Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հաղթած ՆԳՆ կալավայրերի վարչության նախկի պետ Մուշեղ Սաղաթելյանը արդեն մի քանի ամիս հիվանդանոցի վերակենդանացման բաժնում է, ուր տեղափոխվել է ինսուլտ ախտորոշմամբ:
Նրա տղան՝ Սևակ Սաղաթելյանը Forrights.am-ին պատմեց, որ 2008-ի մարտի մեկի ծեծի օրվանից հայրը պարբերաբար գլխացավեր է ունեցել ու բարձր ճնշում:
«Ինչքան գիտեմ, հորս Արաբկիրի այդ ժամանակվա ոստիկանապետն է ծեծել: Մահակներով խփել են գլխին»,- պատմեց Սևակը՝ շարունակելով. «Ոչ միայն Արաբկիրի նախկին ոստիկանապետը, այլև Հայկ Հարությունյանից բռնած պիտի պատասխան տան: Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանն է էդ ամեն ինչը ղեկավարել: Ինքը ռացիայով անձամբ հրահանգել է Մուշեղ Սաղաթելյանին բերման ենթարկել: Դա ինձ էսօր պատմում է մարդ, որն էդ ժամանակ իրանց հետ է եղել, ու պատրաստ է իր երեսին էլ ասի»:
Սևակ Սաղաթելյանն արդարացի է համարում ՄԻԵԴ այսօրվա վճիռը, որում նշվում է, որ Սաղաթելյանի գործով խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ, այդ թվում՝ խոշտանգումներից զերծ մնալու, անձնական ազատության անձեռնմխելիության, արդարացի դատաքննության և ժողովների ու միավորումների ազատության իրավունքները։
«Սա շատ լավ հնարավորություն է, որ մեր իրավապահ մարմիններն անցնեն գործի: Շատ մեծ գործ կա անելու Մարտի 1-ով: Բոլոր էն դատավորները, քննիչները, դատախազները, որ ներգրավված են եղել ակնհայտ ապօրինի, կեղծ, շինծու գործերի մեջ, օր առաջ պիտի պատասխան տան»,-ասաց Սևակը՝ հավելելով, որ Մարտի մեկի ոճրագործության պատասխանատուները պետք է ստանան իրենց արժանի պատիժը և արդարությունը վերականգնվի ՀՀ-ում: «Մենակ մենք չենք, մեր նման հարյուրավոր մարդիկ կան, որ սպասում են արդարադատության: Ու էդ տուգանքները պետք է անձամբ դատավորները փոխհատուցեն, որ արդարացի լինի: Իրենց Հայաստանի հանարպետության անունն են պախարակել»,-նշեց նա:
ՄԻԵԴ վճիռը հրապարակվել է 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Երևանի Ազատության հրապարակում Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ ուժի գործադրման, հետագայում նրա՝ ոստիկաններին դիմադրություն ցուցաբերելու մեղադրանքով դատապարտման կապակցությամբ։
«Ես իր հետ եմ եղել Մարտի մեկին: Առավոտ շուտ տեղեկություն եկավ, որ զորքը դուրս է եկել Դավթաշենից, գալիս է ցրելու նստացույցը»,-պատմեց Սևակը՝ շարունակելով. «Զորքը եկավ, առանց մեծ ու փոքր, կին ու երեխա նայելու, սկսեցին ծեծել: Մենք տարբեր կողմեր գնացինք: Ոստիկանական ուժերի հետ պայքարելով հայրս հասել է կրկեսի մոտ, որտեղից նրան ծեծելով տարել են ոստիկանություն: Գլխին հարվածներ են հասցրել: Ոստիկանական բաժանմունքում էլ են ծեծել»:
Սևակ Սաղաթելյանին ապշեցնում են ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկա արդարացումները: «Հալածանքները, որ մեր Սաղաթելյան ընտանիքը տարել ա, Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին է հիմնականում եղել: Ինչ ասես տեսել ենք. գիշերը ժամը չորսին 40 հոգով ԱԱԾ-ն կարար լցվեր տուն՝ հաշվի չառնելով, որ տանը փոքր երեխեք կան, խուզարկեն ու շատերը ասում էին, որ դա հենց Ռոբերտ Քոչարյանի անձնական հրամանով է»,-պատմեց Սևակը:
Մարտի մեկից հետո կալանավորում են նաև նրա հորեղբորը: «Մեր բոլոր բարեկամների, ընկերների տները անխտիր ԱԱԾ-ն լցվել էր: Դրանք Քոչարյանը մոռացել է երևի: Ինքը պիտի փառք տա Աստծուն, որ էս իշխանությունը թույլ չի տալիս իր նկատմամբ նման բաներ անել: Ռոբերտ Քոչարյանը մարդասպան ա, որ հիմա իրան սրբի տեղ է դրել»:
«Հայաստանում պետք է անցումային արդարադատություն իրականացվի»
Մուշեղ Սաղաթելյանի նախկին պաշտպան Սեդա Սաֆարյանը տարիների պայքարի արդյունք է համարում ՄԻԵԴ-ում հաղթանակը: «Տարիներ շարունակ մենք այս գործի և ընդհանուր Մարտի մեկին տեղի ունեցածի գնահատականի հետ կապված խնդիր ենք ունեցել, և ես ուրախ եմ, որ մեր պայքարի արդյունքում ծնվեց այս կարգի որոշում»,-ասաց Սաֆարյանը:
Ըստ նրա՝ տեղին և ճիշտ ժամանակին է հնչել ՄԻԵԴ-ի գնահատականը՝ հատկապես Հայաստանի ներքաղաքական խմորումների ֆոնին: «Իսկ Մուշեղ Սաղաթելյանի հետ անձնական և քաղաքական խնդիրներ է լուծվել: Սաղաթելյանին հետապնդել և հալածել են: Մարտի մեկի առավոտյան ես եմ առաջինը արձանագրել Սաղաթելյանի վնասվածքները, դեմքին, գլխին հարվածների տեղեր: Մուշեղ Սաղաթելյանի դեմ բռնությունը քենի դրսևորում էր»,-ասաց պաշտպանը:
Սաղաթելյանի վճռով, ըստ փաստաբանի, ՀՀ եռաստիճան դատական համակարգին գնահատական է տրվել նաև մարտիմեկյան մյուս գործերով. «Կարծում եմ, այդ գնահատականները կրկնվելու են: Հայաստանում պետք է անցումային արդարադատություն իրականացվի, քանի որ դատարանները ներկա կազմով չեն կարող արդարադատություն իրականացնել»,-շեշտեց փաստաբանը:
2008 թվականի փետրվարին կայացած նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի Շիրակի մարզի ներկայացուցիչ, կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը ձերբակալվել էր 2008 թվականի մարտի 1-ին: Նույն տարվա հոկտեմբերին նա դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման և 900 հազար դրամ տուգանքի` մեղավոր ճանաչվելով սառը զենք կրելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն կիրառելու մեջ:
«Դատավորները իրենց կամքով եւ ընտրությամբ իրենց իսկ փալաս են դարձրել՝ այլոց արյունոտ ձեռքերը մաքրելու համար»
Ըստ Սաղաթելյանի մյուս պաշտպան Վահե Գրիգորյանի՝ ՄԻԵԴ-ն այս վճռով ճանաչել է, որ դիմողի կալանքը եւ նրան 5 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատական վարույթների արդյունքը՝ դատարանների որոշումները, ՄԻԵԿ իրավունքի իմաստով ապօրինի են եղել եւ հանգեցրել են դիմողի իրավունքների կոպիտ խախտումների։
Ըստ նրա՝ այլ խոսքով, Հայաստանը 2008թ-ի դրությամբ չի ունեցել (առնվազն 2008թ․-ի մարտի 1-ի լույս 2-ի դեպքերի քննության մասով) արդարադատության համարակարգ։ «Իսկ սա նշանակում է, որ այս վճիռը նաեւ մարտիմեկյան դեպքերի «պաշտոնական» վարկածի մահախոսականն է»։
Գրիգորյանի խոսքով՝ այս վճիռը համակարգային մահացու հիվանդության ախտորոշում է․ այն ցույց է տալիս ոչ միայն այն, որ Հայաստանի արդարադատության համակարգը կազմ ու պատրաստ է եղել գործել 1937թ․-ի ոգով եւ մարդկանց դատապարտել երկարաժամկետ պատժաժամկետների՝ «հայրենիքի դավաճանի» կնիքով, այլ այն, որ շատ ավելի վտանգավոր համակարգի հատկություններ է ձեռք բերել։
Ըստ նրա՝ ժամանակն է, որ դատական իշխանությունը ներկայացնի իր դիրքորոշումը, թե ինչպե՞ս է պատկերացնում իր այս համակարգային ախտից ձերբազատվելու ճանապարհը եւ կոնկրետ ի՞նչ գործողություններով։
«Այս պատմության մեջ ինձ համար ամենազարհուրելին ոչ այնքան այն է, թե ինչ է տեղի ունեցել հենց կոնկրետ ռազմական գործողությունների թատերաբեմում, որքան այն, թե ինչ հանգստությամբ եւ սառնասրտությամբ են հետագայում իրենց ապահով առանձնասենյակներում նստած բարձր վարձատրվող եւ սոցիալական բոլոր բարիքներից օգտվող դատավորները իրենց կամքով եւ ընտրությամբ իրենց իսկ փալաս են դարձրել՝ այլոց արյունոտ ձեռքերը մաքրելու համար»,-եզրափակել է Գրիգորյանը։
Մարինե Խառատյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: