ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը ՄԻԵԴ որոշումից հետո շարունակում է մնալ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Այս մասին Forrights-ին տեղեկացրեց Քրեակատարողական ծառայությունը։ Այնինչ, Եվրոդատարանի միջանկյալ միջոցն իրենից ենթադրում է որոշման անհապաղ կատարում․
«Պարոն Խաչատրյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ, նա անհապաղ վիրահատության և բժիշկների ստաբիլ հսկողության կարիք ունի: Նրա խափանման միջոցի փոփոխման հարցը պետք է պետությունը նախաձեռնի՝ ի դեմս այն մարմինների, որոնք դրա պատասխանատվությունն ունեն։ Նման պահանջ է սահմանել ՄԻԵԴ-ը»,- Forrights-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՄԻԵԴ-ը բավարարել էր Գագիկ Խաչատրյանի պաշտպանական խմբի դիմումը՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել նրա առողջական վիճակին համարժեք բուժում քաղաքացիական հիվանդանոցում։
Հունիսի 11-ին ՄԻԵԴ դիմում ներկայացնելուց ընդամենը 40 օր անց պատասխանը ստացվեց, ինչը Եվրոդատարանի համար ապշեցնող երևույթ է։ Պաշտպանական խումբն այս ամենը բացատրում է նրանով, որ Խաչատրյանի առողջական վիճակը ծանր է, ուստի նրա նկատմամբ շտապ միջակյալ միջոց է կիրառվել։
Սարգսյանը հստակեցնում է՝ խոսքը ոչ միայն քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու, այլև համարժեք բուժում ապահովելու մասին է․
«Ստրասբուրգյան դատարանը 15-օրյա ժամկետ է տվել Հայաստանին, որպեսզի նա ներկայացնի, թե ինչ քայլեր է ձեռնարկել՝ որոշման կատարման համար։ Շուտով մեկ շաբաթը կլրանա, սակայն ՀՀ կառավարությունը դեռևս լուռ է։ Սակայն, մենք չենք կարծում, որ որոշումը չի կատարվի, քանի որ ժողովրդական և իրավական պետության դեպքում նման բան հնարավոր չի»,- կարծիք հայտնեց Սարգսյանը։
Ըստ պաշտպանի՝ 64-ամյա Գագիկ Խաչատրյանը ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի, որի չկատարումը և կատարման հապաղումը լուրջ և անդառնալի վտանգներ է պարունակում նրա հետագա առողջության և կյանքի համար:
Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։ Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, նա կալանքի տակ է գտնվում շուրջ 11 ամիս։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: