Օրեր առաջ լրացավ 30-ամյա Արմեն Աղաջանյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խոշտանգելու, ապա «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում «մահացած» հայտնաբերելու երկրորդ տարին։ Տուժող կողմն այսօր էլ շարունակում է բարձրաձայնել՝ ողջ ընթացքում արդյունավետ քննություն չի իրականացվել, գործով մեղադրյալ չկա, իսկ խոշտանգող ՔԿՀ աշխատակիցներից մեկն էլ նախորդ տարի ազատ է արձակվել հենց դատարանի դահլիճից։
Տուժող կողմն արդեն երկրորդ բողոքն է ներկայացնում դատարան, սակայն Դատախազությունը կրկին գործի կասեցման որոշում է կայացնում։
Նախորդ դատական նիստին բողոքի քննությունը բավականին թեժ և լարված է ընթացել։ Տուժող կողմի որակմամբ՝ նիստն ուղղակի խայտառակություն էր; Մեղադրող դատախազ Էդգար Պետրոսյանն արդեն երրորդ նիստն է, ինչ պատճառաբանում է, որ քննությունը շարունակվել չի կարող։ Պետրոսյանի խոսքով՝ գործը դեռևս դատահոգեբանական փորձաքննության փուլում է, այդ պատճառով էլ չի կարող դատարան ներկայացնել։ Տուժող կողմը, այնինչ, հակառակն է ապացուցում․
«Արդեն որերորդ դատական նիստն է դատախազ Պետրոսյանը հրաժարվում է դատարան ներկայացնել քրեական գործի նյութերը՝ խոչընդոտելով արդարադատության բուն էությունը։ Այնինչ, մենք դեռ երկու շաբաթ առաջ ենք ծանոթացել փորձաքննությանը և անգամ հայտնել մեր դիրքորոշումը, ինչպես կարող է դատախազը նման բան ասել։ Սա կարող է միայն մի բանի մասին վկայել, որ գործը վերահսկող դատախազը տեղում չէ»,- Forrights-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը։
Նիստին մեղադրող դատախազը նախ առարկել էր դատական գործընթացը տեսանկարահանելու և ձայնագրելու դեմ, պատճառաբանելով, որ այս պահին գործը նախաքննական գատղնիք է պարունակում։ Տուժող կողմը՝ կրկին հակադարձում է․
«Պետրոսյանը նախաքննական գաղտնիքի հետևում թաքնվում է, որ իրականում պարզ չդառնա, թե ինչ է տեղի ունեցել։ Ամբողջ նիստի ընթացքում խառն էր, զանգերի մեջ, ինչը չի թույլատրվում օրենքով, իրեն շատ վատ էր պահում, հոխորտալով խոսում մեզ հետ։ Երբ ես բարձրաձայնեցի կյանքի իրավունքի հարցը, ասեց՝ իսկ ո՞վ ասեց, որ այստեղ կյանքի իրավունք է քննվում»,- վրդովված նշում է փաստաբանը և հավելում՝ Էդգար Պետրոսյանը ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի եղբայրն է։
Արմենի մոր՝ Գայանե Աղաջանյանի համոզմամբ՝ գործը տեղից չի շարժվում, քանի որ շատ փաստեր են թաքցվում։ Նա վերհիշում է, թե ինչպես էր մահացած որդու դեմքը շոյում, երբ նկատում է, որ այն մեծ քանակությամբ գրիմի տակ քողարկված է․
«Շփման ընթացքում գրիմը մաքրվեց ու հայտնաբերվեց տառեր՝ «Ա», հետո էլի տառեր, որոնք արդեն չէին հասկացվում։ Վերնաշապիկի վերին կոճակը բացելով տեսա պարանոցի թարմ վերքերը, որոնք իմ տղայի պարանոցին չպետք ա լինեին։ Մարմնի տարբեր մասերում կային կապտուկներ։ Խեղդվող մարդու պարանոցը կապտում ա, չի կտրվում»,- ցավով արձանագրում է որդեկորույս մայրը։
Նա համոզված է, որ քննչական մարմինների անփութության կամ կանխամտածված քայլերի արդյունքում գործով անցնող կարևորագույն վկան Հայաստանից հեռացել է․
«Այդ տղան վերջին մարդն էր, ով խոսել էր տղայիս հետ, բայց քննչական մարմինները չեն համարել վկա և թույատրել լքել ՀՀ սահմանը։ Հենց նա է պատմել, որ երբ խոսել ա Արմենի հետ, կողքից ձայներ ա լսել, ինչից հետո հեռախոսն անջատվել ա․ դրանից քիչ անց իմ տղային իբր կախված են գտել լոգարանում»։
Տիկին Գայանեն չի հավատում ինքնասպանության վարկածին․ նա համոզված է՝ Արմենին սպանել են; Մայրը վստահ հայտարարում է՝ թույլ չի տալու, որ գործը կոծկվի․
»Որոշել ենք դիմել Գլխավոր դատախազին, որ այնպիսի մարդ նշանակվի մեղադրողի տեղում, ով տեղյակ կլինի գործից և չկոծկի անթաքույց։ Մենք տեսել ենք, որ մեր գործը գտնվում է քննչական բաժնում, այնինչ դատախազն ուզում ա համոզի, որ դեռ փորձաքննիչների մոտ է։ Բացարձակ սուտ, որն ուզում են առաջ քաշել դատարանում, բայց ես թույլ չեմ տալու, մինչև վերջ գնալու եմ»,- ասում է Արմեն Աղաջանյանի մայրը։
Հիշեցնենք, որ Աղաջանյանն ամիսներ շարունակ եղել է հետախուզման մեջ «ինչ-որ մեքենայի առքուվաճառքի հետ կապված»: 2017 թվականի մարտին նրան կալանավորել են և տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ, անտեսելով Արմենի առողջական վատ վիճակը և կողի հատվածում առկա բաց աղիքը, ծեծել և բռնության են ենթարկել:
Տուժող կողմը պնդում է, որ Արմենին խոշտանգել են չորս հոգով, այնինչ սկզբում մեղադրանք է առաջադրված եղել միայն մեկին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Արմեն Հովհաննիսյանին։ Վերջինս, սակայն արդարացվեց և ազատ արձակվեց։
Ամիսներ անց՝ հանգամանքների բերումով, Արմեն Աղաջանյանին տեղափոխել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ 5 օր անց նրան հայտնաբերել են սավանից կախված վիճակում։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: