Վերջին տասնամյակում ըմբոստ կեցվածքով առանձնացող քաղաքական գործիչ, տարբեր քաղաքական նախաձեռնությունների և շարժումների մասնակից Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ Երևանի դատարանը 2017 թվականից գործ է քննում՝ արդեներեք տարի: Այն վերաբերում է Սասնա Ծռերի ապստամբության օրերի մի դրվագի: Մեղադրականին ծանոթանալիս «դեժավյու» ես ապրում: Թվում է, թե դեռ Սերժ Սարգսյանի ժամանակներն են:
Ըստ դատախազության, Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին Երևանում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, փորձել է միանալ զինված խմբին, որը պարեկապահակային ծառայության գնդի շենքերն էր զավթել, ոստիկաններ ու բուժաշխատողներ էր պատանդ վերցրել, որ մարդկանց Ազատության հրապարակից փորձել է տանել Սարի թաղ, նրանց ասել է, որ քարերով խփեն ոստիկաններին, նպատակ է ունեցել «խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով»:
Դատարանն անցնող երեք տարում ծանոթացել է դատախազության ապացույցներին, լսել է մոտ երկու տասնյակից ավելի տուժողների, որոնց մեծ մասը ոստիկաններ են, և մոտ այդքան էլ վկաների: Այս երեք տարում անտրամաբանական, հեքիաթային ցուցմունքներ է լսվել դատարանի դահլիճում, որոնք, ամփոփելով դատաքննության երեք տարին, օգոստոսի 10-ին Անդրիաս Ղուկասյանը վերհիշեց «Մեդիա Կենտրոնում» հրավիրված ասուլիսի ժամանակ:
Տուժող ոստիկաններից մեկը, օրինակ, ասել է, որ զանգվածային անկարգության ժամանակ Անդրիասի հրահրմամբ նետված քարը դիպել է իր կոշիկին և ցավ է պատճառել իրեն: Վկաների թվում կա անձ, որը երեք անգամ դատվել է, հաշվառված է եղել բուժհաստատությունում ու ունի շիզոֆրենիա հիվանդություն: Մեկ այլ նախկինում դատված վկա էլ, որը տառապում է երկրորդ աստիճանի ալկոհոլիզմով, հաշվառված է և համապատասխան բուժհաստատությունում, ցուցմունք է տվել, թե Անդրիասը իր ելույթում կոչ էր անում մարդկանց Ազատության հրապարակից քարեր հավաքել ու տանել Սարի թաղ:
Ոստիկանները որպես ապացույց դատարան են բերել իրենց մահակները, որոնցով նրանք տարիներ շարունակ մարդ են ծեծել, ու պնդել են, որ այդ մահակների վրայի վնասվածքները Անդրիասի կոչով ոստիկանների ուղղությամբ նետված քարերի հետքերն են, որ ցուցարարները և Անդրիասը քարեր նետելով իրենց մահակների ուղղությամբ,փչացրել են իրենց «գույքը»:
Բոլոր այս ցուցմունքները, որոնք տեղ են գտել մեղադրանքի հիմնավորումներում, դատարանը լսել է ամենայն լրջությամբ և մանրամասնորեն, և այժմ Անդրիաս Ղուկասյանը մտավախություն ունի, որ չի հասցնի ներկայացնել իր ապացույցները։ Բանն այն է, որ նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանը օգոստոսի 23-ին պետք է գնա թոշակի։
Պաշտպանական կողմը դատական մեկ նիստ ունի իր հակափաստարկները ներկայացնելու, այնուհետև կարդալու են մեղադրական եզրակացությունը։ Այժմ Անդրիասը այլընտրանքի առաջ է՝ բավարարվել մեկ նիստով, ինչն անհնար է լինելու, կամ սպասել, որ գործով նոր դատավոր նշանակվի, իսկ այս դեպքում դատաքննությունը կվերսկսվի զրոյից։
Forrights.am-ի հետ զրույցում Անդրիաս Ղուկասյանը համոզմունք հայտնեց, որ դատախազությունը միտումնավոր է ստեղծել այս իրավիճակը, ձգձգելով դատաքննությունը։ «Դատախազությունն առ այսօր շարունակում է այս գործը պնդել, և սա վկայում է դատախազության իրավահաջորդության մասին: Սա մի մարմին է, որի համար հեղափոխություն Հայաստանում չի եղել, որը շարժվում է այն կանխավարկածով, որ Սերժ Սարգսյանը պարզապես հրաժարվել է պաշտոնավարումից և Հայաստանում չի եղել կոռուպցիոն ռեժիմ, չի եղել քրեաօլիգարխիկ համակարգ, և նախկինում Սերժ Սարգսյանի պատվերով ձեռնարկված գործերը դատախազությունը շարունակում է տանել առաջ լիարժեք անպատժելիության մթնոլորտում»: Անդրիաս Ղուկասյանն իր դատավարության ելքը կապում եք «Սասնա ծռերի» գործի հետ։
«Իմ կարծիքով, դատախազությունը հասկանում է, որ այս գործը փլուզվել է, և հավանականությունը, որ իրենք կհասնեն որևէ արդյունքի, կապված է ոչ թե իրավական, այլ քաղաքական հանգամանքի հետ: Դատավորի վրա պետք է ճնշում լինի, որ նա անտեսի դատարանում հնչած բոլոր փաստերը ու դատախազությանը հաճո դատավճիռ կայացնի: Իրենք հասկանում են, որ եթե գործն ավարտվի արդարացման դատավճռով, ի հայտ կգա, որ «Սասնա Ծռերի» գործերը նույնպես սպիտակ թելերով են կարված», — նշում է Անդրիասը:
Նա բազմաթիվ նմանություններ է նկատել երկու գործերի միջև՝ նույն անհեթեթ, անտրամաբանական ապացույցները նաև «Սասնա Ծռերին» առաջադրված մեղադրանքի հիմքում են։ Օրինակ, բանկոմատի կոտրելու ու փողը գողանալու դրվագը: Ըստ գործի նյութերի, 2016 թվականի հոկտեմբերին համար 1032 զորամասի հրամանատարը զեկուցագիր է ներկայացրել որ ինքը հուլիսի 30-ին «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամներից մեկին հիվանդանոց տեղափոխելու ժամանակ կատարել է խուզարկություն և բացահայտել է նրա մոտ 3 մլն դրամ: Ըստ զեկուցագրի, նա այդ 3 մլն դրամը դրել է մեքենայի մեջ և մոռացել է դրա մասին, հիշել է միայ ն հոկտեմբերին: Զեկուցագրով դա հանձնել է քննչական մարմնի, ներկայացնելով, որ դա եղել է այդ մարդու մոտ բացահայտված փող:
«Դատարանն այս ապացույցը ընդունեց հալած յուղի տեղ, — ասում է Անդրիաս Ղուկասյանը, — և դրա հիման վրա մարդկանց մեղադրանք է առաջադրել։ Այդպիսի օրինակները բազմաթիվ են: Բոլորը լռում են, որ օպտիկական նշանառության զենքը, որն,իբր, ըստ դատական գործի նյութերի, «Սասնա Ծռերից» Սմբատ Բարսեղյանն էօգտագործել, գնդի հրամանատարի անձնական որսորդական զենքն է, և ոչ ոք հարց չի տալիս, թե այդ զենքը ինչ գործ ուներ ՊՊԾ գնդում։ Փորձաքննության եզրակացությունը ցույց է տվել, որ ոստիկաններից Յուրիկ Թեփանոսյանն այդ զենքից է սպանվել»:
Իշխանությունը ինչպե՞ս է վերաբերվում այս գործերին։ Կ՞ա ինչ-որ ուղորդում, թ՞ե նեյտրալ վերաբերմունք ունի։
Forrights.am-ի հարցին Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց․ «Իմ կարծիքով, քաղաքական իշխանությունը հովանավորում է բոլոր նրանց, ովքեր կեղծում էին այդ գործերը, շինծու ապացույցներ էին բերում, կեղծ ցուցմունքներ էին տալիս: Քաղաքական իշխանությունը հովանավորում է գլխավոր դատախազին, առ այսօր նրան անվստահություն չի հայտնել, ինչը նշանակում է, որ քաղաքական առումով իշխանությունը պատասխանատու է նրա համար։ Իսկ մյուս ողջ իրավական համակարգը անգործություն է ցուցաբերում: Կարճվեցին Սարի թաղում բռնություններ իրագործած ոստիկանների դեմ հարուցված գործերը։ Դրանցով որևէ մեկին պատասխանատվության կանչելու մտադրություն չկա»։
Նախկինում Անդրիաս Ղուկասյանը ևս մեկ ապացույց էր բերել այն բանի, թե ինչպես են անձինք, ովքեր պաշտոնական հանցագործություներ, կամ անփութություններ են թույլ տվել, ոչ միայն չեն պատժվել դրա համար, այլ նույնիսկ բարձր պաշտոնների են նշանակվել։
Հայտնի փաստ՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը 2016 թվալանին հունսի 20-ին որոշում էր կայացրել գաղտնալսելու Անդրիաս Ղուկասյանի հեռախոսները, 2015 թվականի դեկտեմբերի վեցին սահմանադրական հանրաքվեի ժամանակ ինչ-որ գործողություններ կանխելու նպատակով։ Այդ որոշման առաջին էջին գրված է, որ միջնորդությունը բերել է ներկայում Սյունիքի մարզպետ, այն ժամանակ ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանը, իսկ որոշման մեջ նշված է, որ բավարարվել է մեկ այլ ոստիկանի տեղակալի միջնորդությունը:
«Այդ աստիճանի փնթի դատական ակտ կազմելը որևէ հետևանք չի ունեցել։ Ինչպե՞ս դա մեկնաբանել»:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: