուլիսին:
«Դեռ վերջնական չեմ ուզում ասել արդեն ձևավորված կոալիցիայի, ահաբեկիչների, Թուրքիայի և Ադրբեջանի պահվածքն ինչպիսին է լինելու, ինչքանով են հարգելու ՌԴ-ի միջնորդությունը, ինչքանով են հարգելու միջազգային կառույցների կոչերը, հայտարարությունները և խորհուրդները ու գալու կրակի դադարեցման, որպեսզի առաջին հերթին լուծենք հումանիտար խնդիրները, հետո միայն բանակցությունների գնանք: Այս տարածաշրջանում, ոչ թե ղարաբաղա-ադրբեջանական պայքար է, ոչ թե Արցախի ժողովրդի և ինչ-որ տեղ Ադրբեջանի ժողովրդի ապագայի խնդիրն է, այլ թաքնված են շատ ավելի ծանր, մարդկությանը վտանգ սպառնացող խնդիրներ կամ ծրագրեր»,- նշեց Հարությունյանը:
Նա ընդգծեց՝ եթե առաջիկա 1-2 օրվա ընթացքում չզգան Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման, ապա դիմելու է առաջին հերթին ՀՀ իշխանություններին, ապա միջազգային կառույցներին և աշխարհի բոլոր երկրներին՝ ճանաչելու Արցախի անկախությունը:
«Իհարկե, այստեղ մենք կտեսնենք այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքները, որոնք հարգում են միջազգային իրավունքները, ազգերի ինքնորոշման իրավունքը: Աշխարհը կտեսնի նաև այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին: Այն պետությունները, որոնք աջակցում են Ադրբեջանին՝ աջակցում են միջազգային տեռորիզմին և պետք է նրանց ցուցակագրել, ու այդ երկրների ժողովուրդներն էլ պետք է գիտակցեն իրենց իշխանությունների վարքագիծը: Այդ բոլոր իշխանությունները պետք է պատասխան տան մարդկության և ամենակարևորը՝ Աստծո առաջ»,- ասաց ԱՀ նախագահը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: