Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, որտեղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննությունն է ընթանում, բռնի ուժով բերման ենթարկվեցին քաղաքացիներ։
Դատարանի բակում հավաքված Ծառուկյանի աջակիցների միջեւ տեղի ունեցավ միջադեպ, որից հետո ոստիկանները 2 քաղաքացու բերման ենթարկեցին։
Ըստ Երեւան քաղաքի հասարակական կարգի ապահովման տեսուչ Լեւոն Ղազարյանի՝ բերման ենթարկված քաղաքացիները դիմակ չեն կրել։
«Ոստիկանությունն իր օրինական գործողությունն իրականացնելիս օրենքով նախատեսված դեպքերում կարող է նաեւ կիրառել ուժ։ Դիմակ չկրելու համար, սկսել են վիճաբանել ոստիկանության ծառայողների հետ եւ օրինական պահանջը չեն կատարել»,- ասաց Ղազարյանը։
Հարցին՝ արդյոք ոստիկանների կողմից քաղաքացուն բերման ենթարկելու գործողությունը հավասարաչա՞փ էր, նա մեկնաբանեց. «Ձերբակալում իրականացնելիս Ոստիկանության ծառայություն իրականացնողները կարող են կիրառել նաեւ ֆիզիկական ուժ։ Ոստիկանները հարգալից մոտենում են, ներկայանում են, ներկայացնում են իրավախախտումը, սակայն քաղաքացիները խուսափել են իրենց անձնական տվյալները ներկայացնել»։
Նշենք, որ այս պահին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: