«Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամ Ժիրայր Սեֆիլյանն այսօր վկայի կարգավիճակով հարցաքննության էր հրավիրված Ոստիկանության կենտրոնական բաժնում։
Հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում Սեֆիլյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտարարեց, որ իր գնահատմամբ՝ Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում ընդդիմադիր դիրքորոշման պատճառով․
«Սա պարոն Սեֆիլյանի, «Սասնա ծռեր» համահայկական շարժման, ինչպես նաև Ազգային ժողովրդավարական բևեռի քաղաքական գործունեությամբ պայմանավորված՝ քրեական հետապնդում է»։
Շուշանյանը տեղեկացրեց, որ Սեֆիլյանին հրավիրել են վկայի կարգավիճակով, քրեական գործը հարուցվել է «168 ժամ»-ում հրապարակված Ժիրայր Սեֆիլյանի ֆեյսբուքյան գրառման հիմքով, որը վերաբերել է դատավոր Մեսրոպ Մակյանին։
Հիշեցնեք՝ Սեֆիլյանը մասնավորապես գրել էր.
«Մեսրոպ Մակյանին և նրա նմաններին տեղեկացնում եմ, որ խստագույնս պատժվելու են իրենց կատարած հանցագործությունների համար»։
Սեֆիլյանի գրառումը հաջորդել էր Մակյանի այն որոշմանը, որով դատական նիստին Սասնա ծռերի անդամներին բերման են ենթարկել։
Շուշանյանն ասաց՝ քրեական գործը հարուցվել է դատավորին զրպարտելու հանցակազմով, իսկ Սեֆիլյանը հարցաքննվել է կասկածյալի շրջանակներում, թեև ծանուցագրում նշված է եղել, որ հարցաքննվում է վկայի կարգավիճակով։
Փաստաբանը նաև ընդգծեց՝ հարցաքննության ընթացքում Սեֆիլյանը վերահաստատել է իր դիրքորոշումը, ավելին՝ պնդել, որ դա վերաբերում է ոչ միայն դատավոր Մակյանին, այլ նաև բոլոր դատավորներին, դատախազներին, քննիչներին, ոստիկաններին, ովքեր այս ամբողջ տարիներին եղել են, Շուշանյանի խոսքով, նախկին իշխանության գործիք և ապօրինի քաղաքական հետապնդումներ են իրականացրել անմեղ մարդկանց նկատմամբ։
Փաստաբանը համոզված է՝ գրառման մեջ որևէ զրպարտություն չկա, Ժիրայր Սեֆիլյանը արտահայտել է իր դիրքորոշումը․
«Այսպես կոչված, թավշա հեղափոխությունից հետո նախկին համակարգը չի փոխվել, մնացել է նույն համակարգը, Նիկոլ Փաշինյանը, ստանձնելով վարչապետի պաշտոնը, ստանձնել է նախորդ համակարգի իրավահաջորդությունը, հեղափոխություն տեղի չի ունեցել, տեղի է ունեցել անձերի փոփոխություն, պարոն Սեֆիլյանին հարցաքննության կանչելը նախկին համակարգի վկայությունն է, սա քաղաքական հետապնդում է պարոն Սեֆիլյանի և բոլոր այն քաղաքական ուժերի նկատմամբ, որի անդամ նա հանդիսանում է»։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: