Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով ՄԻԵԴ կայացրած վճիռը կարեւոր նշանակություն ունի՝ արձանագրելու Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունները։ Հայկ Թորոյանի խոշտանգման, այնուհետեւ գլխատման դեպքը ոչ միայն մարդու իրավունքների խախտում է, այլ նաեւ պատերազմական ծանրագույն հանցագործություն։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը։
Նա նշեց, որ այս գործի շրջանականերում աշխատանք իրականացրած փաստաբանների խումբն ուներ էական ապացույցներ, որոնք փաստում էին, որ ադրբեջանցի զինծառայողները 2016 թվականի քառօրյա պատերազմի օրերին ներխուժել էին Թալիշ եւ նաեւ քաղաքացիական անձանց նկատմամբ էին իրականացրել ոճրագործություն, սպանություն ու մարմինների խեղում։ Ըստ նրա՝ Եվրոպական դատարանն ընդունել է հայկական կողմի բոլոր փաստարկները եւ այս հանցագործության նկատմամբ ճանաչել Ադրբեջանի իրավազորությունը եւ իր զինծառայողների կողմից սա կատարելու փաստը։
Մելքոնյանի խոսքով՝ ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմն ունեցել էր նաեւ այլ զինծառայողների գլխատման դեպքեր։ Այդ անպատժելիությունը ծնեց մի իրավիճակ, երբ արդեն 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին հայկական կողմն ունեցավ շուրջ 30 գլխատման դեպքեր, այդ թվում՝ գլխատումներ քաղաքացիական անձանց շրջանում, ծերերի, կանանց նկատմամբ դաժան վերաբերմունք։
Արաքս Մելքոնյանը նաեւ ասաց, որ ՄԻԵԴ այս վճիռը կարեւոր դեր ունեցավ նաեւ Արցախի էթնիկ զտման հարցում։ Նրա խոսքով՝ 2023 թվական սեպտեմբերին, երբ Արցախը գրավվեց ադրբեջանցիների կողմից, շատ էր հնչում այն հարցադրումը, թե ինչպե՞ս կարող են արցախցիները մնալ Արցախում, եթե նման հանցագործություններ են կատարվել ադրբեջանցիների կողմից, իսկ հանցագործները մնացել են անպատիժ։ Այսինքն՝ սա փաստեց՝ չկար այլ տարբերակ, քան Արցախը լքելը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: