Հայաստանի իշխանության և Հայ առաքելական եկեղեցու՝ արդեն մեկ տարուց ավելի շարունակվող առճակատման թեման չի շրջանցվել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում: Ստրասբուրգում հարցը բարձրացրել է բրիտանացի պատգամավոր, ԵԽԽՎ-ում պահպանողականների խմբում ընդգրկված Էդուարդ Լեյը՝ մեղադրելով Հայաստանի իշխանություններին կրոնական ինքավարության վրա հարձակման համար: Նրան հակադարձել է ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը՝ վստահեցնելով, որ Հայաստանի կառավարության նպատակը եկեղեցին պաշտպանելն է:
«Այն, ինչին մենք ականատես ենք լինում, սովորական քաղաքական տարաձայնություն չէ. սա հաշվարկված հարձակում է կրոնական ինքնավարության վրա», – հայտարարեց պատգամավորը՝ պնդելով, որ Գարեգին երկրորդը «ահռելի ճնշման տակ է» և հիշատակեց Փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, որում ամրագրվել է նաև կաթողիկոսին գահից հեռացնելու նպատակը:
Բրիտանացի պահպանողական պատգամավորը խոսեց նաև «եկեղեցու ճգնաժամի» վերաբերյալ Հայաստանի կառավարության վերջերս հրարապարակած զեկույցից, որը խիստ քննադատության է արժանացել հայաստանյան մի շարք իրավապաշտպանների կողմից:
«Պետական մեխանիզմների կիրառումը՝ հնագույն եկեղեցական օրենքները նորից գրելու համար, մարդու իրավունքների և կրոնական ազատության կոպիտ խախտում է:
«Պատճառն այն է, որ այն անձը, ով այս պահին զբաղեցնում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը, անմիջականորեն ներգրավված է Հայաստանի պետությունը տապալելուն ուղղված ապօրինի գործողություններում։ Նրա եղբայրը գործակալ է, միջազգային գործակալ՝ հաստատված ապացույցներով ու փաստաթղթերով, այն երկրի [Ռուսաստանի], որը մանիպուլյացիայի է ենթարկել …», ասել է Հռիփսիմե Գրիգորյանը:
Անդրադառնալով բարձրաստիճան հոգևորականների դեմ քրգործերին՝ Գրիգորյանն ընդգծեց. «Եպիսկոպոսները ձերբակալված չեն եպիսկոպոս լինելու համար։ Նրանց դեմ կան քրեական գործեր։ Մենք չէ, որ պետք է որոշենք, այլ դատարանը պետք է կայացնի վերջնական որոշումը։ Այնուամենայնիվ, այս քրեական գործերը վերաբերում են քաղաքացիական անձանց՝ Հայաստանի ժողովրդի դեմ ենթադրյալ ահաբեկչական գործողություններին»։
Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունն (CSI) ուսումնասիրել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու մասին զեկույցը և ամբողջությամբ մերժել այն: Այս մասին նշված է կազմակերպության հրապարակած հայտարարության մեջ։
«Հակառակ այն ամենին, ինչ ասվում է զեկույցում, եկեղեցում առկա ճգնաժամը հենց կառավարության ձեռքի գործն է»,- նշված է կառույցի հայտարարության մեջ։
Շեշտվում է՝ զեկույցը պատրաստվել է վարչապետի անմիջական ցուցումով՝ իր մամուլի ծառայության կողմից։ Նշվում է, որ զեկույցը կազմվել է հիմնավորելու այն վճիռը, որը կայացվելու է Կաթողիկոսի դեմ դատարանի կողմից հետագայում։
CSI-ն հիշեցնում է, որ 2023թ-ին Արցախի հայ բնակչությունը բռնի տեղահանվեց։ Նշում են՝ ի պաշտպանություն սգավոր և տեղահանված ժողովրդի հանդես գալն անօրինական քաղաքական գործունեություն չէ, այլ համապատասխանում է այն դերին, որը Սահմանադրությունը վերագրում է եկեղեցուն։
Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող արշավի վերաբերյալ ՄԻԵԴ-ում վերաքննիչ բողոքարկման հայցերի նախագծերը վաղուց են պատրաստվել, և պաշտպանական կողմը սպասում է Էջմիածնի Մայր Աթոռի որոշմանը՝ գործելու համար: Այս մասին «Սպուտնիկ Արմենիայի» հետ հարցազրույցում հայտարարել է փաստաբան Արա Զոհրաբյանը: «Կաթողիկոսի դիրքորոշումը հայրական և հանդուրժողական է: Հնարավոր է՝ ես բացահայտում եմ ներքին խոհանոցի մի մասը, բայց մենք դժվար ենք առաջ շարժվում, քանի որ Պատրիարքի մոտեցումը միշտ հետևյալն է՝ «սա մեր պետությունն է»», – նշել է փաստաբանը:
Զոհրաբյանը վստահ է, որ Գարեգին Բ-ն անսասան է: «Մենք քննարկել ենք տարբեր սցենարներ: Կաթողիկոսը պատրաստ է վատագույնին: Նրանք չեն կարողանա կոտրել նրան՝ բարեբախտաբար մեզ համար և, դժբախտաբար, կառավարության փաստացի ղեկավարի համար: Պատրիարքը շատ դիմացկուն գործիչ է», – նշում է փաստաբանը:
Մինչդեռ Հայ Առաքելական Եկեղեցու Դամասկոսի, Գերմանիայի և Իրաքի թեմերի առաջնորդներ՝ եպիսկոպոսներ Արմաշ Նալբանդեանը, Սերովբե Իսախանյանը և Օշական Գյուլգյուլյանը, կոչ են արել Էջմիածնում գումարել Եպիսկոպոսական ժողով ոչ ուշ, քան 2027 թվականի կեսերը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից պատրաստված «Հայ Առաքելական Եկեղեցու ճգնաժամի մասին զեկույցը»։
«Հրապարակված զեկույցին չի կարելի մոտենալ քաղաքական նախասիրությունների՝ ո՛չ դրա կույր պաշտպանության, ո՛չ էլ ուղղակի ժխտման տեսանկյունից», – ասվում է հայտարարության մեջ։
Նրանց կարծիքով, կարևոր է հնարավորինս շուտ ապահովել Հայ Առաքելական Եկեղեցու կանոնական մարմինների բնականոն գործունեության վերականգնումը, և մինչև հաջորդ տարվա կեսերը Եպիսկոպոսական ժողովի անցկացումը կարող է լինել այս ուղղությամբ առաջին գործնական քայլը։
Հիերարխները կոչ են արել ՀՀ իշխանություններին ապահովել սփյուռքի թեմերում ծառայող եպիսկոպոսների անարգել մուտքը Հայաստան և նրանց վերադարձը իրենց երկրներ՝ Եպիսկոպոսական ժողովին մասնակցելուց հետո։
Step1.am
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: