Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է, որ 2016 թվականին եղել է Արցախի Հանրապետություն։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց փաստաբան Սիրանուշ Սահակյանն՝ անդրադառնալով Արցախի ՊԲ մայոր Հայկ Թորոյանի գործով ՄԻԵԴ կայացրած վճռին։
«Ադրբեջանի ներկայացուցիչները դատական գործընթացներում անընդհատ պնդում էին, որ դիմումատուները հստակեցնեն, թե ճանաչված ո՞ր պետության քաղաքացիներ են։ Հասկանալի է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներ էին, եւ Ադրբեջանն անընդհատ ասում էր՝ անընդունելի է, որովհետեւ քաղաքացիություն չունեն։ Հասկանալի է, որ այս փաստարկները միջազգային իրավունքում գոյություն ունենալ չեն կարող։ Նաեւ Արդարադատության միջազգային դատարանն է ճանաչում չճանաչված պետությունների այն փաստաթղթերը, որոնք առնչվում են քաղաքացիական կացության ակտերի գրանցմանը՝ ծնունդ, քաղաքացիություն, մահ։ Կապ չունի, թե փաստաթուղթ տրամադրողն ով է։ Բայց ի՞նչն է ուրախալի, կարծում եմ՝ Ադրբեջանն ընդունում է սեփական հանցանքը, քանի որ իրենց հաղորդագրության մեջ նրանք ոչ թե մերժում են իրենց ոճրագործությունը, այլ վրավորված են դատարանից, որ դատարանը տվյալ ժամանակահատվածի իրողություններն արձանագրել է։ Այսինքն՝ այո, ՄԻԵԴ-ն արձանգարել է, որ 2016 թվականի եղել է Արցախի Հանրապետություն, որը թեեւ ճանաչված չի եղել, սակայն կենսունակ քաղաքական տարր է եղել, որը ներկայացված է եղել անգամ միջազգային հարթակներում։ Եվ սա ցույց է տալիս, որ կատարված խախտումը հերքելու, մերժելու բոլոր ջանքերը ապարդյուն են»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։
Նա նշեց, որ Նախարարների կոմիտեն պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա այնքան ժամանակ, քանի դեռ դատական ակտի պահանջները բավարարված չեն։ «Այստեղ շատ կարեւոր է նաեւ ՀՀ դիրքորոշումը, կցանկանայի լսել նաեւ ՀՀ հաղորդագրությունը վճռի վերաբերյալ»,- ասաց նա։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: