Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին տեղեկությունները մամուլում շրջանառվում են մեկ ամսից ավելի, սակայն Բարձրագույն դատական խորհուրդը մինչ օրը չի ստացել որևէ հաղորդում այդ մասով։

ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը Forrights-ին տեղեկացրեց, որ շուրջ մեկ ամիս է զանգահարում են կարգապահաան վարույթի մասին տեղեկություններ իմանալու համար, սակայն իրենք ևս այս ամենից անտեղյակ են.

«Այս պահի դրությամբ, դատավոր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին հաղորդում Բարձրագույն դատական խորհուրդը չի ստացել»,- նշեց Խաչատրյանը։

Նշենք, որ օրենքը երկու ամիս ժամկետ է նախատեսում կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ, ԲԴԽ դիմելու համար:

Տեղեկությունների համաձայն, կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումն Արդարադատության նախարարություն է ներկայացրել ՀՀՔԾ կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանը։ Ըստ «Փաստինֆո»-ի՝ պատճառը «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում հնչեցված գնահատականն է: Այդ գործը քննվել է հենց Մուշեղյանի վարույթում։

Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը Forrights-ի հետ զրույցում հրաժարվեց վարույթի մասին մանրամասներ հաղորդելուց՝ նշելով, որ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ որևէ տեղեկություն հրապարակելն արգելված է․

«Այդ մասին ինֆորմացիան գաղտնի է և փակ։ Ցանկացած դատավորի վերաբերյալ կարգապահական վարույթի մասին տեղեկություն հայտնելու իրավունք մենք չունենք»,- նշեց Մարտիրոսյանը։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում փաստացի հաստատեց տեղեկությունը, հայտնելով, որ կարգապահական վարույթի շրջանակներում հանդիսանալու է դատավոր Ազարյանի ներկայացուցիչը: Նա վստահ է՝ դատավորը պարզապես թիրախավորվել է իշխանությունների կողմից.

«Սա կոպտագույն ոտնձգություն է դատական համակարգի անկախության դեմ: Ալեքսանդր Ազարյանի թիրախավորման պատճառը ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Թավադյանի գործերով կայացված որոշումներն են, այլև՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն ի պատասխան դատավորի արձագանքը։ Երբ վարչապետը հայտարարեց, թե արդյոք կա դատավոր, որ իր ասածը չի անի, Ազարյանը պատասխանել էր՝ինքն է և չի անի»,- իր խոսքում նշում է Աթանեսյանը։

Փաստաբանի պնդմամբ՝ սա ցույց է տալիս, որ առկա է սարսափելի ճնշում գործադիր իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ:.

«Նման բաները չեն ներվում, մինչդեռ՝ պետք է ուրախ լինենք, որ ունենք դատավոր, որ երկրի ղեկավարին նման կերպ է պատասխանում: Ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդում է պարոն Ազարյանի մասնագիտական գործունեության պատճառով»։

Դատավոր Ալեքսանդր Ազարյանը Forrights-ի հետ զրույցում հրաժարվեց իր դիրքորոշումը հայտնել, նշելով, որ նիստն իր ցանկությամբ դռնբաց է լինելու՝ «որպեսզի բոլորի համար պարզ լինի իրականությունը»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով՝ այս դեպքը տիպիկ օրինակ է այն համոզմանը, թե ինչպես են քաղաքականացնում իրավական համակարգը։

«Նախ պետք է նայել կարգապահական վարույթի հարուցման պատճառները։  Եթե դատավորի կարծիք են համարում նրա կողմից  կայացրած որոշումը, ապա նշանակում է, որ կարգապահական վարույթի հիմք այստեղ չկա։ Բացի այդ, մի կարևոր դիտարկում՝ դատավորը քաղաքական գործիչ չէ։ Եթե նման արտահայտություն են անում, ապա հենց իրենք են հիմնավորում, որ դատավորներին դիտարկում են որպես քաղաքական, այլ ոչ՝ արդարադատության սուբյեկտներ»,- Forrights-ի հետ զրույցոմ նշեց իրավապաշտպանը։

Նշենք, որ Ալեքսանդր Ազարյանը համարվում է Հայաստանի լավագույն դատավորներից մեկը։ Նա երկու տարի շարունակ ճանաչվել է տարվա ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավոր։ Այս պահին նա կրկին ունի ամենաբարձր վարկանիշը՝ 53 միավոր:

Դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ, ֆեյսբուքյան որոշ զանգվածի կողմից ճնշումները սկսվեցին 2018թ օգոստոսին կայացված դատական ակտից հետո, որով արձանագրել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի գործառութային անձեռնմխելիություն, ինչը չի հաղթահարվել և վերացրել էր նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը։

Կարգապահական վարույթի մասին տեղեկություններ շրջանառվելուց հետո, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ֆլեշմոբ էր սկսել՝ ի պաշտպանություն դատավոր Ազարյանի։ «Ձեռքերդ հեռու դատավոր Ազարյանից» գրությունը հայտնվել է փաստաբաններ Ռուբեն Մելիքյանի, Զորայր Հարությունյանի, Արամ  Վարդևանյանի, Ինեսսա Պետրոսյանի և այլ փաստաբանների գլխավոր նկարների վրա։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest